Վերլուծություն

Ռուսաստանն ու Իրանը «խաղում են» անվտանգության կրակի հետ՝ չայրվելու մտքով. Հայաստանի պատուհանը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հունվարի 17-ին Մոսկվայում ստորագրեցին երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական համաձայնագիր։ Մոսկվայում և Թեհրանում 20 տարվա գործողության ժամկետով այս փաստաթղթի ստորագրումը կարևոր պատմաքաղաքական ձեռքբերում են համարում։

Խորհրդանշական առանձնահատկություն 

Հատկանշական է, որ համաձայնագիրը Մոսկվայում կնքվեց ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնամուտի նախօրյակին։ Այդ կերպ Մոսկվան ու Թեհրանը փաստացի ընդգծում են ԱՄՆ նոր նախագահի նախնական ուղերձներից երկու երկրների համար ենթադրվող մարտահրավերներին միասին դիմակայելու պատրաստակամությունը և ցուցադրում, որ չեն երկնչում Արևմուտքի հետ առճակատման հնարավոր խորացման հեռանկարից։

Այսինքն, տվյալ դեպքում էականը ինքնին համաձայնագրի ստորագրման փաստն է, որպես հրապարակային քաղաքական դեմնոստրացիա, այլ ոչ թե դրա բովանդակությունը, որը, չնայած հնչեղ վերնագրին, ոչ այնքան համաձայնագրային է՝ կոնկրետ գործողությունների հստակ նկարագրով, այլ հռչակագրային, որն ընդամենը մատնանշում է համագործակցության հիմնական թիրախները։

Մինչ այս երկու երկրների միջև գործում էր  դեռևս 2001թ․ Մոսկվայում ստորագրված՝  ՌԴ-ի և ԻԻՀ-ի միջև  հիմնարար հարաբերությունների և համագործակցության սկզբունքների մասին պայմանագիրը, որի գործողության ժամկետը երկարացվել է ամեն 5 տարին լրանալուց հետո։ Հերթականը պետք է լրանար 2026 թվականին։ Այսինքն, հաշվի առնելով աշխարհաքաղաքական նոր իրողությունները, Թեհրանը և Մոսկվան, փոքր-ինչ առաջ ընկնելով, վերաթարմացրել են արդեն գոյություն ունեցող երկկողմ հարաբերությունների հիմնական իրավական պլատֆորմը՝ համապատասխանեցնելով իրենց ներկայիս համընկնող շահերին և մարտահրավերներին և դրան տվել ռազմավարական քողածածկույթ։ Արդյունքում, եթե նախկին պայմանագիրը բաղկացած էր 18 հոդվածից, ապա նոր համաձայնագիրը՝ 47 հոդվածից։

Անվտանգության բանալին

Չնայած հոդվածների ավելի քան եռապատկմանը՝ դրանց բացարձակ մեծամասնությունը վերաբերում են հումանիտար, գիտատեխնիկական, ուսումնական, մշակութային ոլորտներում համագործակցությանը՝ առանց որևէ կոնկրետացումների։

Հիմնական, քիչ թե շատ որոշակիություն պարունակող հոդվածները կամ դրույթները, որոնք ցուցադրում են այս փաստաթղթի ստորագրման իրական նպատակները, վերաբերում են տնտեսական և անվտանգային ոլորտներին։

Բուն պաշտպանության ոլորտում համագործակցությունը ենթադրում է ռազմական և փորձագիտական ​​պատվիրակությունների փոխանակում, փոխայցեր, զինվորական անձնակազմի վերապատրաստում, կուրսանտների և հրահանգիչների փոխանակում, իրենց կողմից կազմակերպվող միջազգային պաշտպանական ցուցահանդեսներին, համատեղ մարզական մրցումներին, մշակութային և այլ միջոցառումներին, ծովային համատեղ օգնության և փրկարարական գործողություններին, ծովահենության և ծովում զինված կողոպուտի դեմ պայքարում, կողմերի տարածքում և դրանից դուրս համատեղ զորավարժություններին մասնակցությանը: Փաստացի, որևէ կետ, որը կարող է վերաբերել փոխադարձ սպառազինության մատակարարմանը, Ռուսաստանում և Իրանում կամ դրանցից դուրս տարածքներում ռազմական օպերացիաների համատեղ իրականացմանը, առհասարակ ռազմատեխնիկական համագործակցությանը, այս փաստաթղթում չկա։

Չի կարելի բացառել, որ կողմերը պարզապես թաքցրել են այս ոլորտում իրական ստրատեգիական պայմանավորվածությունները, որոնց իրավապայմանագրային հիմքերը թողնվել են ստվերում։ Դրա մասին են վկայում համաձայնագրում առկա դրույթներն այն մասին, որ «պայմանավորվող կողմերը ռազմական համագործակցության աշխատանքային խմբի շրջանակներում իրականացնում են համապատասխան համաձայնագրերի նախապատրաստումն ու իրականացումը», և երկրորդ, կողմերը հաստատում են իրենց հանձնառությունը՝ «զարգացնելու ռազմատեխնիկական համագործակցությունը, հիմնվելով իրենց միջև համապատասխան համաձայնագրերի վրա․․․»:

Համաձայնագրի իրական քաղաքական արժեքը կամ հիմնական մեխերից մեկը անվտանգային սպառնալիքների դեմ պայքարում միմյանց դեմ չգործելու, և տնտեսական սանկցիաները շրջանցելու՝ Մոսկվայի և Թեհրանի պայմանավորվածությունների բացահայտումն ու հռչակումն է։ Կողմերը պայմանավորվում են, որ «այն դեպքում, երբ պայմանավորվող կողմերից որևէ մեկը ենթարկվում է ագրեսիայի, մյուս կողմը ագրեսորին չի տրամադրի որևէ ռազմական կամ այլ օգնություն, որը կնպաստի ագրեսիայի շարունակմանը․․․», ինչպես նաև՝ «չպետք է թույլատրեն իրենց տարածքների օգտագործումը ի պաշտպանություն անջատողական շարժումների և այլ գործողությունների, որոնք սպառնում են մյուս կողմի կայունությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև միմյանց դեմ թշնամական գործողություններին աջակցելու համար»։ Պետք է ենթադրել, որ այս հանձնառությունները վերաբերում են Ռուսաստանի շահերի համատեքստում՝ Կուրսկի տարածքների գրավմանը, իսկ Իրանի շահերի համատեքստում՝ հնարավոր համարվող ամերիկա-իսրայելական ռազմական ագրեսիային, երկրի ներսում կոմպակտ ադրբեջանական էթնիկ միավորների կողմից անջատողական տրամադրությունների արհեստականորեն գեներացման դրսի փորձերին։    

Տնտեսական պատժամիջոցների շրջանցման, դրանց ազդեցության թուլացման հարցում գործակցությունը կողմերը շեշտադրել են համաձայնագրի 9-րդ հոդվածի չորս կետերում, որոնք վերաբերում են  իրենց նկատմամբ դրսի կողմից «միակողմանի հարկադրանքի միջոցների կիրառմանը» համատեղ հակազդելուն, նման միջոցների կիրառմանը միանալուց ձեռնպահ մնալուն, երրորդ կողմի կողմից միակողմանի հարկադիր միջոցներ կիրառելու դեպքում  դրանցից բխող «ռիսկերը նվազեցնելուն, վերացնելուն կամ դրանց ուղղակի և անուղղակի ազդեցությունը մեղմելուն» ուղղված գործնական ջանքերի գործադրմանը։ Եթե սրան հավելենք պայմանավորվածությունը՝ «երրորդ պետություններից անկախ վճարային ժամանակակից ենթակառուցվածքի ստեղծման, ազգային արժույթներով երկկողմանի հաշվարկների անցման, միջբանկային ուղղակի համագործակցության ամրապնդման ոլորտում համագործակցությունը զարգացնելու» վերաբերյալ, պատկերը, թերևս, ավելի ամբողջական կդառնա։

Հաշվի առնելով, թե ինչպիսի բծախնդրությամբ ու դետալայնությամբ են համաձայնագրում կողմերը մոտեցել այս երկու մարտահրավերներին դիմակայելուն, կարելի է ասել, որ համաձայնագրի հիմնական ստրատեգիական նշանակությունը խտացված է հենց դրանում։

Հայաստանի «ստվերը»

Մոսկվայում ստորագրված այս համաձայնագիրը, որքան էլ հռչակագրային, բովանդակային առումով, հատկապես երեք կետում, ուղղակիորեն շոշափում է Հայաստանի շահերը։

Նախ, համաձայնագրի ստորագրումը հաջորդեց այս ամիս Վաշինգտոնում ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրմանը։ Արտաքուստ, այս երկու իրադարձությունները միմյանց հետ ուղիղ կապ չունեն։ Սակայն չի կարելի բացառել, որ Հայաստանի հետ նման փաստաթուղթ ստորագրելու՝ Վաշինգտոնի դրդապատճառներից մեկը, գուցե, եղել է ՌԴ-ԻԻՀ նման փաստաթղթի ստորագրման, ամենայն հավանականությամբ՝ դրանում նաև էներգատնտեսական, առևտրատնեսական կապերը խորացնելու, միջազգային սանկցիաները շրջանցելու պայմանավորվածությունների ամրագրման մասին Վաշինգտոնի նախնական տեղեկացվածությունը։ Եթե այդպես է, ապա ԱՄՆ-ն, փաստացի, այսպիսով փորձում է Հայաստանի տարածաշրջանային գործոնը դարձնել Ռուսաստան-Իրան այս առանցքի հակակշռման միջոց։

Այս առումով ուշագրավ է, որ մոսկովյան համաձայնագրում Իրանն ու Ռուսաստանը հստակ ընդգծել են իրենց հետաքրքրությունների գոտում գտնվող տարածաշրջաններում «երրորդ կողմի» ներգրավվածությունը թույլ չտալու հանձնառությունը։ Մասնավորապես, փաստաթղթի 12-րդ հոդվածը սահմանում է․ «Պայմանավորվող կողմերը կնպաստեն խաղաղության և անվտանգության ամրապնդմանը Կասպից տարածաշրջանում, Կենտրոնական Ասիայում, Անդրկովկասում և Մերձավոր Արևելքում, կհամագործակցեն՝ կանխելու միջամտությունը նշված տարածաշրջաններին, երրորդ պետությունների ապակայունացնող ներկայությունը այնտեղ և կարծիքներ կփոխանակեն այլ երկրներում տիրող իրավիճակի վերաբերյալ»:

Նախ, Անդրկովկասի հիշատակումն այդ շարքում ինքնին արդեն խոսուն է։ Պետք է ենթադրել, որ «այլ երկրում տիրող իրավիճակի» մասին ակնարկը վերաբերում է հենց Հայաստանին կամ՝ նաև Հայաստանին։ Մոսկվայում համաձայնագրի ստորագրմանը հաջորդած ասուլիսի ընթացքում Իրանի նախագահ Փեզեշքիանը հատուկ կանգ է առել այս խնդրի վրա։ Նա շեշտել է, թե տարածաշրջանը պետք է կառավարվի տարածաշրջանային երկրների կողմից, կարիք չկա, որ դրսից գան և խախտեն տարածաշրջանը և պարտադրեն իրենց քաղաքականությունը։ Նա վստահություն է հայտնել, որ Իրանի և Ռուսաստանի հարաբերություններն ու համագործակցությունը կխափանեն դրսի ծրագրերը։ Այս իմաստով, համաձայնագիրը, փաստացի, ամբողջացնում է Հայաստանի միջոցով ԵՄ-ի և ԱՄՆ-ի տարածաշրջանային ներգրավվածության դեմ շղթայի բոլոր օղակները, ինչը, բնականաբար, Մոսկվայի և, հատկապես, Թեհրանի հետ հարաբերություններում բարդացնում է Երևանի խնդիրները։

Երկրորդ, համաձայնագրում Մոսկվան ու Թեհրանը պայմանավորվում են ակտիվորեն համագործակցել ՌԴ և ԻԻՀ տարածքով անցնող միջազգային տրանսպորտային միջանցքների, մասնավորապես, Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման գործում»։ Այն դիտարկվում է որպես  «տրանսպորտային միջանցքներով անխափան փոխադրումների միջոց»։

Թե՛ Մոսկվան, թե՛ Թեհրանը «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը, մասնավորապես, դրա արևմտյան «վտակը» կառուցում են Ադրբեջանի միջոցով։ Դրա վերաբերյալ հռչակագիրը երեք երկրներն ստորագրել են 2022թ․ սեպտեմբերին և տարեցտարի ավելացնում են այս միջանցքով ավտոտրանսպորտային բեռնափոխադրումների ծավալները։ Թեև ՌԴ-Իրան համաձայնագիրը նոր բան, այս առումով, չի ավելացնում, սակայն քաղաքականապես ընդգծում է դրա ստրատեգիական նշանակությունը երկուսի համար էլ։ Այս իրողությունը ուղիղ հակադրության մեջ է մտնում Հայաստանի կառավարության կողմից առաջարկված «Խաղաղության խաչմերուկ» տարածաշրջանային տրանսպորտային նախագծի հետ և խնդրահարույց դարձնում դրանում ներգրավվելու հարցում Իրանի, Ռուսաստանի, իհարկե, նաև Ադրբեջանի շահագրգռությունը։ Մանավանդ, այն պայմաններում, երբ Հայաստանի հետ ստորագրված ստրատեգիական գործընկերության կանոնադրության մեջ ԱՄՆ-ն «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ուղիղ քաղաքական աջակցություն հայտնեց, այդ հեռանկարը դառնում է ավելի մշուշոտ․ ամենայն հավանականությամբ, թե՛ Թեհրանը, թե՛ Մոսկվան դրանում ևս տեսնելու են ԱՄՆ-ի և գլոբալ Արևմուտքի կողմից տարածաշրջան «քիթը խոթելու» հավակնություն։

Երրորդ, փաստաթղթում շեշտվում է նաև Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև տնտեսական կապերը խորացնելու ցանկությունը։  2018 թվականի մայիսի 17-ին Աստանայի տնտեսական համաժողովի ընթացքում, հայկական կողմի ակտիվ նախապատրաստական աշխատանքների արդյունքում, ԵԱՏՄ երկրների և Իրանի միջև ստորագրվեց ազատ առևտրի գոտու ստեղծման մասին ժամանակավոր համաձայնագիր, իսկ 2024թ․ դեկտեմբերին կայացած Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստում ընդունվեց որոշում Իրանին ԵԱՏՄ դիտորդ երկրի կարգավիճակ տրամադրելու մասին: Եթե առաջիկայում ԵԱՏՄ-ի և Իրանի միջև սկսի գործել լիարժեք ազատ առևտրի համաձայնագիրը, Հայաստանը կարող է չափազանց կարևոր առևտրային և ցամաքային տրանսպորտային կոմունիկացիոն օղակի դեր ստանձնել ԵԱՏՄ-ի և Իրանի միջև։ Այս իմաստով, ՌԴ-Իրան ստրատեգիական համաձայնագրում արտացոլված այս դրույթը բխում է ՀՀ տնտեսաքաղաքական շահերից այնքան ժամանակ, քանի դեռ Երևանը ԵԱՏՄ-ին անդամակցության շարունակման նպատակահարմարության խնդիր առարկայորեն չի դրել։  

Գոռ Աբրահամյան