Վերլուծություն

Ռուս-ամերիկյան տանգո՝ Ուկրաինայի բզկտված քարտեզի վրա

Սաուդյան Արաբիայում փետրվարի 18-ին ԱՄՆ և Ռուսաստանի պատվիրակությունների միջև տեղի ունեցած առաջին բանակցություններից հետո երկու կողմերն էլ լավատեսական նոտաներ հղեցին։ Սակայն այն, ինչ տեղի է ունենում սկսված այդ գործընթացի խորապատկերին, ավելի շատ հարցեր է առաջացրել և հարուցել անկանխատեսելի հետևանքներով հղի գլոբալ խառնաշփոթ թե՛ պատերազմի, թե՛ Ուկրաինայի և թե,՛ առհասարակ, համաշխարհային անվտանգության ապագայի առումով։ 

Նախ, հիմնական շահառուն՝ Ուկրաինան, այդ հանդիպմանը հրավիրված չէր։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, ով ավելի վաղ հայտարարել էր, թե Կիևը չի ընդունի առանց իր մասնակցության որևէ բանակցության արդյունք, հետաձգեց պլանավորված այցը Սաուդյան Արաբիա։ Սա բնական դեմարշ էր առանց իրենց Ուկրաինայի ճակատագիրը որոշելու՝ սկսված «խաղի» դեմ։

Բանակցություններից Կիևի բացակայությունը Ռուսաստանի տակտիկական հաջողությունն էր․ ի սկզբանե Մոսկվան էր պնդում Վաշինգտոնի հետ երկկողմ ձևաչափի կիրառել, ինչով Ուկրաինային կոնֆլիկտի սուբյեկտից վերածում էր օբյեկտի։ Այդկերպ Ռուսաստանը, ԱՄՆ-ի թեթև ձեռքով, «խաղից դուրս» դրեց նաև երկրորդ հիմնական շահառուին՝ միացյալ Եվրոպային, որը ուկրաինական պատերազմն ընկալում է որպես իր անվտանգությանը ռուսական  սպառնալիքի կանխման միջոց։

Երբ «բիզնեսը» դարձվում է քաղաքականություն

Բացի այդ, Մոսկվան ուկրաինական խնդիրը փաստացի դարձրեց ռուս-ամերիկյան օրակարգի հերթապահ հարցերից մեկը՝ առաջարկելով այն լուծել «փաթեթային» սկզբունքով։ Հենց բանակցությունների օրը ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ «Համապարփակ երկարաժամկետ կարգավորումը հնարավոր չէ առանց մայրցամաքի անվտանգության հարցերի համակողմանի քննարկման»։ Այդկերպ Կրեմլն ստեղծեց «գործարքների» միջոցով ուկրաինական ճգնաժամում ավելի շատ զիջումներ կորզելու, այդ թվում՝ Եվրոպային աշխարհաքաղաքական «կղզյակի» վերածելու ճանապարհային քարտեզ։ Դրա համար Մոսկվան որոշել է խաղալ «մեծ խաղաղարարի» դափնիներին հավակնելու Թրամփի ամբիցիաների և նրա քաղաքական թիմի կողմից առհասարակ քաղաքականությանը որպես բիզնեսի վերաբերելու աշխարհըմբռնման վրա։

Պատահական չէ, որ Սաուդյան Արաբիա գործուղված ռուսական պատվիրակությունում, բացի արտգործնախարար Ս․ Լավրովից և ՌԴ նախագահի օգնական Յ․ Ուշակովից, ընդգրկված են եղել նաև ՌԴ պետական ներդրումային հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը և, ինչպես նշել է The Telegraph-ը, Մոնակոյում բնակվող և Դոնալդ Թրամփի հետ գործարքների փորձառություն ունեցող ռուս միլիարդատեր Դմիտրի Ռիբոլովլևը․ մարդիկ, որոնք լավ գիտեն՝ ինչպես է գործում ամերիկյան բիզնես մտածողությունը։ Ընդ որում, նախքան բուն բանակցությունների մեկնարկը, Դմիտրիևն առանձին հանդիպում  է ունեցել ԱՄՆ պատվիրակության անդամների հետ։ Ընդհանուր բանակցություններից հետո նա հայտարարեց, թե ռուսական և ամերիկյան պատվիրակությունները քննարկել են ոչ միայն Ուկրաինան, այլև համագործակցային նախագծեր Հյուսիսային բևեռում։ Փորձագետների դիտարկմամբ՝ Հյուսիսային բևեռի հարցը կարող էր քննարկման առարկա դառնալ արկտիկական սառույցների հալման հետևանքով այս տարածաշրջանում բացվող՝ օգտակար հանածոների հսկայական պաշարների ռեալիզացման և, որպես ամենակարճ լոգիստիկ միջանցք, Արկտիկան օգտագործելու հնարավորության համատեքստում։ Ավելի ուշ ՌԴ նախագահն ավելացրեց, որ Էր-Ռիադում քննարկման թեմաներ են եղել նաև տնտեսությունը, էներգետիկան և տիեզերքը։ Եթե նկատի ենք ունենում, թե ինչ համառությամբ էր Թրամփը Ուկրաինային ստիպում ցուցաբերած ռազմական օգնության դիմաց վճարել իր արժեքավոր հանածոներով, հասկանալի է դառնում, թե ինչ խորամանկ քայլի է դիմում Մոսկվան՝ նման առաջարկներ ներկայացնելով։

Թրամփի կոշտ ռևերանսները՝ ռուսական «չաստուշկայի» ներքո

Ռուսական այս «գամբիտը» ևս, ըստ էության, աշխատել է։ Նախ, Դոնալդ Թրամփը դրանից հետո սկսեց ահաբեկել Ուկրաինային, թե Զելենսկին Ռուսաստանի հետ համաձայնության հարցում պետք է շտապի, եթե ուզում է առհասարակ երկիր ունենալ, և որ բանակցություններում Ռուսաստանը կարևոր հաղթաթուղթ ունի։ Իհարկե, նա չասաց, թե խոսքն ինչ հաղթաթղթի մասին է։ Ապա Թրամփն առհասարակ թիրախավորեց Զելենսկուն՝ նրան անվանելով «համեստ հաջողությունների հասած կատակերգու», «ցածր վարկանիշով և ընտրություններ անցկացնելուց հրաժարվող ղեկավար», մեղադրելով վերջինիս որպես օգնություն տրամադրված շուրջ 350 մլրդ դոլարի մի մասը անհետացնելու, այսինքն, կոռուպցիայի մեջ, անուղղակի կերպով մեղադրելով նաև պատերազմը սկսելու և չկանգնեցնելու մեջ։

Այսինքն, ամբողջությամբ կրկնելով ռուսական նարատիվները՝ Թրամփը գլխիվայր շրջել և խեղաթյուրել է ուկրաինական պատերազմի պատճառահետևանքային համակարգը և անուղղակիորեն լեգիտիմացրել Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի ագրեսիան և ուկրաինական տարածքների անեքսիան։ Ավելին, Էր-Ռիադում կայացած բանակցություններից հետո ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցը հայտարարեց, որ Ուկրաինայի համար ետպատերազմական խաղաղության երաշխիքները պետք է լինեն «Եվրոպայի ղեկավարությամբ»՝ փաստացի ակնարկելով, որ Վաշինգտոնը հրաժարվելու է Ուկրաինայի եվրոպական անվտանգության հովանոցի իր դերից, ու Հին աշխարհամասն ինքը պետք է իր «գլխի ճարը» տեսնի։

Նոր անվտանգային համակարգի ուրվականը

Հատկանշական է, որ Վաշինգտոնից նման շրջադարձային հայտարարությունները հնչում են այն պայմաններում, երբ Մոսկվան, անգամ Էր-Ռիադի հանդիպումից հետո, շարունակում է պնդել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը, Ուկրաինայում ցանկացած օտարերկրյա ռազմական կոնտինգենտի ներկայությունը բացառելու, իր գրաված տարածքներից չհրաժարվելու և Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները հանելու մասին։

Իրերի այս դասավորությունը թույլ է տալիս եզրակացնել, որ ԱՄՆ-ն փոխել է ուկրաինական պատերազմը հանգուցալուծելու հռչակած կոնցեպցիան և գործի է դրել «100 օրվա» ընթացքում Ռուսաստանի փոխարեն տուժողին՝ Ուկրաինային զիջումներ պարտադրելու «մեքենան»։ Եվ անկախ նրանից, թե հետագա բանակցություններն ինչ հունով կընթանան, Ռուսաստանն արդեն իսկ կարևոր հանգրվանային հաղթանակ է արձանագրել։  Նախ, ըստ էության, Վաշինգտոնի թեթև ձեռքով լեգիտիմացրել է իր շարունակվող ագրեսիան։ Երկրորդ, հասել է առնվազն ուկրաինական թիկունքի պառակտման։ Երրորդ, բացել է ԱՄՆ-ի հետ առնվազն Եվրասիա մայրցամաքում ազդեցության գոտիների վերահասցեագրման նոր օրակարգ։ Չորրորդ, ցույց է տվել ԱՄՆ-ի, որպես գերտերության, խոցելիությունը, դրանով իսկ՝ նրա վրա, որպես վստահելի պարտնյորի, հույս չդնելու ընկալում ձևավորել աշխարհում։ Հինգերորդ, ստեղծել է հնարավորություն՝ ցույց տալու, որ ժողովրդավարությունը, մարդու իրավունքներն անգամ դրա ջատագով ԱՄՆ-ի համար չեն արժեքային կատեգորիաներ։

ԱՄՆ նոր վարչակազմի այս կտրուկ շրջադարձը Եվրոպայում սկսել են գնահատել որպես ընդհանուր անվտանգային դոկտրինայի փոփոխման ազդակ։ Հավաքական Եվրոպան, ի դեմս Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Փարիզում հրավիրված՝ եվրոպական առաջատար երկրների ղեկավարների հրատապ հավաքից հետո արդեն հայտարարել է, որ ստանձնում են Ուկրաինայի անվտանգության հիմնական երաշխավորի դերը, շարունակելու են աջակցել Կիևին և կտրուկ մեծացնելու են իրենց անվտանգության և ռազմական ծախսերը։ Այսինքն, Եվրոպան գնում է ԱՄՆ-ի կապանքներից լիովին անկախ անվտանգային համակարգ ստեղծելու ճանապարհով։ Եվրոպայի կտրուկ ռազմականացումը և ԱՄՆ-ի նոր քաղաքականությունը կարող է խթանել համընդհանուր սպառազինության մրցավազք։

Մնում է սպասել, թե սկսված ռուս-ամերիկյան «տանգոն» ինչ հանգուցալուծում կստանա։   

Գոռ Աբրահամյան