Վերլուծություն

Քամալա Հարիսի քարոզարշավի ռազմավարությունը թղթի վրա հիանալի էր թվում

Քամալա Հարիսի քարոզարշավի ռազմավարությունը թղթի վրա հիանալի էր թվում. գրում է The New York Times-ի հոդվածագիր Դեյմոն Լինքերը։

«Նա հեռու կմնա 2019-ի ոչ պոպուլյար առաջադիմական դիրքերից, անվերապահորեն կաջակցի ամերիկյան հայրենասիրությանը և ազատությանը և կստեղծի լայն կոալիցիա՝ ուրախությամբ ընդունելով նախկին հանրապետական պաշտոնյաների աջակցությունը, ինչպիսիք են Լիզ Չեյնին և նրա հայրը՝ նախկին փոխնախագահ Դիք Չեյնին։

Այս մոտեցումը ռազմավարական առումով խելամիտ էր թվում։ 1930-ականներին ֆաշիզմի դեմ միջգաղափարական «ժողովրդական ճակատի» օրինակով այն վերջին տարիներին կիրառվել է աջակողմյան պոպուլիստական կուսակցությունների և թեկնածուների դեմ Իսրայելում, Հունգարիայում և այլ երկրներում: Այնուամենայնիվ, այս ռազմավարության հաջողությունը, լավագույն դեպքում, երկիմաստ է:

Դրան գումարենք ամբողջ աշխարհում ընտրողների մռայլ տրամադրությունները, որոնք առաջացել են գնաճից։ Տարիներ և նույնիսկ տասնամյակներ շարունակ ամերիկացիների ճնշող մեծամասնությունը սոցիոլոգներին ասում էր, որ իրենք դժգոհ են երկրի զարգացման ուղղությունից։ Ներկայանալով որպես երկրի իշխող իսթեբլիշմենթի պաշտպան՝ նա ճակատագրական կերպով անցնում է հասարակական կարծիքի սխալ կողմը։

Ավելի քան 10 տարի երկրի բնակիչների 50-75%-ը սոցիոլոգներին ասել է, որ երկիրը սխալ ուղու վրա է։

Վստահության այս կորստի պատճառները չափազանց շատ են թվարկելու համար՝ Իրաքի պատերազմ, ֆինանսական ճգնաժամ, համավարակ, Աֆղանստանից ամերիկյան զինված ուժերի նվաստացուցիչ և բարոյալքող դուրսբերում, 2022թ. գների կտրուկ աճ, հիասթափեցնող և թվացյալ անվերջ ռուս-ուկրաինական պատերազմ, միգրանտների հոսք։

Պաշտոնյաները քաղաքականություն են մշակում և կյանքի կոչում, և երբ ընտրողները հավանություն չեն տալիս դրա արդյունքներին, նրանք հաճախ անցնում են հաջորդ քայլին՝ հուսալով, որ դժգոհությունը կմոռացվի, կամ էլ հեռացնում են քննադատությունը՝ դա բացատրելով անտեղյակությամբ կամ ապատեղեկատվությամբ։

Պարզվում է, որ դա այնքան էլ արդյունավետ չէ քաղաքական տեսանկյունից։ Ընդհակառակը, դա հանգեցնում է նրան, որ դժգոհությունն ուժեղանում է և վերածվում վտանգավոր վարակի, որն ազդում է քաղաքական համակարգի վրա։

Հարիսն առաջադրվեց նախագահի պաշտոնում որպես պահպանողական՝ ձգտելով պահպանել, պաշտպանել երկրի երկկուսակցական քաղաքական հաստատությունը հակահամակարգային ֆուրորից, որը տարիներ շարունակ աճում էր ընտրողների շրջանում և որը սնուցում է MAGA շարժումը:

Այժմ կառավարության հանդեպ թերահավատությունը, եթե ոչ՝ ցինիզմը, դուրս է գալիս կառավարության գործունեության շրջանակներից։

Սակայն  դա չի նշանակում, որ դեմոկրատները պետք է վայր դնեն զենքը և գնան տուն։ Փոխանակ արմատական նոր ծրագրեր առաջարկելու կամ նույնիսկ հաստատուն դիրքորոշում ունենալու, ինչպես դա արեց Հարիսը, նրանք կարող էին փորձել վերաիմաստավորել իրենց որպես պատասխանատու բարեփոխիչներ: Այս ճանապարհին առաջին քայլը կլինի վերջին երկու տասնամյակների ընթացքում երկու կուսակցությունների պետական ծառայողների կողմից թույլ տրված որոշ սխալների ընդունումը։

Շատ ամերիկացիներ կորցրել են վստահությունը կառավարության նկատմամբ: Դեմոկրատները պետք է նախ ընդունեն խնդրի գոյությունն ու օգնեն վերականգնել վստահությունը»,-գրում է Լինքերը։