ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը շատ ակտիվ էր ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստում։ Նա եվրոպացի պատգամավորների մոտ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին, ապա՝ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին ուղղված հարցադրումներ հնչեցրեց՝ կապված ընդդիմադիր գործիչների քրեական գործերի, կալանավորումների ու, ընդհանրապես, մարդու իրավունքների հետ։
Ասել, որ Մամիջանյանի հարցադրումները զուրկ էին հիմքից, ազնիվ չէ։ Կան խնդիրներ։ Դրանց մասին խոսեց նաև Սրբուհի Գալյանը՝ ասելով, թե նախարարության համար մտահոգիչ է որպես խափանման միջոց նշանակված կալանքների քանակական աճը։
Սակայն ուշագրավն այն է, որ Հայկ Մամիջանյանն իր այս հարցադրումներն անում էր եվրոպացի պատգամավորների ներկայությամբ, այլ կերպ ասած՝ ներքին հարցերը բարձրացնում էր օտարների մոտ։
Այս հարցին ուշադրություն չէինք դարձնի, եթե չլիներ մեկ այլ հանգամանք. ժամանակին, երբ ՀՀԿ-ն էր իշխանության, և ընդդիմությունը ԵԽԽՎ-ում կամ միջազգային տարբեր կառույցներում բարձրաձայնում էր մարդու իրավունքների հետ կապված խնդիրները, «Մարտի 1»-ի դեպքերով շինծու քրեական գործերով կալանավորված, ապա դատապարտված քաղբանտարկյալների հարցերը, այն ժամանակվա իշխանությունները նեղսրտում էին, թե «կեղտոտ սպիտակեղենը երկրից դուրս են հանում»։
Առանձին մեծ պատմություն դարձավ ԵԽԽՎ-ում պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցը Սերժ Սարգսյանին, երբ հետաքրքրվել էր կազինոյում գումարներ տանուլ տալու մասին։ Նրան անգամ հանեցին ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության կազմից։ 2004 թվականին էլ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանն էր մեղադրել ընդդիմադիրներին՝ Եվրոպայում Հայաստանի ներքին խնդիրները բարձրաձայնելու համար և հայկական պատվիրակության այն ժամանակվա անհաջողությունները բացատրել դրանով։
Հիմա, փաստորեն, նման գործելաոճ է որդեգրել Մամիջանյանը։ Նույն այն գործելաոճը, որի համար իրենք որպես իշխանություն, քննադատում էին ընդդիմությանը։
Բայց այս ամենի մեջ մեկ այլ էական հանգամանք էլ կա. «Պատիվ ունեմ» խմբակցությունը տևական ժամանակ է՝ բոյկոտում է ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը։ Մինչդեռ, այս նույն հարցադրումները կարելի էր անել հենց ԱԺ դահլիճում, նույն հարցերը կարելի էր տալ Սրբուհի Գալյանին կամ Արփինե Սարգսյանին հենց այնտեղ, ոչ թե միջազգային գործընկերների ներկայությամբ, որքան էլ այդ հարցադրումների մեջ ռացիոնալության հատիկներ լինեն։
Բայց այդպես չի վարվում՝ գերադասելով պաշտոնյաներին անհարմար դրության դնել հենց օտարերկրացիների մոտ։ Ազնի՞վ է նման գործելաոճը, թե՞ ոչ, թողնում ենք ընթերցողների դատողությանը։
Արման Գալոյան