Վերլուծություն

Ո՞վ ասաց մյաու, կամ հեքիաթ դատական իշխանությանը «երբեք» չճնշելու մասին

Ռոբերտ Քոչարյանը երեկ իր ամպլուայի մեջ էր:

Նախ՝ ցուցադրական արհամարհական վերաբերմունք դրսևորեց դատարանի դահլիճում, երբ մարտի 1-ի գործով մեղադրանք առաջադրելու միջնորդության ժամանակ ականջակալներով նստած, հեռախոսով ինչ-որ բան էր նայում։ Ավելի ուշ լրագրողների հետ ճեպազրույցում հաստատեց, որ միտումնավոր է արել. «Դուք էդ հեքիաթը լսե՞լ եք։ Ես ականջակալները միացրել էի, որ էդ անհեթեթությունը չլսեմ։ Չեմ լսել, չեմ ուզում իրավական հարցերի մեջ խորանալ»։

Բնականաբար, ոչ մի զղջում մարտի 1-ի իրադարձությունների համար, ոչ մի ափսոսանք։ Միայն լրագրողներին ասաց, թե իր համար «տհաճ էր», որ պաշտոնավարման ավարտին նման դեպքեր եղան։ Բայց ոճրագործության ողջ մեղքը փորձեց բարդել այն ժամանակվա ընդդիմության վրա, թե «այդ հարցը պետք է տալ մարդկանց, որ այդ բախումները հրահրել են»։

Ու Քոչարյանի շուրթերից կրկին հնչեց նույն հեքիաթը, ինչ պատմել էր 16 տարի առաջ՝ ցուցարարների կողմից ոստիկանների ուղղությամբ իբր կրակոցներ արձակելու մասին։ Ճիշտ է՝ այս անգամ չպատմեց «մեքենայի հետևից դուրս գալու, կրակելու և թաքնվելու» մասին, բայց ընդհանրական ասաց, թե՝ «Բազմաթիվ տեսահոլովակներ են պտտվում, թե ոնց են ցուցարարների միջից նաև ավտոմատով կրակում դեպի ոստիկանական շարքերը»։

Իհարկե, այսքանից հետո մի հարց. այդ ինչպե՞ս եղավ, որ և՛ իր, և՛ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում այդպես էլ չհայտնաբերվեց ոստիկանների ուղղությամբ ինքնաձիգից կրակոցներ արձակած որևէ ցուցարար, որևէ մեկին մեղադրանք չներկայացվեց, որևէ մեկի նկատմամբ մեղադրական դատավճիռ չկայացվեց։

Պատասխանը, թերևս, պարզ է։ Չեղավ, որովհետև նման բան տեղի չէր էլ ունեցել, որովհետև շատ դժվար է մութ սենյակում սև կատու փնտրել, հատկապես, եթե այն չկա։ Այլապես, որևէ մեկը կասկածո՞ւմ է՝ եթե նման դեպք լիներ, մեղավորին ոչ միայն կբացահայտեին, այլև՝ իշխանությունները չէին վարանի այն դարձնել դրոշակ, թմբկահարել առավոտից երեկո և ցուցարարներին ներկայացնել որպես «զինված ավազակախումբ»։

Փոխարենը, եթե հիշում եք, մարտի 1-ին զոհվել էր 10 ցուցարար, որոնց մեջ նաև՝ դիմահար կրակոցից զոհվածներ կային։ Նաև բացահայտվել էր, որ այդ օրը Պարոնյան և Լեո փողոցների շենքերի վրա դիպուկահարներ են եղել։

Երեկվա ճեպազրույցից մեկ այլ ուշագրավ դրվագ. հարցին՝ իր պաշտոնավարման շրջանում «դատավորներին SMS» չի՞ գրել կամ «զանգովի արդարադատություն» արդյո՞ք չի եղել, Ռոբերտ Քոչարյանը մի քանի անգամ կրկնել է «երբեք» բառը․ «Երբեք։ Այս ամենն ինչ դուք տեսնում եք, սա արդեն հանրային դարձած հանցագործությունների մասին հայտարարություններ են»։

Միգուցե Քոչարյանն անձամբ SMS-ներ չի գրել, ոչ էլ անձամբ է զանգահարել։ Բայց հիմնավոր կասկածներ կան, որ այդ ամենն արվել է միջնորդավորված։ Մի դեպքով նույնիսկ կոնկրետ անուն կա. Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյան։

Հիշո՞ւմ եք Վիկիլիքսի բացահայտումները. ՍԴ դատավոր Վալերի Պողոսյանը 2008թ. մարտի 1-ից հետո հանդիպել էր ԱՄՆ դեսպանի հետ և պատմել, որ ինքն անձամբ, ինչպես նաև իր կոլեգաներից ոմանք ճնշումների են ենթարկվել նախագահականի կողմից: Պողոսյանը պատմել էր որ մարտի 4-ին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի բողոքի լսման նախօրյակին, իրեն զանգահարել և պահանջել է ներկայանալ նախագահական նստավայր մեկը, որը հանդես էր գալիս նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի անունից։ Նա նաև պատմել էր, որ ՍԴ այլ անդամներ գնացել են նախագահական, բացի այդ, նախագահականից սպառնացել են աշխատանքից ազատել իր եղբորը, որը նույնպես այնտեղ է աշխատում, եթե նա չկարողանա համոզել Պողոսյանին ներկայանալ։ Այսինքն՝ Քոչարյանի աշխատակազմից ճնշել էին ոչ ավել, ոչ պակաս՝ Բարձր դատարանի ներկայացուցչին։

Մեկ ուրիշ դեպք էլ. 2007թ. դատավոր Պարգև Օհանյանի լիազորությունները Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով դադարեցվեցին։ Սա այն բանցից հետո, երբ հակառակ իշխանությունների ցանկության, Օհանյանն արդարացնող դատավճիռ էր կայացրել «Ռոյալ Արմենիա» ընկերության ղեկավարների նկատմամբ, որոնք պնդում էին, թե Մաքսային ծառայությունը կոռումպացված է:

Ու ընդհանրապես, Քոչարյանի օրոք այնպիսի մթնոլորտ էր ստեղծված, որ զանգի, SMS-ի, հորդորի, խնդրանքի կարիք չկար. բոլորը գիտեին իրենց անելիքները, նաև գիտեին՝ ինչ կլիներ իրենց հետ, եթե հանկարծ շեղվեն խաղի կանոններից։ Ճիշտ է՝ դրա հետևանքով հետո Հայաստանը ՄԻԵԴ-ում տասնյակ, հարյուրավոր գործերով տանուլ է տվել, վճիռներ ու դատավճիռներ են բեկանվել, բյուջեից ահռելի գումարներ են տրվել որպես փոխհատուցում, բայց սա նրանց չէր հետաքրքրում։

Արման Գալոյան