ՌԴ նախագահի վարչակազմում հույս ունեին, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կվերածվեն բողոքի ակցիաների՝ 2021թ. Կապիտոլիումի գրոհի նմանությամբ։
«Հանրությունն այսօր էլ ավելի բևեռացված է, քան 2021թ. Կապիտոլիումի գրոհի ժամանակ։ Գլխավոր խաղադրույքը ոչ այնքան կոնկրետ թեկնածուի հաղթանակի վրա էր, այլ այն բանի, որ հակառակ կողմը կհրաժարվեր ընդունել ընտրությունների արդյունքները»,-«Медуза»-ին հայտնել են ՌԴ նախագահի վարչակազմի աղբյուրները։
Կրեմլին մոտ կանգնած ևս մեկ զրուցակից նշել է, որ վարչակազմում հույս ունեին, որ ճգնաժամի պայմաններում ամերիկյան իշխանությունները կկենտրոնանան ներքին խնդիրների, այլ ոչ թե Ռուսաստանի հետ դիմակայության վրա։
Այնուամենայնիվ, մի քանի շաբաթ առաջ գնահատականը փոխվեց՝ հօգուտ Թրամփի։ Ինչպես ամերիկացի փորձագետները, այնպես էլ ԱՄՆ-ում անցկացված սոցիոլոգիական հարցումները ցույց տվեցին, որ ընտրություններում հաղթելու հավանականությունը մոտավորապես հավասար է։ Միաժամանակ, ՌԴ նախագահի վարչակազմի աղբյուրները նշում են, որ ընդհանուր առմամբ ռուսական էլիտաները Թրամփին համակրում են, նրան նկարագրում են որպես վառ անհատականություն, ով խոսում է պահպանողականության մասին, հարուստ է, հաջողակ է, Ռուսաստանին չի վիրավորում։