Բրիտանական The Guardian-ի հեղինակային հոդվածում անդրադարձ է կատարվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և մեծահարուստ Իլոն Մասկի հարաբերություններին ու համագործակցությանը։ Radar Armenia-ն ներկայացնում է հոդվածի հիմնական բովանդակությունը։
Մասկը Դոնալդի Թրամփի նախընտրական թիմին փոխանցել էր 288 միլիոն դոլար և անմիջապես արժանացել Time ամսագրի ուշադրությանը։ Ամսագիրը Մասկին նվիրված սյունյակ էր հրապարակել, որտեղ միլիարդատիրոջը ներկայցրել էր սուրճի բաժակը ձեռքին՝ նստած ԱՄՆ նախագահի սեղանի դիմաց։ Հատկանշական է, որ նման նկարը խորհրդաշնական բնույթ ունի և օգտագործվել է ԱՄՆ բոլոր նախագահների կողմից՝ Ջիմի Քարթերից սկսած։
Աշխարհի ամենաազդեցիկ մարդու և աշխարհի ամենահարուստ մարդու մերձեցումը քննադատների աչքում երկակի խնդիր է ստեղծում ժողովրդավարության տեսանկյունից: Կարո՞ղ է այս ընկերությունը երկար տևել:
Վերջին դեպքերը լի են օրինակներով, թե ինչպես են Թրամփի ենթակաները տուժել նրա ուշադրության ներքո հայտնվելու համար: Թերահավատները կանխատեսում էին Թրամփ-Մասկ առանցքի փլուզումը գրեթե հենց սկզբից՝ ենթադրելով, որ երկու հսկա էգոներ անպայման կբախվեն իրար:
Բայց մյուսները կարծում են, որ փոխշահավետ հարաբերություններ կարող են ավելի սերտ լինել: Հանրապետական կուսակցության նախկին խոսնակ, Թրամփի քննադատ Ջո Ուոլշը նկատում է. «Նրանք այժմ մոլորակի երկու ամենաազդեցիկ մարդիկ են. և նրանք միմյանց խիստ կարիքն ունեն: Նրանք նման են երկու հրեշի, և ամեն օր ավելի ուժեղ են դառնում»։
Առաջին հայացքից Թրամփն ու Մասկը քիչ ընդհանրություններ ունեն։ Թրամփը Նյու Յորքում բնակվող 78-ամյա կառուցապատող և ռեալիթի հեռուստաաստղ է, որն ուշ է մտել քաղաքականություն, ժամերով տրվել է գոլֆի վայելքին: 53-ամյա Մասկը հրապարակավ հայտարարել է, որ ունի Ասպերգերի համախտանիշ, որը պատկանում է աուտիզմի սպեկտորին։ 2016-ին Մասկը քննադատել էր Թրամփին՝ նրան անվանելով «bullshit artist», իսկ 2023-ին նա դարձավ Թրամփի գլխավոր աջակիցը՝ մեծ գումարներ նվիրաբերելով, մասնակցելով քարոզարշավին ու աջակցելով Թրամփի գաղափարներին։ Մասկը ղեկավարեց նոր հիմնադրված՝ Կառավարության արդյունավետության քարտուղարությունը։ Մասկը պաշտոնական աշխատակից չէ, սակայն ունի «մասնագիտական կառավարական աշխատակից» կարգավիճակ։ Դա Թրամփին չի անհանգստացնում, քանի որ նրա խոսքով՝ «Մասկը չի կարող որևէ բան անել առանց իր հաստատման»։ Սպիտակ տան աղբյուրը The Guardian-ին հայտնել է, որ նախագահը վարձել է Մասկին «խելագար աշխատանք» կատարելու համար, և նա կատարում է այն։ Մասկը նաև ընդհանուր լեզու է գտել Թրամփի ու նրա «Ամերիկան կրկին հզոր դարձնենք» (MAGA) շարժման հետ։ Նա կիսում Է Թրամփի տեսակետները բազմաթիվ հարցերում:
Այնուամենայնիվ, «մեղրամիսը» հավերժ չի տևում: Մասկի ժողովրդականության վարկանիշը արագորեն ընկնում է նույնիսկ հանրապետականների շրջանում: Economist/YouGov-ի վերջերս անցկացված հարցման համաձայն՝ հանրապետականների միայն 43%-ն է ցանկանում, որ Մասկը ունենա «մի փոքր» ազդեցություն, իսկ 17%-ն՝ ընդհակառակը։ Կոնգրեսի դեմոկրատները Մասկին դարձրել են իրենց հիմնական թիրախը՝ մեղադրելով իշխանության ապօրինի զավթման մեջ։
Այս ամենը կարող է Մասկին դարձնել Թրամփի համար օգտակար շեղող գործիք, բայց նաև կարող է նրան վերածել քաղաքական խնդրի՝ առաջացնելով հարցեր, թե ով է իրադրության իրական տերը, իսկ ով՝ խրտվիլակը։ Ակնկալվում է, որ ընդդիմախոսներն ու Կոնգրեսում հանրապետական հակառակորդները նորովի կակտիվանան հաջորդ տարվա միջանկյալ ընտրությունների շեմին։ «Լինկոլն» պրոյեկտի համահիմնադիր Ռիք Ուիլսոնը նշում է. «Նրանք ի վերջո բախվելու են։ Երբ Թրամփը տեսնի, որ Իլոնը քաղաքական վնաս է պատճառում իրեն, նա մի ակնթարթում կկտրի կապը»։
Այդուհանդերձ, Մասկը նման չէ նախկինում Թրամփի հանդիպած անձանցից որևէ մեկին։ Նրա գնահատվող կարողությունը 426 միլիարդ դոլար է, բազմաթիվ անգամ ավելի մեծ Թրամփի ունեցածից։ Նա մեծ ազդեցություն և իշխանություն ունի X-ի միջոցով։ Մասկին հեռացնելը կարող է լինել ավելի դժվար, քան նախորդ «գլադիատորներին»։