Վերլուծություն

Ի՞նչ կատարվեց ԱՄՆ-ում. Թրամփի ֆենոմենը vs Հարրիսի ֆիասկոն

ԱՄՆ նախագահական ընտրությունները փաստացի ավարտված են, նախկին նախագահ Դոնալդ Թրամփը՝ ԱՄՆ 47-րդ ընտրյալ-նախագահն է։ Ընտրությունների արդյունքների հանդեպ շոկը կարծես կրկնում է 2016 թվականը, երբ Հիլարի Քլինթոնի պարտությունը ոչ ոք չէր կանխատեսում, այն էլ՝ Թրամփի պես քաղաքական նորեկից։

Դոնալդ Թրամփը՝ «ֆենոմենալ անձնավորություն»

Դոնալդ Թրամփը քաղաքական գործիչ չի եղել, միշտ հանդես է եկել որպես գործարար, որը կարողանում է պարզ համաձայնություններ կնքել։ Նրա բիզնես գործունեությունը նույն տրամաբանությամբ արտահայտվեց 2016-2020թթ. նախագահության շրջանում, երբ հարաբերվում էր ՆԱՏՕ-ի, ԵՄ տերությունների, Չինաստանի, Ռուսաստանի, Հյուսիսային Կորեայի և մյուս երկրների հետ։ Թրամփը բանակցող է, ունի արագ արդյունքի հասնելու ջիղ ու ջանասիրություն, պատրաստ է գնալ ռիսկի։ Եվ այս վերջին հանգամանքն էլ առնվազն առաջին չորս տարում խաղաց հօգուտ Թրամփի։

Ասել, որ Թրամփը ֆենոմենալ անձնավորություն է, նշանակում է ոչինչ չասել։ Անկախ նրա քաղաքական հայացքներից, քայլերից, անհատական հատկանիշներից ու այդ ամենի հետ համաձայն կամ տարակարծիք լինելու հանգամանքից, փաստ է, որ նա 3 նախագահական ընտրություն անընդմեջ եղել է հանրապետական կուսակցության առաջնորդը։ Սա աննախադեպ երևույթ է 20-րդ դարից ի վեր ԱՄՆ պատմության մեջ։ Թրամփը պարտվեց 2020թ. ընտրություններում, սակայն ոչ միայն մնաց ակտիվ քաղաքականության մեջ, այլև ընդլայնեց ու ուժեղացրեց իր շարժումը, շարքից հանեց բոլոր ներկուսակցական հակառակորդներին։ Թրամփի դեմ հարուցվեցին բազմաթիվ քրեական գործեր, նա դարձավ առաջին նախագահը, որ ենթարկվեց քրեական պատասխանատվության։ Այդ ամենով հանդերձ, սակայն, Թրամփը ոչ միայն չընկրկեց, այլև ավելի համառ ու նպատակասլաց դարձավ։ Սրանք անհատական հատկանիշներ են, որոնք կարելի է չսիրել ու չընդունել, բայց որոնց հետ հաշվի չնստելն անկարելի է։ Եթե այս ամենին գումարենք Թրամփի դեմ իրականացված մահափորձը, որի արդյունքում նա վայրկյանների հրաշքով ողջ մնաց, պատկերն ամբողջանում է։

Սակայն ամենաուշագրավը 2020թ. պարտությունից հետո նրա՝ կրկին նախագահ ընտրվելու փաստն է։ Նախկինում միայն մեկ նման դեպք է տեղի ունեցել ԱՄՆ պատմության մեջ, որ հեռացած նախագահը վերադառնա Սպիտակ տուն, այսինքն՝ ընտրողները ցանկանան նրա «բարքերի ու ժամանակների» վերադարձը։ Սա ինքնին ցուցիչ է, թե ինչպիսի ճգնաժամային դրություն է ամերիկյան ավանդական քաղաքական ընտրանու մոտ, որը ոչ միայն անպիտան գտնվեց 8 տարվա մեջ պետության կառավարման համար նոր սերունդ առաջ բերելու հարցում, այլև իր կառավարմամբ ավելացրեց Թրամփի «պահանջարկը»։ Այլապես տարօրինակ է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնի համար 2016թ.  ի վեր պայքարում են տարեց մարդիկ, իսկ 2024թ. թեկնածուների տարիքը պատմության մեջ ամենաբարձրերից էր՝ Թրամփ (78), Բայդեն (80) և Հարրիս (60)։

Քամալա Հարրիսը՝ Հիլարի Քլինթոնի «աշակերտ»

Ինչպես նկատվում էր Ջո Բայդենի՝ ընտրարշավը դադարեցնելու պահին, նոր թեկնածու Քամալա Հարրիսը երկար ժամանակ չուներ համազգային ընտրական հայտ ներկայացնելու ու հաղթելու համար։ ԱՄՆ նախագահական ընտրությունները սովորաբար մեկնարկում են դեռ 1.5-2 տարի առաջ և այդ ժամանակահատվածը հազիվ է բավականացնում հաջող հայտ ներկայացնելուն, իսկ փոխնախագահ Հարրիսն ուներ ընդամենը 3 ամիս ժամանակ։ Այս խնդրին գումարվում էր այն հանգամանքը, որ Բայդենի հրաժարումն ընտրապայքարից տեղի չունեցավ թափացիկ եղանակով՝ թույլ տալով կասկածներ սերմանել գործընթացի նկատմամբ։ Մինչդեռ Թրամփի թիմը անընդհատ թեժացնում էր կրակը՝ անդադար շահարկելով այս պարագան ամբողջ ընտրարշավի ընթացքում։

Հարրիսի պարտության պատճառների շարքում կարելի է նշել նաև նրա՝ թույլ թեկնածու լինելը։ Հարցազրույցներում ու ելույթներում նա հստակորեն չէր կարողանում ձևակերպել կոնկրետ փոփոխությունների իր տեսլականը և քայլ առ քայլ բացատրել, թե ինչն է փոխելու և ինչպես։ Դա հատկապես վերաբերում է միգրացիայի, գնաճի, տնտեսության հարցերին։ Այստեղ դեր խաղացին նաև գործող վարչակազմում թիվ 2-րդը լինելու ու Բայդենի քաղաքականության հետևանքների համար պատասխանատվություն կրելու պարագաները։ Հարրիսը չկարողացավ դիստանցավորվել Բայդենից՝ ընկալվելով որպես գործող նախագահի երկրորդ ժամկետ։ Իսկ այդ ընկալումը այնքան էլ դրական չէր՝ հատկապես փոփոխական նահանգներում։

Հարրիսն ու դեմոկրատները կրկնեցին այն նույն սխալը, ինչ արել էին 2016թ.՝ առաջադրելով Հիլարի Քլինթոնին։ Այն ժամանակ Քլինթոնը հազիվ հաղթահարեց ներկուսակցական պայքարում սենատոր Բեռնի Սանդերսի դիմադրությունը։ Շատերը պնդում էին, որ այդ ճանապարհին անգամ անազնվություններ էին թույլ տրվել Սանդերսի դեմ, ինչ է՝ թե դեմոկրատական վերնախավը միասնական թեկնածուի խոստում էր տվել Քլինթոնին։ Այս անգամ իրավիճակը մոտավորապես նույն տրամաբանությամբ զարգացավ, երբ Քամալա Հարրիսը դարձավ թեկնածու՝ առանց ներկուսակցական պայքարի։ Նա ազատվեց ներկուսակցական մրցակցությունից, չենթարկվեց ավելորդ գլխացավանքի՝ առանց նկատելու, որ իրավիճակը երկսայրս սրի էր վերածվում. ազատվում ես էներգիա վատնող մրցակցությունից, սակայն մնում ես մութ և անճանաչելի հազարավոր ընտրողների համար։ Կարելի է ասել՝ եթե Հիլարի Քլինթոնը մերժելի էր, Քամալա Հարրիսը՝ մնաց չճանաչված։

Հարրիսն ու դեմոկրատները կրկնեցին 2016թ. ամենախոշոր սխալը՝ Թրամփի դեմ պայքարելով սխալ ուղերձներով ու messaging-ով։ Նրա հասցեին կրկին հնչեցնում էին նացիստի, Պուտինի ենթակայի, դիկտատորի, ժողովրդավարության թշնամու, կնատյացի, ռասսիստի, մարդու իրավունքներն ու ազատությունները չհարգողի, սահմանադրությունն ու օրենքները ծաղրողի, հանցագործի պիտակներ։ Նույն բառերով ու գնահատականներով արտահայտվում էին 2016թ., և ի՞նչ հետևանք էր դա ունեցել։ Թրամփը դարձել էր նախագահ մի ցնցող ու անսպասելի արդյունքով։ Այս անգամ կրկնվեց նույնը։ Դեմոկրատական վերանախավը կարծես ձեռքից բաց է թողել անկախ ընտրողների հետ խոսելու բանալին, զրկվել այն հմտությունից, որը տպավորիչ հաղթանակ պարգևեց Բարաք Օբամային 2008թ.։ Խոստանալով փակել անցյալի էջը՝ Հարրիսը կրկնում էր 2016թ. բառամթերքն ու քննադատությունը, կարելի է ասել, բառ առ բառ։ Ինչպե՞ս պետք է հաջողություն ապահովեր հնամաշ մի գործիք, որն անգամ ժամանակային ակտուալության պահին էր ապացուցել իր անպիտանությունը։

Ամփոփում

Առաջիկա 4 տարիները չեն լինի այնպիսին, ինչպիսին 2016-2020թթ.։ Թրամփի առաջին և ընդմիջված երկրորդ նախահագությունները տարբերվելու են՝ առաջին հերթին համաշխարհային ու ներամերիկյան մարտահրավերների առանձնահատուկ բնույթով պայմանավորված։ Պատերազմները կանգնեցնելն այնքան էլ հեշտ չի լինելու, ինչպես պատկերացնում է Թրամփը։ Ավելի դյուրին էր՝ դրանք թույլ չտալը, քան փոխված խաղադրույքներով նոր իրավիճակում դրանք կանգնեցնելը (հարցը ոչ այնքան Ուկրաինան է, որքան Մերձավոր Արևելքը)։ Սա նշանակում է, որ մոլորակն ականատես կլինի աշխարհաքաղաքական պարադոքսների, որոնք հին գործիքներով չեն լուծվելու, իսկ նորերի կիրառությունը պահանջելու է մեծ ռիսկ ու քաղաքական համարձակություն ոչ միայն ԱՄՆ նոր նախագահի, այլև մյուս պետությունների ղեկավարների կողմից։ Բոլորին միավորողը կարող է լինել չդադարող պատերազմական օջախների առնվազն սառեցումը, սակայն որքանո՞վ դա կլինի անհատների, խոշոր խաղացողների հավաքական էլիտաների համար առաջնահերթություն։

Թրամփի վարչակազմի բնույթը, սակայն, իր պարադոքսալությամբ հանդերձ, բավականին հետաքրքիր է՝ նոր հնարավորություններ բացող։ Եվ այդպիսին է՝ առաջին հերթին հենց հակառակորդների ու բոլոր նրանց համար, ովքեր պիտի փորձեն նոր կապեր, խողովակներ, հարաբերությունների մեխանիզմներ կառուցել նոր վարչակազմի հետ։ Այստեղ արդյունք են տալու ստեղծարարությունը, կաշվից դուրս գալը, հազար մերժումները կուլ տալն ու համառ, հետևողական գտնվելու ջանքերն ու պատրաստակամությունը։ Իհարկե՝ առանց հրաշքների սպասումի, որովհետև խաղասեղանին հրաշք չկա, ոչ ոք ոչ ոքի խնդիրները չի գնալու և չի լուծելու, եթե դեռ մի բան էլ՝ չխանգարի։ Եվ սա առաջին հերթին վերաբերում է Հայաստանին ու Հայաստանի պես փոքր պետություններին, որոնք Թրամփի գեոպոլիտիկ քարտեզի վրա խոշորացույցով հազիվ են գտնվում։ Հայաստանի դիվանագիտությունից անդուլ, անհամար ջանքեր ու փաստացի սխրագործություններ կպահանջվեն՝ Թրամփի վարչակազմի համար հետաքրքրություն ներկայացնելու համար։ Հանգիստ նստելու ու սպասելու՝ ավանդական ու հարմարավետ քաղաքականությունը Թրամփի վարչակազմի դեպքում առավել ևս չի օգնի, իսկ առկա տարածաշրջանային իրողությունների ու հատկապես հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում գուցե ավելի վնասակար լինի։

Փոքր պետությունների համար՝ հանձին Հայաստանի, արդ, հարցերի հարցն այստեղ է՝ կա՞ այդքան դիվանագիտական, մտավոր, ստեղծարար ու հատկապես՝ քաղաքական հաշվարկի կարողություն ու ռեսուրս, որը կփոխի ստատուս-քվոյին հարմարվածությունը և արմատական վերանայման կենթարկի առնվազն ԱՄՆ-ի և միջազգային հարաբերությունների մասին հայաստանյան քաղաքական պատկերացումները ու կստիպի գործել՝ ըստ այդմ։ Թե՞ կգերակայի համակրություններով ու հակակրություններով առաջնորդվելու պատմական բարդույթը՝ ետին խելքի ու բախտի մասին ինքնախաբեությամբ։

Նժդեհ Հովսեփյան