ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը Դաշնակցության 35-րդ Ընդհանուր ժողովում հայտարարել է ԼՂ-ին միջանկյալ կարգավիճակ շնորհելու անհրաժեշտության մասին։
«Արցախին միջանկյալ կարգավիճակ պետք է շնորհվի, և արցախցիները միջազգային երաշխքիներով պետք է վերադառնան իրենց հայրենիք»,- ասել է նա և միաժամանակ ընդգծել է, որ այժմ Դաշնակցության կառույցները լոբբիստական աշխատանքներ են իրականացնում այդ ուղղությամբ:
«Իյա՞, իրո՞ք»,- կարձագանքեր մեր ժամանակների դասականը՝ ՀՅԴ-ականներից ԼՂ-ին միջանկյալ կարգավիճակ շնորհելու մասին հայտարարությունը լսելով։ Իսկապես զարմանալի է ՀՅԴ-ականների՝ նման համեստ «ախորժակը»։ Նրանք ոչ թե Ղարաբաղի անկախության մասին են խոսում, ոչ թե Հայաստանի վերամիավորման, ոչ թե ծովից ծով Հայաստանի, ոչ թե Բաքուն ու Ստամբուլն արյան ծով դարձնելու, այլ՝ համաձայն են ԼՂ-ին գոնե «միջանկյալ» կարգավիճակ տալուն, դեռ հավելում, որ պետք է լոբբիստական աշխատանքներ կատարվեն այդ ուղությամաբ։ Մի հանգամանք, որ զարմանք է առաջացնում։
1997թ. երբ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը բանակցություններում համաձայնվել էր Փուլային տարբերակին, այնտեղ հստակ ֆիքսվում էր Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակ շնորհելու մասին, ընդ որում՝ այդ միջանկյալ կարգավիճակը ճանաչվում էր միջազգային հանրության կողմից։ Ընդ որում, չենք դադարի հիշեցնել, որ Փուլային տարբերակը միակն էր, որտեղ որևէ խոսք չկար Ադրբեջանի տարածքային ամբողջականության իրավունքի մասին, որևէ հիշատակում։
Եվ ՀՅԴ-ականները ոչ միայն դեմ էին ԼՂ խնդրի կարգավորման այդ տարբերակին, այլև այն համարում էին պարտվողական։ Նրանք Ղարաբաղի համար անկախությունից բացի այլ կարգավիճակ չէին ուզում տեսնել, միաժամանակ, մերժելով փոխզիջումային ցանկացած քայլ։
«Ինձ հարկավոր է 500.000 և ըստ որում՝ միանգամից»,- կասեր մեծ կոմբինատոր Օստապ Բենդերը՝ Շուրա Բալագանովի հետ ծանոթանալիս։ Նույնը, փաստորեն, ՀՅԴ-ականների դեպքում էր։ Ընդ որում, տարիներ շարունակ ՀՅԴ-ականներն առաջ են տարել թեզը, թե խնդրի կարգավորման փուլային տարբերակը ոչ այլ ինչ է, քան պարտություն և ուզում էին «կապույտ եզրագծերով սկուտեղով» անկախությունը միանգամից։
Ի դեպ, ԼՂ-ին միջանկյալ կարգավիճակ տալու մասին արձանագրում կա նաև հետագայում ներկայացված Մադրիդյան սկզբունքներում, որը ևս քայլերի իր հաջորդականությամբ նման էր փուլային տարբերակին, բայց այս անգամ հայկական կողմի համար շատ ավելի վատ ձևակերպումներով, էլ չհաշված՝ ուժերի այն անհավասարակշիռ բալանսը, որ առաջացել էր 1997-98թ հետո։ Եվ ՀՅԴ-ականները անգամ 44-օրյա պատերազմից հետո բազմիցս հայտարարել են, որ դեմ էին ու շարունակում են դեմ լինել Մադրիդյան սկզբունքներին։
Բայց հիմա, երբ Ղարաբաղը կորսված է, երբ այլևս հայկական բնակչություն չկա այնտեղ, երբ խնդիրն ըստ էության փակված է, հանկարծ ՀՅԴ-ականների մոտ մտքի պայծառացում է սկսվել, ու նրանք արդեն համաձայն են ԼՂ-ի միջանկյալ կարգավիճակին։ Համաձայն են, բայց այլևս նման կարգավիճակ տվող չկա, որովհետև չկա նաև ԼՂ խնդիրը, որովհետև արդեն այնտեղ հայ բնակչություն չկա։
Սրանից ուղիղ 27-28 տարի առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը նախազգուշացնում էր՝ «Հակամարտության չկարգավորման դեպքում մեկ-երկու տարի հետո անհամեմատ թուլանալու են։ Այն, ինչ մերժում ենք այսօր, ապագայում խնդրելու, բայց չենք ստանալու, ինչպես բազմիցս եղել է մեր պատմության մեջ»։ Նաև հիշեցնում. «Այսօր մենք, ինչպես Բաթումից ու Ալեքսանդրապոլից առաջ, թերևս Ղարաբաղի հարցի նպաստավոր լուծման և Հայաստանի բարգավաճման վերջին պատեհությունն ենք կորցնում։ Եվ դրա համար մենք բոլորս էլ պատասխան ենք տալու մեր ժողովրդին»։
Բայց այն ժամանակ ՀՅԴ-ականները (ու ոչ միայն նրանք) աղմկում էին։ Աղմկում՝ փորձելով խեղդել ռացիոնալ խոսքը, բազմախոսությամբ ու դատարկաբանությամբ, հայրենասիրական ճառերով ու կենացներով խաբում ժողովրդին։ Իսկ հիմա, երբ բանը բանից անցել է, հանկարծ հետին թվով նրանց մոտ պայծառացում է։
Ճիշտ և ճիշտ նույնկերպ, ինչ առաջին հանրապետության օրոք, երբ ՀՅԴ-ական ղեկավարները միայն ետին թվով հասկացան ու գիտակցեցին իրենց սխալները, բայց արդեն ուշ էր։ Նորօրյա ՀՅԴ-ականները դեռ չեն գիտակցել իրենց սխալները, առնվազն չեն խոստովանել այդ մասին, բայց նման ելույթներով ուզում են նախկինում ունեցածը ստանալ, որ ավաղ չկա։
«Մենք պարտվեցինք՝ չկարողանալով հասկանալ ժամանակի ընթացքը: Ժամանակը կարևորագույն ֆակտոր է քաղաքականության մեջ: Մի բան, որ կարող էինք անել որևէ պահի, ոչ մի երաշխիք չկա, որ հաջորդ պահին դա կարող ենք անել: Դա մենք չզգացինք, մեր իշխանությունները չզգացին այդ պահը». Տեր-Պետրոսյանի այս խոսքերը ևս արժեր հիշել։ Իմաստը հասկանալը նույնպես չէր խանգարի։
Արման Գալոյան