Վերլուծություն

Այց՝ Թրամփի «մութ անտառում լույս որոնելու» համար

Այս շաբաթ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության այցը Միացյալ Նահանգներ առաջինն էր ԱՄՆ նոր վարչակարգի ընտրությունից հետո։ Ի սկզբանե հայտարարվել էր, որ այցն աշխատանքային է, իսկ հիմնական առիթը մասնակցությունն է Վաշինգտոնում անցկացվող Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին ու  Կապիտոլիումում անցկացվող ԱՄՆ ազգային աղոթքի նախաճաշին։ Այլ կերպ ասած՝ այցն ի սկզբանե բարձր մակարդակի պլանավորված չի եղել, սակայն ներկա շրջափուլում, տակտիկական նկատառումներով, այն ունի ոչ երկրորդային նշանակություն։

«Որոնումներ» Վաշինգտոնում

Հարցը միայն այն չէ, որ վերոնշյալ միջոցառումներին վարչապետի մակարդակով մասնակցությունը կրոնական ազատությունների հարգման և քրիստոնեական համաշխարհային համայնքի ու ավանդույթների մասը կազմելու նշանակալի ուղերձ էր քրիստոնեական-պահպանողական արժեքների պահապանի դափնիներին հավակնող Թրամփի նոր վարչակազմին։

Հայաստանյան պատվիրակության այցն իրականում հետապնդում էր կարևոր «հետախուզական» նպատակ՝ ներսից շոշափելու Հայաստանի, ավելի լայն իմաստով՝ հարավկովկասյան տարածաշրջանի մասով ԱՄՆ կառավարության քաղաքական կուրսը։ Սա էական է՝ հաշվի առնելով ԱՄՆ նախորդ վարչակազմի հետ սերտ հարաբերությունների և դեմոկրատների հաղթանակի չարդարացած սպասելիքների ֆոնին Թրամփի թիմի հետ ունեցած նկատելի սառը հարաբերությունները և այն փաստը, որ ո՛չ նախընտրական, ո՛չ էլ հետընտրական շրջանում նախագահ Թրամփը կամ նրա թիմի՝ ԱՄՆ-ի քաղաքական որոշումների ընդունման վրա ազդող որևէ նշանակալի ներկայացուցիչ այս տարածաշրջանի վերաբերյալ իրենց դոկտրինալ մոտեցումների մասին չեն խոսել։

Հարավկովկասյան տարածաշրջանի և դրա շուրջ անվտանգային մարտահրավերների առնչությամբ ԱՄՆ նոր վարչակազմի քաղաքականությունը «մութ անտառ» է Հայաստանի համար։ Եվ որքան շուտ Երևանը կարողանա հասնել այնտեղ լույս սփռելուն, այնքան ավելի կանխատեսելի կարելի է դարձնել ԱՄՆ-ից սպասելիքները և դրանց վրա կառուցել ավելի հավասարակշռված տարածաշրջանային և միջազգային դիվանագիտություն։

Առաջին․ այցի ընթացքի վերաբերյալ պաշտոնական լրահոսում առաջին պլանում էին ԱՄՆ երկու ուղեղային կենտրոնի՝ Ատլանտյան խորհրդի (Atlantic Council)՝ միջազգային հարաբերություններում մասնագիտացված ամերիկյան խոշոր վերլուծական կենտրոնի և ամերիկյան ռազմավարական հետազոտությունների Heritage հիմնադրամի ներկայացուցիչների հետ հանդիպումները։ Որքան էլ Թրամփի ներկայիս ներքին ու արտաքին քաղաքական որոշումները էքսցենտրիկ լինեն, Միացյալ Նահանգները մնում է պետական կառավարման առումով ամենաինստիտուցիոնալիզացված երկրներից մեկը։ Այդ երկրում կայացվող որոշումների հիմքում նման կենտրոնների խորհրդատվությունը, դրանցում գեներացվող փորձագիտական կարծիքներն առանցքային նշանակություն ունեն։ Եվ չափազանց կարևոր է, որպեսզի այդ կենտրոններում ընկալելի լինեն ինչպես Հայաստանի շահերը, հետաքրքրություններն ու մարտահրավերները, այնպես էլ տարածաշրջանի զարգացման, միջազգային քաղաքական օրակարգերի վերաբերյալ Երևանի տեսլականները։ Սա ոչ թե միջոց է ԱՄՆ կողմից կայացվող որոշումների վրա ուղիղ ազդեցություն ունենալու, այլ՝ այդ որոշումներում Երևանի հետաքրքրությունները հաշվառելի դարձնելու առումով։

Այս շարքին կարելի է դասել նաև 4 կոնգրեսականների հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, թե դա շարքային, հերթապահ հանդիպում էր հայկական լոբբիի հետ սերտ գործակցող կոնգրեսականների համար, և այն գործնական որևէ նշանակություն չունի՝ նաև հաշվի առնելով ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա այդ երկրի օրենսդիր պալատների կողմից էական ազդեցություն չունենալու հանգամանքը։ Սակայն փաստը, որ հանդիպմանը մասնակցող 4 կոնգրեսականից 3-ը ներկայացնում էին իշխանությունն ստանձնած Հանրապետական կուսակցությունը, նման երկխոսությունը դարձնում է լրացուցիչ հնարավորություն, «խողովակ»՝ ԱՄՆ հանրապետական իսթեբլիշմենթին և նրանց միջոցով վարչակազմին հասու դարձնելու Հայաստանի ակնկալիքները և այն ռացիոնալ սպասելիքները, որոնք ԱՄՆ-ն կարող է ունենալ Երևանից։

Երկրորդ․ հատկապես Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրման ֆոնին Երևանին օդ ու ջրի պես անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ արժեք ունի այդ փաստաթուղթը և, առհասարակ, Հայաստանի հետ նման մակարդակի հարաբերությունների հռչակումը Թրամփի և նրա վարչակազմի համար։ Ներկայում սա ավելի կարևոր է, քան արարողակարգային դետալները, քանի որ տարածաշրջանային բոլոր խաղացողների համար այլևս ակնհայտ է, որ Երևանը ամերիկյան ներգրավվածությունը փորձում է կիրառել հավասարապես թե՛ իբրև հավասարակշռող, թե՛ հակակշռող գործոն։

Փոխնախագահի հետ հանդիպման թաքնված երկակի ուղերձները

Այս իմաստով Սպիտակ տանը տեղի ունեցած Նիկոլ Փաշինյան-ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենս ճանաչողական հանդիպումը խորհրդանշական և խորհրդապահական նշանակություն ունի՝ առանց դրա նշանակությունը գերագնահատելու կամ թերագնահատելու։ Ակնհայտ է, որ հանդիպումը գերազանցապես կրել է արարողակարգային բնույթ։ Այդ հանդիպմամբ կողմերը լուրջ, խորքային օրակարգեր չեն հետապնդել։ Սակայն նման հանդիպումն ինքնին ենթատեքստային երկու ուղերձ է պարունակում իր մեջ։

Առաջին․ փաստը, որ վարչապետին ընդունում է փոխնախագահը, զուտ արարողակարգային մակարդակով փաստում է, Հայաստանի դերը Թրամփի վարչակազմում դեռ այնպիսի ստրատեգիական մակարդակի չի ընկալվում, որը թույլ կտար վստահ լինել Վաշինգտոնի անվերապահ աջակցության մեջ և դրա հիման վրա երկարաժամկետ և համարձակ քաղաքական հաշվարկներ կատարել։ Երկրորդ․ միաժամանակ, հանդիպումն ինքնին ցուցադրական էֆեկտ ունի՝ փաստելու, որ ամերիկյան նոր վարչակազմը պատասխանատվությամբ է մոտենում նախկինից թողնված ժառանգությանը, այդ համատեքստում՝ ստորագրված Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունից բխող երկկողմ հանձնառություններին։ Այլ կերպ ասած՝ այդ փաստաթուղթը զուտ թղթի կտոր չէ, ինչպես փորձ է արվում ներկայացնել։ Այս իմաստով ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի կարճ հանդիպումը նաև Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի համար ունի թեև սիմվոլիկ, բայց զսպողական պոտենցիալ։

Կթոթափի՞ այցը Թրամփի որոշումներից Հայաստանի համար ածանցվող ռիսկերը 

Այդուհանդերձ, նման հանդիպումները չեն կարող չափազանցված սպասելիքներ առաջացնել՝ նկատի ունենալով Հայաստանի համար այն հնարավոր սպառնալիքները, որոնք կարող են առաջանալ Թրամփի կողմից իրար ետևից կայացվող և միջազգային հանրությանը շոկի ենթարկող որոշումների արդյունքում։

Մասնավորապես, Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել երկիրը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից և ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության ու աշխատանքի կազմակերպման գործակալությունից դուրս բերելու վերաբերյալ։ Միաժամանակ, Սպիտակ տունը զգուշացրել է ՅՈւՆԵՍԿՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալու հնարավորության մասին։ Դրան զուգահեռ, արտերկրում ժողովրդավարական ինստիտուտների ուժեղացմանը միտված ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (USAID) լուրջ վերափոխումների ենթարկելու նախաձեռնությունը փաստում են «ժողովրդավարության արտահանման» ամերիկյան քաղաքականությունից Թրամփի վարչակազմի հրաժարվելու միտումների մասին։ Այս հանգամանքն էականորեն թուլացնում է Հայաստանի «ժողովրդավարացման բրենդի» կամ նման իմիջի քաղաքական արժեքը։ Պատճառն այն է, որ կամա, թե ակամա ԱՄՆ-ն ձևավորում է միջազգային ընկալում աշխարհում ժողովրդավարության պաշտպանության կարիք չունենալու և «ոչ մի անձնական բան, միայն բիզնես» տրամաբանության դոմինանտության ֆոնին ժողովրդավարությունը որպես քաղաքականության գործոն կամ գործիք, այլևս էական արժեք չունենալու վերաբերյալ։ Բնական ռեսուրսներ չունեցող և ժողովրդավարացումը որպես արտաքին հարաբերությունների քաղաքական կապիտալ կամ ելակետ կիրառող Հայաստանի համար սա լուրջ մարտահրավեր է։

Բացի այդ, Դոնալդ Թրամփն օրերս ստորագրեց նաև Իրանի կառավարության վրա «առավելագույն ճնշում» կիրառելու՝ Ազգային անվտանգության նախագահական հուշագիրը։ Այն ուղղված է ավելի հուժկու սանկցիաների կիրառմամբ Իրանում միջուկային զենքի ստեղծման նպատակով ուրանի հարստացման գործընթացը կանխելուն։ Թեև իր միկրոբլոգի գրառմամբ ավելի ուշ ԱՄՆ նախագահը պարզաբանել է, թե «առավելագույն ճնշում»՝ չի նշանակում ռազմական հարձակում Իրանի դեմ, սակայն ակնհայտ է, որ վերջինիս «կառուցողականության դաշտ» բերելու համար ԱՄՆ-ն ահռելի ճնշումներ է գործադրելու Թեհրանի նկատմամբ, ինչը կարող է ազդել Հայաստան-Իրան տնտեսական և լոգիստիկ կապերի վրա և գրգռել Թուրքիայի և Ադրբեջանի ախորժակը Հայաստանի հարավային սահմանների նկատմամբ։

Այս տեսակետից մնում է հուսալ, որ հայ-ամերիկյան երկխոսությունը շարունակական դարձնելու և դրանք ավելի շոշափելի արդյունքների վերածելու ուղղությամբ Երևանն առավելագույն ջանքեր կգործադրի։ Առավել ևս, որ, ի դեմս Հայաստանում Իրանի դեսպան  Մեհդի Սոբհանիի, Թեհրանն արդեն ուղերձ է հղել առ այն, որ հայ-ամերիկյան հարաբերությունների խորացումն այս պահին չի դիտարկում իբրև իր շահերի դեմ ուղղված գործընթաց և դրանում լուրջ ռիսկեր դեռևս չի տեսնում։

Գոռ Աբրահամյան