Վերլուծություն

Ուկրաինական պարտադրվող «գործարքի» ուրվականը․ կլինի՞ «բարտեր» Հարավային Կովկասում

Չնայած ԱՄՆ 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփը ինքնավստահ պնդում էր, թե կարող է ուկրաինական պատերազմը կանգնեցնել 24 ժամում, շփման գծում «թնդանոթները չեն լռում»։ Ավելին,  ցամաքային մարտերին զուգահեռ, հակամարտող կողմերն ավելի մասշտաբային և ինտենսիվ են դարձրել միմյանց ԱԹՍ-ներով հասցվող հարվածները։ Իսկ ռուսական զորքերը Դոնեցկի, Լուգանսկի և Խարկովի ուղղություններով դանդաղ առաջ են շարժվում, նոր տարածքներ և բնակավայրեր օկուպացնում։ 

Թրամփի «100-օրյա» պրեսինգը

Հակամարտությունը «24 ժամվա» ընթացքում ավարտելու՝ Թրամփի պոպուլիստական պլանի կանխատեսելի տապալումից հետո նա Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով իր հատուկ ներկայացուցիչ Կիտ Քելլոգին հանձնարարեց 100 օրվա ընթացքում հասնել ուկրաինական պատերազմի ավարտին։ Չնայած վերլուծաբանները կրկին սկեպտիկորեն են վերաբերում Քելլոգի առաքելության հաջողությանը, այս դեպքում Թրամփը որոշակիացնում է նպատակին հասնելու մեթոդները։ «X»-ի իր միկրոբլոգի միջոցով նա դիմել էր ՌԴ նախագահ Վ. Պուտինին՝ սպառնալով նոր, ավելի կոշտ պատժամիջոցներով փլուզել Ռուսաստանի տնտեսությունը, եթե Մոսկվան չադադարեցնի «անիմաստ պատերազմը» և չգնա «գործարքի»։ Այդ ընթացքում ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը պայմանավորվեցին պահպանել «առավելագույն ճնշումը» Ռուսաստանի վրա՝ Ուկրաինայում կայուն խաղաղություն ապահովելու համար։

Միաժամանակ, օրերս ելույթ ունենալով Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումում, Թրամփը կոչ արեց նավթ արտահանող երկրների կազմակերպությանը՝ OPEC-ին, իջեցնել նավթի գինը, նշելով, թե դա անմիջապես կհանգեցնի պատերազմի ավարտին։ Թրամփը չի թաքցրել․ որ «կանաչ լույս» է վառելու ԱՄՆ-ում նավթարդյունահանման ծավալների մեծացման առջև։ Ակնհայտ է՝ նպատակը եվրոպական շուկայում ամերիկյան նավթի տեսակարար կշիռն ավելացնելն է և նավթի համաշխարհային գների անկման խթանումը։ Վաշինգտոնի հաշվարկներով՝ այս միջոցառումները պետք է ավերիչ ազդեցություն ունենան ածխաջրածինների «ասեղին նստած» ռուսական տնտեսության վրա։ 

Փաստացի, ԱՄՆ նոր նախագահը Ուկրաինայում խաղաղության հասնելու իր պլանը փորձում է իրականացնել «խաղաղություն պարտադրանքի միջոցով» բանաձևով․ ՌԴ-ի համար ստեղծել այնպիսի աննախադեպ ծանր պայմաններ, որոնք նրան թույլ չեն տա սպասարկել պատերազմը և կստիպեն նստել Կիևի հետ բանակցությունների սեղանին։ 

Նույն բանաձևը Թրամփը փորձում է կիրառել նաև Ուկրաինայի նկատմամբ։ Մի կողմից հայտարարում է, որ չի պատրաստվում շարունակել ամերիկացիների հաշվին Ուկրաինային սպառազինելու համար ահռելի միջոցների հատկացումը, մյուս կողմից Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն մեղադրում է ավելի վաղ ռուսների հետ գործարք չկնքելու մեջ, ինչն այլ կերպ, քան պատերազմի հետևանքների համար Կիևին պատասխանատու դարձնել, չի կարելի մեկնաբանել։

Պաշտոնական Կիևը, փաստացի, համաձայնել է բանակցություններ սկսելու՝ Ստիտակ տան հորդորին։ Զելենսկին հայտարարել էր, որ իրենք պատրաստ են բանակցությունների, սակայն վստահ են, որ Մոսկվան չի գնա այդ քայլին։ Միաժամանակ, սակայն, Զելենսկին կոչ էր արել իր արևմտյան գործընկերներին՝ մեծացնել ճնշումը Մոսկվայի նկատմամբ։ 

Այս հայտարարություններն ավելի շատ մատնում են Կիևի հուսահատությունը, որը կապված է ինչպես ռազմական երկարատև գործողությունների արդյունքում զինված ուժերի ծայրահեղ ծանր վիճակի, այնպես էլ նահանջի որոշակի կուրս վերցնելու՝ ԱՄՆ-ի և Եվրամիության պահվածքի հետ։ 

Մինչդեռ պաշտոնական Մոսկվան ցույց է տալիս, որ շտապել չի ցանկանում։ Թրամփի ուլտիմատումային կոչին ի պատասխան՝ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե Ռուսաստանը չի հրաժարվում խաղաղությանն ուղղված բանակցություններից, սակայն ակնարկել է, որ իրենք ցանկանում են Վաշինգտոնի հետ խոսել ավելի լայն օրակարգով՝ սկսած Ուկրաինայից, վերջացրած նավթի համաշխարհային գները և այլն։ Պուտինը նշել է նաև, որ լեգիտիմ չի համարում նախագահ Զելենսկու հետ որևէ հնարավոր բանակցություն, քանի դեռ վերջինս չի վերացրել ՌԴ-ի հետ կարգավորման շուրջ որևէ բանակցություն արգելելու՝ իր արձակած հրամանը։

Ռուսական մանևրներ՝ մեծ բանակցություններից առաջ

Չնայած այդ հանգամանքին՝ ՌԴ դիրքորոշումներում նկատելի է որոշակի մեղմացում։ Նախկինում Մոսկվան խաղաղության շուրջ բանակցությունները հնարավոր էր համարում բացառապես ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության բացառման, ուկրաինական զինված ուժերի կտրուկ սահմանափակման, իր կողմից անեքսիայի ենթարկված ուկրաինական շրջաններից և ՌԴ Կուրսկի շրջանից ուկրաինական զորքերի լիակատար դուրսբերման, ՌԴ-ի նկատմամբ կիրառված բոլոր սանկցիաները հանելու պայմաններով։ Հիմա արդեն ՌԴ-ն խոսում է միայն «տեղում առկա իրողությունները» հաշվի առնելու անհրաժեշտության մասին։ Սա այլ բան չէ, քան առկա շփման գծի վրա կանգ առնելու և նոր ստատուս քվո սահմանելու, այլ տարածքային պահանջներից հրաժարվելու դրսևորում։ 

Ռազմադաշտում առաջխաղացումների ֆոնին նման դիրքավորումը խոսում է այն մասին, որ Ռուսաստանը ևս շահագրգիռ չէ շարունակել պատերազմը։ Դա ունի մի քանի պատճառ՝ տնտեսական շարունակվող անկումը, այդ համատեքստում Ուկրաինայի կողմից իր տարածքով Ռուսաստանից դեպի Եվրոպա գազի տարանցման դադարեցման որոշումը, Արևմուտքից նոր, գուցե արդեն՝ կործանարար հետևանքներ ունեցող պատժամիջոցների կիրառման իրատեսականությունը, պատերազմը սպասարկելու՝ սեփական մարդկային մարտունակ ռեսուրսների էական դեֆիցիտի խորացումը։  

Ըստ էության, ստեղծվել է մի իրավիճակ, երբ հակամարտության բոլոր կողմերը շահագրգռված են դադարեցնել պատերազմը և այլևս չեն թաքցնում դա։ Այս հանգամանքը մեծացնում է առաջիկա ամիսների ընթացքում Ուկրաինայում, Կուրսկում ռազմական գործողությունների դադարեցման հնարավորությունը։ Ողջ խնդիրն այն է, թե կողմերից որի դոմինանտության պայմաններում են սկսվելու նոր բանակցությունները։ Մեծացնելով միմյանց հարվածներ հասցնելու մասշտաբները և ձգտելով հնարավորինս մեծ վնաս հասցնել հակառակորդին՝ Կիևը և Մոսկվան ձգտում են թուլացնել միմյանց բանակցային դիրքերը և թելադրողի, առնվազն՝ ավելի մեծ զիջումներ կորզողի դիրքերից հանդես գալ։ 

Ուկրաինայի համար ուժի ներկայիս հուսահատ ցուցադրությունը նաև դեմոնստրացիա է արևմտյան իր գործընկերներին, որ իրենք ներուժ ունեն՝ շարունակելու պայքարը։ Ռուսաստանն ավելի շատ մանևրում է՝ փորձելով հասկանալ, թե որքանով է Թրամփը վճռական լինելու իր սպառնալիքների հարցում և հույս է կապում թրամփյան ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև ուրվագծվող անվստահության խորացման հետ։ Կիևի բանակցային լեգիտիմության հարցի խաղարկումը միայն այդ տրամաբանության մեջ կարելի է դիտարկել։ 

Հրադադա՞ր, թե՞ խաղաղության պայմանագիր

Մյուս առանցքային տակտիկական հարցն այն է, թե պատերազմի ինչպիսի դադարի մասին է խոսք գնալու։ Կիևի շահերից բխում է, որ պատերազմը կանգնեցվի հրադադարի մասին համաձայնագրով, ոչ թե խաղաղության պայմանագրով։ Դա թույլ է տալու օրակարգում պահել օկուպացված տարածքների վերադարձման հարցը, նաև վերականգնել ուժերը՝ հետագայում ռևանշի հասնելու նպատակով։ 

Եվրոպայի համար տակտիկական դադարը ևս ձեռնտու է, քանի որ այն թույլ է տալու բաց պահել էներգակիրների շուրջ ՌԴ-ի հետ երկխոսության հնարավորությունը։ ԱՄՆ-ի պարագայում իրավիճակը երկակի է։ «Մեծն խաղաղարարի» դերն ստանձնած Թրամփի էգոիստական նկրտումներից բխում է, որ կայացվող գործարքը լինի հիմնարար, թեկուզ՝ դրա համար վճարելու է Ուկրաինան։ Այս առումով հասկանալի է Պուտինի հետ անմիջականորեն բանակցելու՝ Թրամփի ցանկությունը։ 

Ռուսաստանին ևս ձեռնտու է, որ պատերազմը կանգնեցվի համապարփակ խաղաղության պայմանագրով։ Այդկերպ Մոսկվան հույս է ունենալու միջազգայնորեն ամրագրել ուկրաինական՝ արդեն իսկ իր վերահսկողության տակ գտնվող տարածքների օկուպացումը, թեև Կիևը դրա դեմ ունի Կուրսկի մարզի հարցը խաղարկելու հակափաստարկը։ Ակնհայտ է, որ ռազմի դաշտում ավելի զգալի հաջողությունների պարագայում Մոսկվան կարող է նաև Ուկրաինայի բուֆերայնացմանը հասնելու «բոնուսների» հույս ունենալ։ 

Մինչդեռ Արևմուտքի տեսանկյունից Ռուսաստանին հաղթողի դիրքերից հանդես գալու «միջանցքի» տրամադրումը հղի է պուտինյան Ռուսաստանին այլ տարածաշրջաններում ևս կայսերական նկրտումների բավարարման ամբիցիոզ պլաններ իրականացնելու «պանդորայի արկղ» ստեղծելու և միջազգային իրավունքի ամբողջ համակարգի փլուզման ռիսկով։ 

Ուկրաինական հնարավոր «կանգառի» հարավկովկասյան հետևանքները

Այս տեսանկյունից է, որ Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումները ուղիղ շոշափում են նաև Հայաստանի շահերը։ Մի կողմից, Ուկրաինայում պատերազմի դադարը թույլ կտա Մոսկվային ավելի շատ կենտրոնանալ Հարավային Կովկասում իր խնդիրներին, որոնք, առժամանակ, վերջինս, կամա, թե ակամա, թողել է Թուրքիայի հայեցողությանը։ Սակայն հարցը՝ հաղթողի՞, թե՞ «դեմքը փրկածի» հոգեբանությամբ է Ռուսաստանը հայացքով շրջվելու դեպի տարածաշրջան, որոշելու է, թե ինչպիսի ուժերի հետագա հարաբերակցություն է ձևավորվելու այստեղ։ «Հաղթած» Ռուսաստանն անսանձ ձգտելու է խեղդել եվրաինտեգրման՝ Հայաստանի ձգտումները և անշունչ թղթի կտորի վերածել Հայաստան-ԱՄՆ ռազմավարական համագործակցության կանոնադրությունը։ Կարող է ակտիվացվել ինչպես Հայաստանը ռուս-բելառուսական «ընդհանուր պետության» մեջ ներառելուն, այնպես էլ Երևանին զանգեզուրյան «միջանցքի»՝ թուրք-ադրբեջանական հայեցակարգին հակելու նպատակադրումը, որը Լեռնային Ղարաբաղի անկումից հետո փաստացի միակ գործնական լծակն է՝ պահպանելու տարածաշրջանում «հսկիչի» կարգավիճակը և դրանից բխող քաղաքական ազդեցությունը։ Պատահական չէ, որ անտեսելով «Խաղաղության խաչմերուկ»-ի հայաստանյան առաջարկը՝ Մոսկվան պնդում է 2020թ․ եռակողմ հայտարարությունից բխող՝ տարածաշրջանային կոմունիկացիաները վերաբացելու տարբերակը։ Այս իմաստով ռուս-թուրք-ադրբեջանական «ալյանսը» կարող է ավելի ամրապնդվել։

Մինչդեռ ուկրաինական ճահճից «դեմքը փրկածի» կարգավիճակով դուրս գալու պարագայում Ռուսաստանն, իհարկե, ավելի չափավոր է դառնալու իր նկրտումներում, և դա կարող է Երևանին շանս տալ Մոսկվայի հետ ավելի կառուցողական և հավասարակշռված հարաբերություններ ձևավորել, իր սուբյեկտայնությունը և տարածաշրջանային հեղինակությունն ավելի բարձրացնել։ 

Այստեղ, սակայն, կա մեկ խնդիր։ Դոնալդ Թրամփը քաղաքական իրողություններին մոտենում է բիզնեսմենի մտածողությամբ։ Նրա համար կան ոչ թե քաղաքական բանակցություններ կամ կարգավորում՝ իբրև քաղաքական կատեգորիաներ, այլ՝ գործարք։ Չնայած ակնհայտ է, որ ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության փաստաթուղթը չէր կարող ստորագրվել առանց նոր վարչակարգի սկզբունքային համաձայնության, սակայն առ այսօր ո՛չ Սպիտակ տունը, ո՛չ էլ Պետքարտուղարությունն այդ փաստաթղթի, առհասարակ, Հարավային Կովկասի վերաբերյալ հստակ, հայեցակարգային մոտեցումներ չեն արտահայտել։ Այս իմաստով՝ Վաշինգտոնի տարածաշրջանային քաղաքականությունը մնում է անորոշ և անկանխատեսելի։ Սակայն եթե Վաշինգտոնը և Մոսկվան որոշեն ուկրաինական կոնֆլիկտը հանգուցալուծել «գործարքի» տրամաբանությամբ և դրան ուղղված Թրամփ-Պուտին հնարավոր հանդիպումը, ինչպես ակնկալում է Մոսկվան, տեղի ունենա ավելի լայն քաղաքական օրակարգով, չի կարելի բացառել, որ նրանք կարող են քննարկել «բարտերային» լուծումների տարբերակը, և կողմերի հնարավոր զիջումները վերաբերեն նաև այլ ռեգիոնների, այդ թվում նաև՝ Հարավային Կովկասին։

Այսինքն, չունենալով իրավիճակի վրա ազդելու որևէ լուրջ հնարավորություն, Երևանն իր անվտանգային շահերի առումով շարունակելու է կախված մնալ ուկրաինական թնջուկի լուծման գործընթացից։

Գոռ Աբրահամյան