Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ասուլիս էր հրավիրել։ Թվում էր՝ տևական ընդմիջումից հետո լրագրողների հետ հանդիպմանը նա պետք է ինչ-որ ծանրակշիռ քաղաքական հայտարարություններ անի, ինչու ոչ՝ մեսիջներ հղի։ Առավել ևս, երբ ասուլիսը բավական երկար ստացվեց՝ ավելի քան 4 ժամ։ Բայց ոչ։
Փոխարենը ականատես եղանք 16-ամյա պատանու ինքնահաստատման փորձեր հիշեցնող դրսևորումների։ Ընդ որում, «մեջքից ներքև գտնվող փափուկ տեղի մասին» քոչարյանական բառապաշարով։ Նույն բառապաշարով, որ լսել էինք նրա նախագահության ընթացքում։
Բայց այս անգամ Քոչարյանն ասուլիսում չսահմանափակվեց միայն «կլիզմայի» մասին հայտնի անեկդոտը հիշեցնելով։ Այն անեկդոտը, որի համար սուր քննադատության էր ենթարկվել նախագահության օրոք։
Նրա բառապաշարն այս անգամ ավելի էր «հարուստացել»՝ «գոտկատեղից ներքև փափուկ տեղին» առնչվող բոլոր հնարավոր համեմատություններով ու «տրուսիկի», «քամակի» մասին հիշատակումներով։
Լրագրողների հետ հանդիպման հենց սկզբում իրեն հատուկ ոճով «գրոհեց», թե՝ Հայաստանում «ստապետությունը ինչ-որ տեղ սկսել է յուղ վառել», հետո, թե՝ «դիվանագիտության արվեստը չուգունոտ գլխով պատ ջարդելը չէ»։ Ու մինչ կհասցնեիք զարմանալ՝ այս խոսքերը լսելով, Քոչարյանն ավելի առաջ գնաց ու գործի դրեց գռեհկաբանությունը։
ԼՂ խնդրի բանակցային փաստաթղթերի մասին խոսելիս գերազանցեց ինքն իրեն. «Հիմա եթե 6 ԱԳ նախարար փոխվեր, կարող է՝ բանակցային փաստաթղթերի մի ծերն էլ կամերաներից մեկում հայտնվեր, կամ, կոպիտ ասած, մեկի տրուսիկում»:
Ապա, ԵՄ-ին ՀՀ հնարավոր անդամակցության թեմայի մասին խոսելիս, հիշեց «քամակի» մասին. «Երկու աթոռի վրա չես կարող նստել, երկու աթոռները շատ հեռու են։ Շատ կներեք, կամ էլ՝ քամակդ պիտի երեք մետրանոց լինի, որ նստես այդ երկու աթոռի վրա․ էդ էլ չունես»։
Կարճ ասած՝ անչափ տխուր պատկեր էր։ Տխուր, որովհետև հիշում ես, որ նման լեզվամտածողության տեր անձնավորությունը Հայաստանում 10 տարի նախագահի պաշտոն է զբաղեցրել, այն էլ՝ պալատական հեղաշրջման արդյունքում, սահմանադրության խախտմամբ, ընտրակեղծիքների, բռնությունների արդյունքում։ Ասել է, թե՝ լեգիտիմության բացակայությամբ։ Հետո «Հոկտեմբերի 27», ապա՝ պաշտոնավարման ավարտը «նշանավորեց» «Մարտի 1»-ի արյունահեղությամբ։
Այս ամենին զուգահեռ, ասուլիսը համեմված էր տարատեսակ ստերով ու հեքիաթներով։ Թեկուզ, ԼՂ խնդրի բանակցային տարբերակի մասին նրա հայտարարությունները, իբր, մինչև 99 թվականը բանակցային գործընթացում «համանախագահողները չէին կարող դուրս գալ տարածքային ամբողջականության սկզբունքից», նաև՝ պնդումը, թե ինքը գնացել է Մեղրիի տարբերակին այդ նպատակով։
Սա՝ այն դեպքում, երբ ԼՂ խնդրի փուլային տարբերակում (որը մերժելով՝ հայտնի ուժերը նախաձեռնեցին պալատական հեղաշրջում) որևէ խոսք չկար Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին։ Որևէ խոսք չկար նաև ազգերի ինքնորոշման իրավունքի մասին՝ հարցը թողնելով հեռավոր ապագային, մինչ այդ ԼՂ-ին տալով միջազգայնորեն ճանաչված միջանկյալ կարգավիճակ։ Բայց փաստ է, որ փաստաթղթի մեջ որևէ կերպ, որևէ ձևակերպմամբ որևէ հիշատակում չէր արվում տարածքային ամբողջականության իրավունքին։ Ի դեպ, սա բանակցային պատմության մեջ միակ փաստաթուղթն է, որտեղ տարածքային ամբողջականության սկզբունքի մասին չի եղել հիշատակում, մինչդեռ հետագա բոլոր տարբերակներում, որոնք հայտնվեցին Քոչարյանի օրոք, տարածքային ամբողջականության մասին դրույթը կարմիր թելի պես անցնում էր։
Ու քանի որ երեկ խոսք գնաց 1998թ․ պալատական հեղաշրջման մասին, ամփոփենք Քոչարյանի մեկ ուշագրավ խոստովանությամբ։ Հայտարարելով, թե Տեր-Պետրոսյանը կարող էր իրեն հեռացնել վարչապետի պաշտոնից, նա նաև ասաց, որ դրանից հետո «իհարկե, պետք է պայքարեր»։ Իսկ նրա պայքարը հազիվ թե նախագահի հրամանագիրը դատարանում բողոքարկելը լիներ, այլ՝ Տեր-Պետրոսյանի դեմ դուրս գալը՝ իր հետ դուրս հանելով նաև Ղարաբաղի ու Հայաստանի իշխանության մի մասին։
Այլ կերպ ասած՝ անուղղակի հաստատեց Տեր-Պետրոսյանի պնդումները, որ ինքը պատրաստ էր գնալ նույնիսկ քաղաքացիական պատերազմի, և դրանից խուսափելու համար 98-ին տեղի ունեցավ նախագահի հրաժարականը։
Արման Գալոյան