Տիտղոսային ընդդիմության ջրերը կարծես մի առվով չեն հոսում։ Խորացող ճաքեր կան ոչ միայն ԱԺ «Հայաստան» խմբակցության ներսում, այլև խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները՝ «Հայաստանն» ու «Պատիվ ունեմ»-ը պարբերաբար կսմիթներ ու կշտամբանքներ են հնչեցնում միմյանց հասցեին։
Հերթական դեպքը նախագահական նստավայրի մոտ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կազմակերպած ակցիայից առաջ էր, երբ ՊՈւ խմբակցության պատգամավորներից՝ ՀՀԿ-ական Աննա Մկրտչյանը լրագրողների հետ ճեպազրույցում «Հայաստան» խմբակցությանը մեղադրեց իշխանություններին աջակցելու մեջ։ Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վավերացումն ԱԺ-ում կանխելու հնարավորությանը՝ նա ասել է. «Պետք էր անել ամեն ինչ՝ թույլ չտալու այդ փաստաթղթի հայտնվելը խորհրդարան, ոչ թե գնալ ու փորձել քննարկումներին մասնակցել»։ Նա նաև նշել է. «Նիկոլի դեմ պայքարող մարդկանց մեջ կան մարդիկ, որ համարում են՝ Նիկոլի դեմ կարելի է պայքարել մի փողոցում, մյուս փողոցում գնալ ԱԱԾ-ից մեկի հետ հանդիպել ու անձնական հարցերը կարգավորել»։
Եթե հիշում եք, «Հայաստան» խմբակցությունը մասնակցեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում կանոնակարգի քննարկումներին, պատգամավորները հարցեր հնչեցրին, եղան ելույթներ։ Իհարկե, արդեն լիագումար նիստին ՀՅԴ-ականներն, իրենց «կողմ ըլլալով դեմ կըլլան» սովորության համապատասխան, չմասնակցեցին, դահլիճից էլ դուրս եկան՝ պատճառաբանելով, որ «մասնակցությունը չմեկնաբանվի իրավաչափության ճանաչում»։ Բայց մեկ օր առաջ նրանք բավական ակտիվ էին խորհրդարանական հանձնաժողովում։ Ու թեև անուններ չհնչեցին, բայց պարզ է, որ ՀՀԿ-ական պատգամավորը հենց նրանց նկատի ուներ։
Ի դեպ, ՊՈւ խմբակցությունը վաղուց արդեն չի մասնակցում ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին՝ ի տարբերություն «Հայաստան» դաշինքի գործընկերների։ Եվ վերջին հարցուպատասխանն էլ, որն իշխանության և ընդդիմության միջև բավական «ջերմ» էր ընթացել՝ համեմված կատակներով ու հումորով, ՊՈւ-ի աչքից չէր վրիպել, ու նրանք չէին զլանում ի ցույց դնել դա ու իրենց տարանջատել այդ ամենից։
Մեկ ուշագրավ դրվագ էլ՝ այս անգամ ավելի բարձր մակարդակով։ Առիթ ունեցել ենք անդրադառնալու այդ թեմային«. Մարտի 1»-ի վերաբացված գործի դատավարությունից հետո Ռոբերտ Քոչարյանն, անդրադառնալով 2008թ. արյունալի իրադարձություններում կիրառված փամփուշտների պարկուճները հետագայում փոխելուն, ասել էր. «Ե՞րբ է դա կատարվել։ Ե՞րբ են դրանք փոխվել․ գիտե՞ք»։
Ասել է, թե Քոչարյանն ուղղակի հիշեցրեց, որ այդ գործը քննվել է ոչ թե իր, այլ իր հաջորդի՝ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք, ու այդ ամենը կատարվել է նրա ժամանակ։ Այլ կերպ ասած՝ Քոչարյանն այդպիսով սլաքներն ուղղեց իր իրավահաջորդին։ Մանավանդ, որ «Մարտի 1»-ի գործի այդ դրվագով հետախուզման մեջ է քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը, նաև՝ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, որն այդ ժամանակ Սերժ Սարգսյանի խորհրդականն էր։ Եւ հետո, այս դրվագով քրեական գործում հնչել էր այն ժամանակ Սերժ Սարգսյանի օգնական, հետո փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի անունը, որի սպանությունը մինչև հիմա չի բացահայտվել։
Հիրավի, տիտղոսային ընդդիմության ճամբարում արշալույսները խաղաղ չեն։
Արման Գալոյան