2024 թվականի դեկտեմբերի 25-ին «Ադրբեջանական ավիաուղիներ»-ին պատկանող ինքնաթիռի՝ Ակտաուից դեպի Բաքու թռիչքի ժամանակ կործանվելու միջադեպից հետո ռուս-ադրբեջանական հարաբերությունները թևակոխել են ստագնացիոն շրջափուլ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, չսպասելով միջադեպի պատճառների հետաքննության արդյունքներին, տեղի ունեցածում մեղադրեց ռուսական կողմին՝ հայտարարելով, որ ինքնաթիռը, ոչ դիտավորությամբ, խոցվել է ռուսական հակաօդային պաշտպանության «Պանցիր-Ս» համակարգի կողմից։
Չօգնեց անգամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Իլհամ Ալիևից անձամբ ներողություն խնդրելը։ Բաքուն ոչ միայն չթուլացրեց տոնայնությունը, այլև դիմեց նոր դեմոնստրատիվ քայլերի։ 2025թ․ փետրվարին Ադրբեջանը Ուկրաինային մեկ միլիոն դոլար հատկացրեց որպես մարդասիրական օգնություն, Ադրբեջանի արտադրության էլեկտրական սարքավորումների մատակարարման նպատակով։
Բաքվի իշխանությունների որոշմամբ արգելվեց Ադրբեջանում Ռուսաստանի համագործակցության ֆեդերալ գործակալության (Россотрудничествo) գործունեությունը, և փակվեց Ադրբեջանում Ռուսական տունը։ Պատճառաբանությունն այն էր, թե վարձակալն այդ տարածքը վաճառում է, իսկ մշակութային կենտրոնը սահմանված կարգով համապատասխան գրանցում չի ստացել։ Որոշումը կայացվեց՝ անտեսելով Ադրբեջանի օրենսդրության շրջանակում Բաքվի՝ Ռուսական տան գրանցման հարցը լուծելու պատրաստակամության մասին Ռուսաստանի ԱԳՆ-ի հրապարակային հայտարարությունները: Դա այն դեպքում, երբ Բաքվում Ռուսական տունն առանց համապատասխան գրանցման, Ադրբեջանի իշխանությունների իմացությամբ, անխոչընդոտ գործում էր արդեն տարիներ շարունակ։
Այս պայմաններում Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև «անցանկալի անձ» ճանաչեց ՌԴ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևին, որն ընդամենը համարձակվել էր քննադատել Ռուսական տան գործունեությունը դադարեցնելու Բաքվի քայլը։
Ընդ որում՝ նշված գործընթացներն ուղեկցվում են Ռուսաստանի դեմ ուղղված գերագրեսիվ տեղեկատվա-քարոզչական արշավով։ Վերջինս կառուցվում է Ադրբեջանում ՌԴ-ի կողմից, հենց «Россотрудничествo»-ի միջոցով՝ քայքայիչ գործակալական գործունեություն ծավալելու խոսույթի հենքի վրա։
Ռուսական դեժավյու
Չնայած այս զարգացումները որոշ փորձագետների կամ մեկնաբանների թույլ է տվել կարծելու, թե ադրբեջանա-ռուսական հարաբերությունները լուրջ ճգնաժամ են ապրում, և Հայաստանը պետք է օգտվի ստեղծված այդ հնարավորությունից, սակայն, ռուս-ադրբեջանական «ապահարզանի» որևէ լուրջ հիմքեր չկան։ Այն, ինչ տեղի է ունենում Ռուսաստանի և Բաքվի միջև, ավելի շուտ նման է «ներընտանեկան խռովկանության» էպիզոդիկ ցուցադրության։ Ընդ որում՝ Ադրբեջանը պարզապես ցանկանում է, որ հարևանները լրջորեն հավատան այդ բլեֆին։
Նախ՝ «Россотрудничествo»-ի և Բաքվում Ռուսաստանի տան դեմ սկսված դեմարշից առաջ՝ 2024թ․-ին, Ադրբեջանն իր տարածքում արգելել էր նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության՝ USAID-ի գործունեությունը։ Այս իմաստով փաստացի տեղի ունեցավ ընդամենը պարիտետի վերականգնում։
Ուկրաինային հումանիտար օգնություն տրամադրելու որոշումն իր հերթին եզակի և արտառոց երևույթ չէր։ 2023թ․ Ալիևը, որպես նման օգնություն, Ուկրաինային էր փոխանցել ավելի քան 3,3 միլիոն մետր էլեկտրական խողովակներ, մետաղալարեր և տրանսֆորմատորներ։ Իսկ 2024թ․ օգոստոսի 24-ին Իլհամ Ալիևը Ուկրաինայի անկախության օրվա կապակցությամբ ուղերձ էր հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն՝ փոխանցելով Ադրբեջանի շարունակական աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։ Քայլ, որ ավելի լուրջ քաղաքական հարված էր Մոսկվայի դիրքերին ուկրաինական ճգնաժամում։
Նախկինում արված այս հակառուսական կսմիթներից, սակայն, Մոսկվան առանձնապես չէր նեղսրտել և դրանք չէր դարձրել ռուս-ադրբեջանական հարաբերությունների ամրության ինդիկատոր։
Բայց այն, որ Ադրբեջանը ձգտում է ավելի շատ դրամատիզացնել Ռուսաստանի հետ իր հարաբերությունները, քան դրա հիմքերը կան իրականում, փաստվեց ընդամենը օրեր առաջ՝ փետրվարի 11-ին, երբ նախագահ Ալիևը հաստատեց Ադրբեջանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ««Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքով բեռնափոխադրումների զարգացման նպատակով համագործակցության մասին համաձայնագրի հաստատման մասին» հրամանը։ Թե ստրատեգիական առումով ինչ արժեք ունի «Հյուսիս-Հարավ» միջանցքի գործարկումը Մոսկվայի և Բաքվի համար, թերևս չարժե ծավալվել։ Սակայն խորհրդանշական է, որ Ալիևի կողմից այս հրամանի ստորագրումը հաջորդում է Մոսկվայում հունվարին ՌԴ-ի և Իրանի միջև ստրատեգիական համագործակցության համաձայնագրի ստորագրմանը, որում առանձին հոդված կա «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի ծրագրի իրականացման նշանակության մասին։
Այլ կերպ ասած՝ ռուս-ադրբեջանական հարաբերություններում տեղի չի ունենում որևէ այնպիսի բան, որը կարող է հեռուն գնացող հետևությունների առիթ տալ։ Ռուսաստանն իրականում շատ ավելի կոշտ հարվածներ է ստացել Բաքվից և դրանք լուռ կուլ է տվել։ Խոսքը չի վերաբերում միայն 2020թ․ նոյեմբերի 9-ին Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից ռուսական ՄԻ-24 ուղղաթիռի խոցմանը, որին զոհ գնաց ուղղաթիռի անձնակազմը, ոչ էլ 2020թ․ դեկտեմբերի 14-ին Վարդենիսի շրջակայքում տեղակայված ռուսական խաղաղապահների բազային հասցված հարվածը, որոնք Մոսկվան «կուլ տվեց»՝ ընդամենը բավարարվելով Բաքվից հնչած ներողություններով։ Առավել լուրջ հարված Ադրբեջանը ՌԴ-ին հասցրել էր նաև 2012թ․ դեկտեմբերին, երբ վարձավճարի արժեքը 40-ապատիկ բարձրացնելու սխեմայով Բաքուն ստիպեց Ռուսաստանին հրաժարվել Գաբալայի ռադիոլոկացիոն կայանից։ Մի կայան, որը թույլ էր տալիս վերահսկողություն սահմանել ահռելի տարածության վրա՝ ներառյալ Իրանի, Թուրքիայի, Չինաստանի, Պակիստանի, Հնդկաստանի, Իրաքի, Ավստրալիայի տարածքները, Աֆրիկայի երկրների մի մասը, Հնդկական և Ատլանտյան օվկիանոսների կղզիները։ Հետևաբար՝ տվյալ դեպքում ավելի կարևոր է հասկանալ՝ ինչու է Բաքուն արհեստականորեն ուռճացնում Մոսկվայի հետ խնդիրները։
Ադրբեջանական «բլեֆի» հասցեատերերը
Ըստ էության՝ Ադրբեջանը պարզապես փորձում է գործարքի ֆրոնտ ստեղծել Ռուսատանի հետ։ Գործարքի հնարավոր առարկան կարող է լինել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ադրբեջանական պլանը։ Բաքուն փորձում է դրդել Ռուսաստանին՝ մեծացնելու ճնշումը Հայաստանի վրա՝ այդ տարբերակին համաձայնելու համար։ Հայաստան-ԱՄՆ ստրատեգիական համագործակցության ստորագրված կանոնադրությամբ այդ պլանի խափանման հստակ նպատակադրումը, տարածաշրջանում սահմանների անխախտելիության հարցում Իրանի սկզբունքային համառությունը ստիպում են Բաքվին Ռուսաստանից ավելի գործնական քայլեր պահանջել։
Երկրորդ՝ Բաքուն այս կերպ թանկացնում է իր գինը Թուրքիայի առջև։ Փորձում է ցույց տալ, որ գործնական քայլեր է կատարում ռուսական ավանդական ազդեցություններից ձերբազատվելու և պրոթուրքական ուղեծրում ավելի ազատ գործելու հարցում, ինչպես դա արեց ադրբեջանական բանակի ղեկավար կազմի հետ։ Եթե լուրջ է պանթուրանական թուրքական պլանը, ապա ռուսական և իրանական ազդեցության լծակներից Ադրբեջանի կատարյալ ձերբազատումը Թուրքիայի համար կենսական խնդիր է դառնում։ Միևնույն ժամանակ, սակայն, Բաքուն հասկանում է, որ սուբյեկտայնության լիակատար կորստից և թուրքական վիլայեթ դառնալուց խուսափելու միակ միջոցը Ռուսաստանի հետ կապերը որոշակի մակարդակի վրա պահպանելն է։
Երրորդ հասցեատերը կոլեկտիվ Արևմուտքն է՝ հատկապես դեպի Եվրոպա, Ռուսաստանի շրջանցամբ, լոգիստիկ միջանցքի գործառույթ ստանձնելու և եվրոպական էներգետիկ շուկայում թե՛ որպես մատակարարի և թե՛ որպես տրանզիտ, ռուսական գազի այլընտրանքային աղբյուր դառնալու պատաստակամության առումով։
Հետևաբար ներկայիս դեմոնստրատիվ գործողությունները ոչ այնքան ռուս-ադրբեջանական «ապահարզանի», որքան ընտանիքում ամուսինների միջև դիրքային հրապարակային պայքար է հիշեցնում։ Ու որքան «ամուսինը» և հարևանները շատ հավատան դրան, այնքան Բաքվի համար ավելի լավ։
Բայց նկատի ունենալով, թե համաշխարհային մակարդակում ինչ շրջադարձային տեղաշարժեր են տեղի ունենում ԱՄՆ նախագահ Թրամփի որդեգրած քաղաքական անկանխատեսելի կուրսի արդյունքում, ադրբեջանական հաշվարկները կարող են չաշխատել։
Գոռ Աբրահամյան