Վերլուծություն

Ո՞վ քեզ ծեծեց, Մարո ջա՜ն, ո՞վ անիծեց, Մարո ջա՜ն

ԱԺ «Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական անդամ Քրիստինե Վարդանյանը, հայտարարելով, թե 30 տարի շարունակ հակամարտության կողմերը Ադրբեջանն ու Լեռնային Ղարաբաղն են եղել, իսկ Հայաստանը՝ ԼՂ ժողովրդի անվտանգության երաշխավորը, ԱԳ նախարարին հարցրել է՝ երբվանի՞ց է Հայաստանը հակամարտության կողմ դարձել։ Ու, ընդհանրապես, խորհրդարանում ԱԳՆ-ի՝ 2025թ. բյուջեի քննարկումների ժամանակ նույն միտքը ընդդիմադիրների կողմից այս կամ այն ձևակերպմամբ շատ էր շոշափվում։

Բնականաբար, ԼՂ աղետից հետո մեղքը միմյանց վրա բարդելու գործելաոճը դարձել է սովորական։ Բայց ՀՅԴ-ական պատգամավորին, իսկապես, արժե հիշեցնել ոչ հեռու անցյալի անցքերը և «երբվանի՞ց է Հայաստանը հակամարտության կողմ դարձել» հարցին պատասխանել՝ փաստերը թվարկելով.

Հայաստանը հակամարտության կողմ է դարձել, իսկ Լեռնային Ղարաբաղը՝ գործընթացից դուրս մղվել, ավելին, հակամարտության սուբյեկտից հակամարտության օբյեկտի վերածվել այն օրվանից, երբ իրենց դաշինքի փաստացի առաջնորդն իր նախագահության տարիներին Արցախը դուրս թողեց բանակցային գործընթացից։

Եթե մոռացել է, հիշեցնեմ Քոչարյանի՝ 2003թ. հարցազրույցից հատված, որտեղ հիմնավորում էր իր որոշումը. «Երբ Հայաստանը շատ հստակ հայտարարեց՝ ինքն անտարբեր չէ, ինքն ունի իր մոտեցումները, ինքը պատրաստ է իր վրա վերցնել ծանրաբեռնվածությունը՝ կապված ԼՂ հարցի հետ, տվյալ դեպքում՝ նաև իմ անձը, այս երկու հայկական միավորները ներկայացրեց բանակցային գործընթացում, իրավիճակը լրիվ փոխվեց.... գործ ունեն արդեն ոչ թե չճանաչվող պետության և տատանվող Հայաստանի հետ, այլ՝ միավորված հայ ժողովրդի հետ...»։

2001թ. ի վեր ԼՂ-ն այլևս ոչ միայն հակամարտության, այլև՝ բանակցային կողմ չէր, ու եթե մինչ այդ Ղարաբաղը միջնորդներից ստանում էր հիմնախնդրի կարգավորման առաջարկները (վերջին անգամ՝ 1998թ.) ու դիրքորոշում հայտնելու, որոշում կայացնելու իրավունք ուներ, ապա Քոչարյանի նախագահության օրոք այլևս այդպես չեղավ, և բանակցային փաստաթղթերի վերաբերյալ 1998թ. հետո դիրքորոշում հայտնում էին միայն Հայաստանն ու Ադրբեջանը։ Ընդ որում, մինչև 1998թ. ԼՂ ձայնը բանակցային տարբերակների վերաբերյալ վճռորոշ էր. Ղարաբաղը եղավ փուլային տարբերակի մերժողը։

Միջազգային փաստաթղթերում այս իրողությունը դե յուրե ֆիքսվեց այն բանից հետո, երբ  2008թ. դեկտեմբերն ՌԴ «Մայնդորֆ» ամրոցում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները ստորագրեցին մի հռչակագիր, որով վերահաստատում էին ԼՂ հարցում խաղաղ կարգավորման պարտավորությունը՝ ելակետում ունենալով «մադրիդյան» սկզբունքները: Եվ սա եղավ 1994թ. հետո առաջին փաստաթուղթը, որի տակ չկար ԼՂ ստորագրությունը. և այսպես, դե յուրե ամրագրվեց, որ հակամարտությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև է։

Ի դեպ, այդ ժամանակ ՀՅԴ-ն իշխող կոալիցիայի կազմում էր, և, բնականաբար, հավասարապես կիսում է տեղի ունեցածի պատասխանատվությունը։ Թեև, իրենք երբեք չեն ընդունել իշխանության համար պատասխանատվությունը կիսելու փաստը, ասելով, որ պատասխանատվությունը հատվածական է՝ միայն իրենց գլխավորած ոլորտներին է վերաբերել։ Ու նաև դրա համար էր, որ արդեն 2015թ, երբ ՀՅԴ-ի հետ ՀՀԿ-ն կրկին գնաց կոալիցիոն կառավարման, ստորագրված փաստաթղթում հատուկ ամրագրեցին՝ ստանձնում են պատասխանատվություն ողջ իշխանության համար, այլ ոչ թե հատվածական։ Բայց սա արդեն խոսակցության այլ թեմա է։

Արման Գալոյան