Վերլուծություն

«Իյա, իրո՞ք», կամ ինչու է Աշոտյանը խեղաթյուրում բանակցային գործընթացը

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր վերջին հարցազրույցում, խոսելով ղարաբաղյան խնդրի բանակցային գործընթացի մասին, հայտարարել է. «Ինձ համար անգամ Լևոն Տեր-Պետրոսյանի բանակցած սցենարն էր փառք ու հեքիաթ այսօրվա դժոխային իրականության համեմատ»։

Ուշադրություն դարձրեք ձևակերպմանը, թե «անգամ» Լևոն Տեր-Պետրոսյանի բանակցած սցենարն էր փառք։ Ինչպես կասեր դասականը, «իյա, իրո՞ք»։

Իսկ միգուցե իրականում Աշոտյանը և, ընդհանրապես, ՀՀԿ-ականները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, օրերից մի օր քաջությու՞ն ունենան խոստովանելու ոչ միայն իրենց սխալները, այլև, առաջին հերթին, այն, որ ԼՂ հակամարտության պատմության մեջ հենց Լևոն Տեր-Պետրոսյանի բանակցած «փուլային տարբերակն» է եղել միակ արժանապատիվ և նպաստավոր լուծումը։ Լուծում, որ վիժեցվեց 1998-ի պալատական հեղաշրջմամբ, և որի մասնակից «հայտնի ուժերից» մեկն էլ Սերժ Սարգսյանն էր։ Ավելին, 1997-98թթ․ միակ պահն է եղել, որ Ադրբեջանը պատրաստ էր գնալ խնդրի լուծման։ 

Որպեսզի մերկապարանոց չհնչի, խոսենք փաստերով։ Մեկ դրվագ. 1997 թվականի փուլային տարբերակը ԼՂ խնդրի լուծման միակ պլանն է, որում ոչ միայն ո՛չ մի խոսք չկա Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, այլև ընդհանրապե՛ս նույնիսկ հղում չկա պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքին։ Այդ փաստաթղթում հղում չկար նաև ազգերի ինքնորոշման իրավունքի մասին, թողնելով հարցը ապագային: Բայց փաստացի ԼՂ-ն այսպես ստանում էր միջազգային հանրության կողմից ճանաչված միջանկյալ կարգավիճակ, ինչը լուրջ ձեռքբերում էր այս դեպքում։

Իսկ ահա բանակցված մնացած բոլոր փաստաթղթերում կա՛մ կարգավորման արդյունքում Ղարաբաղը դառնում է Ադրբեջանի մաս, կա՛մ փաստաթղթերի պրեամբուլան հղում է կատարում պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքին։ Սրան զուգահեռ, «Փուլայինից» հետո բոլոր այդ փաստաթղթերում հղում է եղել նաև ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքին, ինչն իշխանությունները փորձել են ներկայացնել որպես իբր ձեռքբերում։ Սակայն միջազգային պրակտիկայում, նաև՝ բանակցային փաստաթղթերի կետերի հաջորդականության մեջ ինքնորոշման իրավունքն ըստ էության, եղել է զիջող՝ տարածքային ամբողջականության սկզբունքին։ Ու բացի այդ, իշխանությունները ներքին լսարանի մոտ խոսակցություններում փորձել են ինքնորոշման իրավունքի ամրագրումը ներկայացնել իբր ԼՂ անկախության միջազգային ճանաչում, թեև՝ իրականում ինքնորոշումն այս դեպքում միշտ այլ կերպ է միջազգային հանրությունն ընկալել, և դա անկախությունը չի եղել։ Ինքնորոշումն այլ դրսևորումներ ունի, և «Ղարաբաղի անկախության հարցում մենք դաշնակիցներ չունենք»։

Մեկ այլ փաստ. 2008թ. դեկտեմբերն ՌԴ «Մայնդորֆ» ամրոցում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները ստորագրեցին մի հռչակագիր, որով վերահաստատում էին ԼՂ հարցում խաղաղ կարգավորման պարտավորությունը՝ ելակետում ունենալով «մադրիդյան» սկզբունքները: Եվ սա եղավ 1994թ. հետո առաջին փաստաթուղթը, որի տակ չկար ԼՂ ստորագրությունը. և այսպես, դե յուրե ամրագրվեց, որ հակամարտությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև է։

Էլ չենք ասում այն մասին, որ այսօր հետին թվով ԼՂ խնդրում լուծման գնալու պատրաստ և իբր ոչմիթիզականությունը մերժող ձևացող Սերժ Սարգսյանն ու իր թիմը մշտապես վարել են ստատուս քվոյի պահպանման քաղաքականություն, որի վերջին դրսևորումներից մեկն էլ «ազգ-բանակ» կոնցեպտն էր։ 

Հասկանալի է՝ Արմեն Աշոտյանը խնդիր ունի ամեն կերպ արդարացնել իր առաջնորդի վարած քաղաքականությունը՝ նրա բանակցային տարբերակը ներկայացնելով որպես ամենալավը, նաև՝ հետին թվով Սերժ Սարգսյանից իբր ԼՂ խնդրի լուծմանը գնացողի կերպար ստեղծելով, սա` հատկապես այսօրվա իրողությունների ֆոնին։ Հասկանալի է, որ Աշոտյանը պետք է ամեն կերպ արդարացնի իր առաջնորդի մասնակցությունը 1998թ. պալատական հեղաշրջմանը։ 

Ու դրա համար էլ Արմեն Աշոտյանը պարզապես խեղաթյուրում է փաստերը՝ փորձելով ստվերել 1997-ի փուլային տարբերակը, որը, ավելորդ չենք համարում կրկնել, միակ արժանապատիվ լուծումն է եղել, և որին իսկապես համաձայնվել էր Ադրբեջանը։

Հ.Գ. Մեկ անգամ առիթ ունեցել ենք անդրադառնալու այս հարցին։ Հիշեցնենք՝ այս տարվա ապրիլին Սերժ Սարգսյանը, խոսելով 2016թ. Ստեփանակերտում ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության հետ հանդիպման մասին, ասել էր. «Խնդիրը պետք է լուծվի փոխզիջումների հիման վրա։ Ադրբեջանը պետք է ընդունի ԼՂ ինքնորոշման իրավունքը, իսկ հայկական կողմերը պետք է Ադրբեջանին ետ վերադարձնեն ադրբեջանական 5 շրջանները»։

Եվ այդ օրը հիշեցրել էինք՝ 2018թ. ի վեր Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, ԼՂ խնդրում ոչ մի արտառոց բան չի արել։ Եթե մտնենք բանակցային դետալների ու տրամաբանության մեջ, շարունակել է հենց Սերժ Սարգսյանի գիծը. 2018թ․ սկսած՝ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, թե ԼՂ խնդրում փոխզիջումները հնարավոր են միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանն ընդունի ԼՂ ինքնորոշման իրավունքը։ 2018թ. մայիսի 9-ին վարչապետ ընտրվելու հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Փոխզիջումների մասին կարող է խոսք լինել միայն այն պարագայում, երբ մենք Ադրբեջանից ստանանք շատ հստակ ուղերձ, որ Բաքուն պատրաստ է ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»։ 

Այնպես որ, լավ կլինի՝ ՀՀԿ-ականները մտածեն այս մասին։

Արման Գալոյան