Հունվարի 14-ին Վաշինգտոնում ստորագրվեց Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, որը անկյունաքարային պետք է համարել ինչպես հայ-ամերիկյան հարաբերությունների, այնպես էլ տարածաշրջանի դերակատարների շահերի վերաբաշխման տեսանկյունից։ Այս փաստաթղթի քաղաքական նշանակությունը և ազդեցությունն իրեն զգացնել կտա ավելի ուշ։ Սակայն մինչ այդ՝ դրա ձևակերպումների տողատակային որոշ իրողություններ մնում են փաստաթղթի շուրջ ծավալված համակողմանի տեղեկատվական աղմուկի ստվերում և հնարավորինս անաչառ մեկնաբանության կարիք ունեն։
1․ Որպես գործընկերության հիմնական սկզբունք է հռչակվում «ժողովրդավարական արժեքների ընդհանուր հանձնառությունը և համոզմունքը, որ ժողովրդավարությունը քաղաքական լեգիտիմության և, հետևաբար, կայունության գլխավոր հիմքն է»:
Փաստացի, կանոնադրությունից բխող գործակցության առաջնային ուղղություններից է դիտարկվում ժողովրդավարական և մարդու իրավունքների ինստիտուտների զարգացումը։ Այս հանգամանքն անուղղակիորեն փաստում է, որ ԱՄՆ-ն Հայաստանը դիտարկում է որպես տարածաշրջանում ժողովրդավարության հիմնական կամ, գոնե այս պահին, միակ հենակետը՝ հաշվի առնելով Արևմուտքի աչքում այդ կարգավիճակը Վրաստանի կողմից կորցնելու հանգամանքը։ Սա այն քաղաքական կապիտալն է, որը Երևանը փորձելու է ավելի համարձակորեն խաղարկել իր տարածաշրջանային շահերի պաշտպանության և քաղաքական սուբյեկտայնության բարձրացման նպատակներով։
2․ Կանոնադրությամբ երկու երկրների գործընկերության առանցքային սկզբունք է սահմանվում «ուժեղ, անկախ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանը, որն ի զորու է պաշտպանել իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը», որը առանցքային է դիտարկվում «տարածաշրջանային տևական անվտանգության և բարգավաճման համար։
Այս դրույթը ամբողջ էությամբ հակադրվում է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի վարած ետպատերազմական քաղաքականությանը, որի իմաստը Հայաստանը պաշտպանունակությունից, դիմադրողականությունից և սուբյեկտայնությունից զուրկ, Բաքվից և Անկարայից բացարձակ կախվածության մեջ և նրանց ողորմածությանն ապավինող տարածաշրջանային խամաճիկ իզգոյի վերածումն է։ Թեև ԱՄՆ-ի համար այս դրույթի նշանակետը Մոսկվան է, սակայն ակնհայտ է, որ Հայաստանի ուժեղացումն իբրև տարածաշրջանային կայունության և անվտանգության նախադրյալ դիտարկելով՝ Վաշինգտոնը փորձում է զսպել Ադրբեջանի էքսպանսիոնիստական նկրտումները տարածաշրջանում։
3․ Վերոնշյալի մաս է կազմում նաև կանոնադրությամբ ամրագրումը, որ «Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, այդ թվում՝ սահմանազատման գործընթացին, հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա»: Այս կերպ ԱՄՆ-ն ոչ միայն ճանաչում է Հայաստանի ներկայիս տարածքային ամբողջականությունը, այլև այն ընդունում որպես հայ-ադրբեջանական խաղաղության և բանակցային գործընթացի դոկտրին։ Վաշինգտոնն այսպիսով սահմանում է իր ակնկալիքները Հայաստան-Ադրբեջան բանակցություններից՝ գոնե այս պահին չդրսևորելով դրանում անմիջականորեն ներգրավվելու հավակնություն։
4․ Փաստաթղթով ամրագրվում է, որ «Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են խորացնել hամագործակցությունը՝ ուղղված Հայաստանի ինտեգրմանը առավել լայն տարածաշրջանային տրանսպորտային ցանցերին և կապակցման նախաձեռնություններին, մասնավորապես՝ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծի` ամուր քաղաքական աջակցության և դրա խթանման միջոցով»:
ԱՄՆ-ն այս կերպ հրապարակավ քաղաքական աջակցություն է հայտնում տարածաշրջանային տրանսպորտային կոմունիկացիաների համակողմանի վերաբացման, այդ թվում, անուղղակիորեն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցի լուծման Հայաստանի առաջարկած հայեցակարգին։ Այս հանգամանքը փաստվում է նաև նրանով, որ փաստաթղթով ԱՄՆ-ն հստակ ընդգծում է Հարավային Կովկասում տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը երկրների (հասկանալ՝ առաջին հերթին Հայաստանի-հեղ․) ինքնիշխանության և իրավազորության հիման վրա իրականացնելու անհրաժեշտությունը։
Իհարկե, ավելի շահեկան կլիներ, եթե Վաշինգտոնը ոչ միայն առավել հստակ դիրքորոշում արտահայտեր «Զանգեզուրի միջանցքի» ադրբեջանական կոնցեպտի անընդունելի լինելու վերաբերյալ, ինչպես նաև փաստաթղթում որոշակիացված լինեին այն մեխանիզմները, որոնցով կողմերը նախատեսում են կյանքի կոչել «Խաղաղության խաչմերուկի» նախագիծը՝ հատկապես այս ոլորտում ԱՄՆ-ի կողմից ներդրումների իրականացման կամ նման խոստումների արտահայտման տեսքով։
5․ Փաստաթղթով դրվում է Հայաստանի էներգիայի արտադրության և մատակարարումների բազմազանեցման խնդիր, այդ համատեքստում՝ նաև «քաղաքացիական միջուկային էներգիայի ծրագրի զարգացում՝ միջուկային ապահովության, անվտանգության և չտարածման բարձրագույն ստանդարտներին համաձայն»։
Ակնհայտորեն այս նպատակադրումն ուղղված է էներգակիրների՝ Հայաստան ներմուծման դիվերսիֆիկացմանը, ռուսական գազի և Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման համար ռուսական ուրանի մատակարարումներից Հայաստանի կախվածության նվազեցմանը, այդ թվում նաև՝ վերականգնվող էներգետիկայի խթանման միջոցով։ Այս քաղաքական հանձնառությունն, իհարկե, ավելի շատ տողատակեր է պարունակում, քան տեսանելի դարձնում կոնկրետ գործողություններ։ Մասնավորապես, հարցեր են առաջանում առ այն, թե արդյոք այս կերպ խնդիր չի դրվում Հայաստանի էներգահամակարգում նվազեցնել ատոմային էներգետիկայի մասնաբաժինը, կամ՝ եթե ոչ, արդյոք այն ենթադրում է Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման նախագծից ռուսական հնարավոր ներգրավվածության չեզոքացում՝ փոխարինելով ամերիկյան կամ եվրոպական ընկերություններով։
Պետք է ենթադրել նաև, որ այս ոլորտում Վաշինգտոնի անթաքույց հետաքրքրությունները կարող են պայմանավորված լինել նաև Իրանի միջուկային ծրագրերի իրականացմանը Հայաստանի որևէ աջակցություն բացառելու և, այս առումով, հայ-իրանական հաղորդակցությունը վերահսկելի դարձնելու հրամայականով։ Դրանով է պայմանավորված, թերևս, փաստաթղթում այն դրույթի հատուկ ամրագրումը, որ «Հայաստանը և Միացյալ Նահանգները նախատեսում են ուսումնասիրել զանգվածային ոչնչացման զենքի և վտանգավոր տեխնոլոգիաների տարածման դեմ պայքարի միջոցները միջազգային չտարածման չափանիշներին համապատասխանելու, արտահանման վերահսկողության արդյունավետ կիրառման և վերահսկողության ամրապնդման միջոցով: Այդ նպատակով Միացյալ Նահանգները մտադիր է աջակցել Հայաստանի սահմանապահ զորքերի և պետական եկամուտների կոմիտեի կարողությունների զարգացմանը»։
6․ Փաստաթղթով Հայաստանը և Միացյալ Նահանգները փաստացի համաձայնել են աշխատանքային խմբի ձևաչափով ձեռնամուխ լինել երկակի օգտագործման ապրանքների արտահանման վերահսկողությանը և այս ոլորտում իրականացնել տեղեկատվության փոխանակում։ Պետք է ենթադրել, որ այս հարցում ԱՄՆ-ի ակնառու շահագրգռությունը պայմանավորված է հատկապես Հայաստանի միջոցով ԵԱՏՄ խողովակների կիրառմամբ՝ շրջանցելով ՌԴ-ի նկատմամբ կիրառված սանկցիաները, ռուսական տեխնոլոգիական ռազմարդյունաբերության համար կենսական նշանակություն ունեցող էլեկտրոտեխնիկայի, այդ թվում՝ էլեկտրոչիպերի մատակարարումները Ռուսաստան բացառելու կամ սահմանափակելու հրամայականով։ Մեկ անգամ չէ, որ սանկցիաները շրջանցելուն Հայաստանի կողմից թաքնված օժանդակելու առնչությամբ կասկածներ են հնչել Վաշինգտոնից։ Այս իմաստով, Հայաստանը, փաստացի, գործնականացնում է այդ կասկածները հերքելու և ազնիվ խաղի կանոններով խաղալու իր հանձնառությունը։
7․ Կանոնադրության մեջ ամենամեծ ուշադրության և շահարկումների է արժանանում հատկապես հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության պաշտպանության և անվտանգության բաղադրիչը։ Կողմերն այս առումով ընդամենը ընդհանուր գծերով անելիքների ուղղություններ են նախանշում․ մասնավորապես, մտադրություն են հայտնում «ընդլայնել իրենց պաշտպանական և անվտանգային համագործակցության ծրագրերի ծավալը, այդ թվում՝ առաջիկա տարվա ընթացքում նախաձեռնել երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ և, մասնագիտական ռազմական ուսուցման միջոցով, աջակցել Հայաստանի զինված ուժերին»:
Ակնառու է այն փաստը, որ կանոնադրությունից «վրիպել» է ռազմատեխնիկական գործակցությունն ընդհանրապես, այդ թվում՝ սպառազինության հնարավոր մատակարարման, ՀՀ զինված ուժերը ՆԱՏՕ-ի չափորոշիչներով արդիականացնելու, գուցե նաև՝ հայաստանյան ռազմարդյունաբերությանը տեխնոլոգիական աջակցություն ցուցաբերելու ուղղությունների առումով։ Պետք է ենթադրել, որ կամ այս հարցում դեռևս չկան պայմանավորվածություններ, կամ կողմերը չեն ցանկացել այդ մասին բարձրաձայնել կանոնադրությամբ։ Վերջինս կարող է բացատրվել Ադրբեջանի կանխատեսելի հակազդեցությունը չհարուցելու ցանկությամբ՝ հատկապես հաշվի առնելով Բաքվից վերջին շրջանում ԱՄՆ-ի հասցեին հնչող մեղադրանքները Հայաստանին սպառազինություն տրամադրելու կապակցությամբ։ Այդ կերպ, հնարավոր է, կողմերը խուսափել են կանոնադրության ստորագրումը տարածաշրջանային նոր լարվածության առիթ դարձնելու հեռանկարի ստեղծումից։
Ամեն դեպքում, շատ կարևոր է, թե ինչ է իրականում թաքնված պաշտպանության և անվտանգության ռազմական բաղադրիչի առումով կանոնադրության տողատակերում, քանի որ գործնականում հենց դրանից է կախված, թե որքանով են իրագործելի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը պաշտպանելու, Հայաստանի հզորացման վերաբերյալ կանոնադրության մեջ նշվող համատեղ նպատակադրումները, և, առհասարակ, թե ինչ գործնական արժեք ունի այս փաստաթուղթը Հայաստանի անվտանգության ապահովման առումով։
Ընդ որում, չի կարելի նաև այս հարցում փաստաթղթի կոնկրետիկայից զգալի զուրկ լինելու հանգամանքը նեգատիվ գնահատել․ ի վերջո, սա այն ոլորտն է, որտեղ ամեն ինչ չէ, որ պետք է հրապարակային դարձնել՝ մանավանդ, որ գործ ունենք ոչ թե ռազմաքաղաքական կամ ռազմատեխնիկական համագործակցության պայմանագրի, այլ միայն միջպետական հարաբերությունները ռազմավարական մակարդակի տեխափոխելու «հռչակագրի» հետ։
8․ Փաստաթղթով ԱՄՆ-ն հանձնառություն է ստանձնում շարունակել աջակցությունը Հայաստանին՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և փախստականներին օգնություն տրամադրելու գործընթացում՝ «հաշվի առնելով, որ Հայաստանը 2023թ. սեպտեմբերից ի վեր բախվել է տեղահանման ճգնաժամի»։
Այստեղ էականն, իհարկե, Հայաստանին ցուցաբերվող աջակցության ծավալը կամ բնույթը չէ, այլ այն, որ, մեղմ ասած, զգալի զգուշավորություն է դրսևորվել 2023թ․ Ադրբեջանի կողմից կատարված՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության տեղահանության բռնի և պարտադրված լինելու, փաստացի էթնիկ զտման ենթարկելու փաստերին գնահատականներ տալու հարցում։
Կարելի է կարծել, որ նման հարցերում զգալի զգուշավորություն պահպանելով՝ Վաշինգտոնը փորձում է հասու դարձնել Բաքվին, որ Հայաստանի հետ գործակցության խորացումն ուղղված չէ իր դեմ։ Սակայն տեղահանության բռնի բնույթը չընդգծելու հանգամանքը Ադրբեջանի կողմից կարող է մեկնաբանվել որպես հայկական բնակչության՝ ինքնակամ տեղահանության կամ տեղափոխության՝ իրենց շրջանառած նարատիվի լեգիտիմացում ԱՄՆ-ի կողմից։ Դա ուղղակիորեն շոշափում է նաև պատմական հայրենիք վերադառնալու և իրենց կորցրած սեփականության նկատմամբ արցախցիների իրավունքների ճանաչման հարցում միջազգային հանրության ետքայլ։
Գոռ Աբրահամյան