Վերլուծություն

Ինչո՞ւ է Թուրքիան ուկրաինական հարցում «անպոչ գդալի նման» ռուս-ամերիկյան ոտքերի տակ ընկնում

Ուկրաինական պատերազմի դադարեցման սկսված գործընթացի շրջանակներում ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ ռաունդը փետրվարի 27-ին տեղի ունեցավ Ստամբուլում։ Ի տարբերություն փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում տեղի ունեցած առաջին բանակցությունների, որը գլխավորում էին երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները, ստամբուլյան հանդիպումը փորձագիտական մակարդակի էր, իսկ օրակարգային հիմնական հարցը միմյանց երկրներում ԱՄՆ-ի և ՌԴ-ի դեսպանատների գործունեությունն ամբողջ ծավալով վերսկսելու խոչընդոտների վերացումն էր։

Տվյալ դեպքում, սակայն, ուշագրավը ոչ այնքան այս միջանկյալ արդյունքի արձանագրումն էր, այլ ինքնին բանակցությունների երկրորդ փուլը Թուրքիայում անցկացնելու հանգամանքը։

Թուրքական խանդ և խարդավանքներ

Փետրվարի 18-ին, երբ ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատվիրակությունները Սաուդյան Արաբիայում անցկացնում էին առաջին խորհրդանշական հանդիպումը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ընդունում էր Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն։ Չնայած վերջինս Անկարայում մի քանի ժամ մնաց, սակայն Էր Ռիադի բանակցությունների ֆոնին՝ Էրդողանի և Զելենսկու կողմից արվեցին ուշագրավ հայտարարություններ։ Մասնավորապես, Զելենսկին հայտարարեց, որ չեն ընդունելու առանց Ուկրաինայի մասնակցության բանակցությունների՝ Ուկրաինայի վերաբերյալ ցանկացած արդյունք։ Բացի այդ, նա նշեց, որ ուկրաինական խաղաղության բանակցային գործընթացում ոչ միայն Կիևը, այլ նաև Եվրոպան և․․․ Թուրքիան պետք է մասնակցություն ունենան։ Սա այն դեպքում, երբ խնդրին մինչ այդ անդրադառնալիս Զելենսկին երբեք Թուրքիայի մասնակցության անհրաժեշտության մասին չէր հիշատակել։

Ավելին, միայն Անկարա մեկնելուց հետո պարզ դարձավ, որ Զելենսկին անորոշ ժամանակով հետաձգում է հաջորդ օրը՝ փետրվարի 19-ին, Էր Ռիադ կատարելիք այցը։ Սա այլ կերպ, քան դեմարշ ոչ միայն Էր Ռիադում անցկացվող բանակցության, այլև ինքնին Սաուդյան Արաբիայի՝ որպես բանակցությունների հարթակի կամ միջնորդի դերակատարության դեմ, չէր կարելի գնահատել։

Էրդողանն, իր հերթին, Զելենսկու հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում հայտարարեց, որ Թուրքիան միանշանակ պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Բացի այդ, Էրդողանը նաև նշեց, որ Թուրքիան պատրաստ է լինել հարմար վայր ուկրաինական խաղաղության  ցանկացած բանակցության համար։

Ըստ էության՝ այս կերպ թուրքական իշխանություններն ի ցույց դրեցին թե ինչպիսի խանդով են մոտենում ուկրաինական խնդրի կարգավորման գործընթացի շրջանակում Սաուդյան Արաբիային վերապահվող դերակատարմանը, ինչպես նաև պորզորոշ դարձրին բանակցային միջնորդի «վերմակն իրենց վրա քաշելու» հավակնությունը։ Այս իմաստով, թերևս, պատահական չպետք է համարել, որ փետրվարի 23-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Թուրքիա կատարած այցից հետո ռուս-ամերիկյան բանակցությունների երկրորդ փուլն անցկացվեց հենց Թուրքիայում։ Եվ պետք է ենթադրել, որ դա Լավրովի հետ պայմանավորվածությունների արդյունքում տեղի ունեցավ՝ այն նկատառումով, որ նախորդիվ՝ Էր Ռիադի հանդիպման վայրի ընտրությունն էլ եղել էր ԱՄՆ-ի նախաձեռնությամբ։  

Հարց է առաջանում, ո՞րն է այս գործընթացում Անկարայի անհանգստության և դրանից բխող ներկայիս նախաձեռնողականության իմաստը․ ինչո՞ւ է Անկարան, ինչպես ասում են՝ «անպոչ գդալի նման» իրեն գցում ռուս-ամերկյան այս գործընթացի մեջ։

Թուրքական վախեր և հնարավոր գործարքներ 

Նախ՝ պետք է ասել, որ Թուրքիան ռուս-ուկրաինական հակամարտության մեջ, թվացյալ «խաղաղարարի» կերպարով ներկա է եղել գրեթե միշտ։ Գործնականում՝ արդեն 2022թ․ սկզբներից, Թուրքիան առաջարկեց լինել երկու կողմերի շփումների հարթակ։ Սկզբում՝ 2022թ․ մարտին, Անթալիայում Ուկրաինայի և Ռուսաստանի արտգործնախարարների, ապա դրան հաջորդած երկու երկրների պատվիրակությունների հանդիպումների, դրանից հետո շարունակված բանակցությունների արդյունքում գրեթե համաձայնեցվել էր հաշտուցյան համաձայնագիրը։ Հետո «թուրքական հարթակում» հակամարտող կողմերն սկսեցին քննարկել արդեն «հացահատիկային գործարքը», ավելի ուշ՝ նաև գերիների փոխանակման, հետագայում նաև՝ Սև ծովում նավարկության անվտանգության հարցերը։ Այս դերակատարությունը լրջորեն բարձրացնում էր Թուրքիայի տարածաշրջանային կշիռը, որից հրաժարվել Անկարան, բնականաբար, չի ցանկանում։ 

Երկրորդ՝ Անկարան արագ ըմբռնեց, որ ուկրաինական ճգնաժամի հարցով ռուս-ամերիկյան օրակարգը շատ ավելի ընդգրկուն է, քան կարելի էր սպասել։ Այն շոշափում է նաև մերձավորարևելյան տարածաշրջանի, այդ թվում նաև Սիրիայի հիմնահարցը։ Դրա մասին էր վկայում փաստը, որ Էր Ռիադի բանակցություններին ամերիկյան պատվիրակության կազմում մասնակցում էր նաև Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։ Բացի այդ, նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էր ակնարկել բանակցություններում մերձավորարևելյան թեմատիկան ընդգրկված լինելու մասին։ Նկատի ունենալով, թե Մերձավոր Արելքում ինչ կենսական շահեր է հետապնդում Սիրիան «սեփականացրած», ծավալապաշտական հովերով տարված Անկարան, ակնհայտ է, որ վերջինս չի ուզում հայտնվել երկրորդային դերակատարի կարգվիճակում և դիրքերը զիջել մանավանդ տարածաշրջանում իր հեղինակությունը շարունակաբար բարձրացնող Սաուդյան Արաբիային։

Երրորդ՝ պետք է նկատի ունենալ նաև, որ որքան էլ Թուրքիան փորձում է իրեն դիրքավորել ուկրաինական պատերազմը կանգնեցնելու շահագրգիռ կողմի կարգավիճակում, հենց Թուրքիան է ամենից ավելի շահագգռված այդ հակամարտության շարունակման մեջ։ Դրա արդյունքում Թուրքիան վերածվել է էներգետիկ առանցքային հաբի, Ուկրաինայում բացել է անօդաչու թռչող սարքերի՝ «Բայրաքթարի» արտադրություն և ազդեցություն ձեռք բերել ուկրաինական ռազմարդյունաբերությունում։

Թուրքիան նաև չի կարող անտարբերության մատնել Ղրիմը։ Ռուս-ուկրաինական հնարավոր բանակցություններում միջնորդի կարգավիճակ ունենալն Անկարան դիտարկում է որպես Ղրիմի վերջնական ռուսականացումը կանխելու թեկուզ թույլ, բայց՝ հնարավորություն։ Վաշինգտոնի նոր վարչակարգի կողմից հնչող թեզիսներն առկա շփման գծով ռազմական գործողությունները կանգնեցնելու և ստատուս քվո հաստատելու վերաբերյալ Անկարայում ընկալում են, թերևս, որպես ուկրաինական գրավված տարածքների ռուսական անեքսիան առնվազն ԱՄՆ-ի կողմից լեգիտիմացնելու «միջանցք», ինչը բացարձակապես չի տեղավորվում թուրքական շահերի ծիրում։ Անկարան չի ոզում կորցնել այդ հարցի վրա անգամ չնչին ազդեցություն վերջին թելերը։ 

Չորրորդ՝ իր միջնորդական ջանքերը, սեփական շահերի գոտուն, այդ թվում նաև Հարավային Կովկասին առնչվող խնդիրների համատեքստում Անկարան դիտարկում է որպես Մոսկվային «թանկ գնով վաճառելու» հնարավորություն։ Պատահական չպետք է համարել, որ փետրվարի 23-ին ՌԴ արտգործնախարար Լավրովի՝ Թուրքիա կատարած այցի շրջանակներում քննարկված հիմնական հարցերից մեկը եղել է Հարավային Կովկասը։ Թուրքիայի իր գործընկերոջ՝ արտգործանարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպումից հետո Լավրովն ընդգծել էր, որ բանակցություններում «հատուկ ուշադրություն են դարձրել կողմերի միջև վստահության ամրապնդմանը, ենթակառուցվածքների և տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնմանը, Հարավային Կովկասի տարածաշրջանում «3+3» ձևաչափի շրջանակներում համագործակցությանը»։

Ի դեպ, հատկանշական է, որ Լավրովի այդ այցից հետո Անկարա շտապեց նաև Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը․․․       

Գոռ Աբրահամյան