ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հայտարարություններն ուշագրավ էին։ Նախ՝ նա հայտարարել է, թե իրենց համար Հայաստանում իշխանափոխության հարցն առաջնային է։ Ապա հավելել. «Տպավորություն են փորձում ստեղծել, թե «Հայաստան» դաշինքը ասել է՝ սպասում ենք 26 թվի ընտրություններին։ Նման բան չի ասվել։ Եւ հետո, մենք մեր գործունեությամբ բազմիցս ցույց ենք տվել՝ եթե ընտրությունների սպասող լինեինք, շատերի պես կպատրաստվեինք ընտրության»։
Այս հայտարարություններից հետո, իհարկե, ճիշտ կլիներ, եթե Իշխան Սաղաթելյանը մանրամասներ՝ ի՞նչ են անում իրենք, և իրենց գործունեության հատկապես ո՞ր դրվագով են ցույց տվել, որ ընտրություններին սպասող չեն։
Հիշո՞ւմ եք՝ «Հայաստան» խմբակցությունը 2022թ. գարնանը դուրս էր եկել փողոցային պայքարի, հետո, մի քանի ամիս անց, վերադարձան ԱԺ դահլիճ, թե՝ եկել են «սեփական օրակարգով»։ Նաև՝ սեփական օրակարգն էին հրապարակել՝ անվստահություն հայտնել կառավարությանը։ Բայց առ այսօր այդ ուղղությամբ ընդդիմադիր խմբակցություններն այդպես էլ որևէ նախաձեռնություն չարեցին։ Իհարկե, կա նաև օբյեկտիվ պատճառ. նրանք չունեն բավարար թվով պատգամավորներ՝ հարցն օրակարգ մտցնելու համար, էլ ուր մնաց՝ ԱԺ դահլիճում գործը հասնի քվեարկության։
Բայց վերադառնանք Իշխան Սաղաթելյանի հայտարարություններին, թե իրենք իրենց գործունեությամբ «բազմիցս ցույց են տվել», որ 2026թ. ընտրություններին սպասողը չեն։ Իսկ ի՞նչ է անում խմբակցությունը, ի՞նչ գործունեություն է ծավալում։ Տևական ժամանակ է՝ նրանք ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին գրեթե ողջ խմբակցությամբ գրանցվում են, հարցեր տալիս, (ընդ որում, շատ հաճախ՝ անատամ, ինչ-որ երրորդական թեմաների մասին), կամ եթե խոսք է գնում քաղաքական լրջագույն խնդիրների մասին՝ ամեն ինչ սկսվում ու ավարտվում է մանիպուլյացիաներով, գոռգոռոցներով, և ցուցադրական շոուներից այնկողմ չեն անցնում։ Ընդամենը այդ օրվա համար ապահովում են տեսարաններ խորհրդարանական դահլիճում և վերջ, միաժամանակ, այդպես, օգնելով իշխանությանն՝ ավելի ամրապնդել իր դիրքերը։
Խորհրդարանական ընդդիմությունը հրաժարվեց անգամ մանդատները վայր դնելուց՝ փոխարենը գերադասելով կառչել պատգամավորական աթոռից, աշխատավարձ ստանալ, գործուղումների մեկնել ու այսպես շարունակ։ Իսկ մանդատները վայր դնելն իսկապես կարող էր լուրջ անհարմարություն պատճառել իշխանությանը և, ըստ էության, քաղաքական ճգնաժամ ստեղծել։
Ի դեպ, Իշխան Սաղաթելյանին նաև հարց է տրվել, թե մինչև 2026թ․ ինչ պետք է անի ՀՅԴ-ն, և նա մի տեսակ քմծիծաղով պատասխանել է. «Բազմաթիվ ուժեր բազմաթիվ պլանների մասին են խոսում։ Խնդրեմ՝ թող միշտ փորձեն ուժերը։ Բայց իմացեք՝ մենք միշտ ունենք ծրագիր, միշտ ունենք նախապատրաստական աշխատանք, և երբ վերջնական ի մի կգա այդ ամենը, կխոսենք»։
Համաձայնվեք՝ տարօրինակ հայտարարություն է. եթե իրենց համար իշխանափոխությունն առաջնային է, եթե միշտ ունեն իրենց ծրագիրը, ապա ինչո՞ւ գործի չեն դնում ու չեն հասնում բաղձալի արդյունքի։ Ընդհակառակը, փորձում են հասարակությանը կերակրել «ավետյաց երկրի». տեսլականով, թե՝ «երբ վերջնական ի մի կգա այդ ամենը, կխոսենք»։
Իսկ միգուցե իրենց դեպքում երբեք էլ «ի մի չգա», որովհետև նախկինների վերադարձն այն գլխավոր արգելակն է, որ հասարակությունը չի ուզում ոչ մի դեպքում։
Ու վերջապես, միգուցե խորհրդարանական ընդդիմությունն իր մեջ ուժ գտնի և խոստովանի, որ վաղուց սպառել է իրեն, սպառել՝ «մինչև քոքը մաշվելով» ու հեռանա քաղաքական ասպարեզից (մանդատները վայր դնելն այս ուղղությամբ իրապես գործնական քայլ է)։ Սա, ի դեպ, ավելի ազնիվ է, քան հազարավոր ճառերն ու ճամարտակությունները։
Արման Գալոյան