Վերլուծություն

Ռոբերտ Քոչարյանը «ցուցմունք տվեց» Սերժ Սարգսյանի դեմ

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր այդպես էլ չի հստակեցրել՝ շարունակու՞մ է հավակնել երկրի ղեկավարի պաշտոնին, թե՞ ոչ։ Ավելի ճիշտ, այդ հարցին ուղիղ պատասխան չի տվել, բայց ըստ էության հասկացրել է, որ չի հրաժարվել այդ մտադրությունից։

Տևական դադարից հետո այսօր նա հանդես է եկել հրապարակային հայտարարություններով՝ դատարանի բակում պատասխանելով լրագրողների հարցերին։

Եւ ահա երկրի ղեկավարի պաշտոնին հավակնելու հարցին ի պատասխան՝ միայն նշել է, թե 2018թ․ հետո քաղաքականությունն սկսեց զբաղվել իրենով, բացի այդ, երկիրը հայտնվել է վտանգների և արհավիրքների տակ, ուստի մինչև այդ սպառնալիքները չվերանան, իր և իր թիմի իրավունքն է զբաղվել քաղաքականությամբ։

Ուշադրություն դարձրեք ձևակերպմանը, թե 2018-ից քաղաքականությունն է սկսել զբաղվել իրենով, և ինքը քաղաքականությամբ կզբաղվի, քանի դեռ այդ սպառնալիքները չեն վերացել։ Այլ կերպ ասած՝ Քոչարյանը քաղաքականությամբ զբաղվում է նաև վրեժխնդրությունից դրդված, որովհետև 2018թ. մարտի 1-ի գործի շրջանակներում ինքը հայտնվեց մեղադրյալի աթոռին, նաև՝ մոտ 1.5 տարի անցկացրեց ԱԱԾ մեկուսարանում։

Թեև, եթե հիշում եք, 2014թ. էլ Սերժ Սարգսյանն էր հայտարարել, թե սահմանադրությամբ խորհրդարանական կառավարման մոդելին անցնելու դեպքում չի հավակնի վարչապետի պաշտոնին։ Բայց 2018թ. նա համաձայնվեց դառնալ վարչապետ։ Թե ինչ պատճառաբանությամբ, կարևոր չէ։ Բայց փաստ է, որ համաձայնվեց ու ընտրվեց վարչապետ՝ դրժելով խոստումը։ Այնպես որ, Քոչարյանին էլ ոչինչ չէր խանգարի, եթե այսօր հայտարարեր՝ չի հավակնում երկրի ղեկավարի պաշտոնին, բայց, այնուամենայնիվ, հարմար պահի մտափոխվի, երբ հրապարակ գա «կապույտ եզրագծերով ափսեն»։

Բնականաբար, Քոչարյանն անդրադարձել է նաև արդարադատության ոլորտում տեղի ունեցողին՝ իր նկատմամբ քրեական գործի վերաբացումն անվանելով «իրավական խուլիգանություն», նույնիսկ նշել, թե իրենից ոչ մեկը ներողություն չի խնդրել «ապօրինի կալանավորելու» համար։

Նման հայտարարություններ անում է մի մարդ, ում նախագահության օրոք Հայաստանում հարյուրավոր քաղբանտարկյալներ կային, որոնք տարիներով ու ամիսներով ապօրինի կալանքի տակ էին միայն իրենց քաղաքական հայացքների համար. իսկ հարուցված քրեական գործերը, շինծու իրավական հիմքերն ընդամենը ապօրինություններին իրավական շղարշ տալու համար էին։ Քոչարյանի իշխանությունը երբևէ ներողություն խնդրե՞ց այդ մարդկանցից, որոնք ոչ միայն ապօրինի ազատազրկվում էին, այլև ենթարկվում ամենադաժան խոշտանգումների. նախկին ՀԺԿ-ական Գրիշա Վիրաբյանի դեպքը ամենավառ ապացույցներից մեկն է։

Ի դեպ, Քոչարյանի իշխանության օրոք քաղբանտարկյալներից մի մասի քրեական գործերն ավելի ուշ բեկանվեցին ՄԻԵԴ-ում, և պետությունը ստիպված էր տասնյակ հազարավոր եվրոյի փոխհատուցում տալ։ Օրինակ, Ժիրայր Սէֆիլյանի և Վարդան Մալխասյանի քրեական գործը, որի շրջանակներում վճիռները կայացվեցին 2007-ին։ Եվ ինչ՝ Քոչարյանը ներողություն խնդրե՞ց այս ամենի համար։ Իհարկե, ոչ։ ՄԻԵԴ-ում բեկանվեցին նաև Հյուսիսային պողոտայի բնակիչների տնազրկման գործերը, որոնք ևս դակվեցին քոչարյանական արդարադատության համակարգում։

Ու, ընդհանրապես, նախագահության օրոք հեռախոսային արդարադատության ոլորտում տեղի ունեցած սահմռկեցուցիչ պատմությունների պակաս չկա։ Էլ չենք ասում՝ 2008-ի նախագահական ընտրություններից հետո սահմանադրական դատարանի նկատմամբ ճնշումները, երբ զանգահարել էին ՍԴ դատավորներից մեկին ու պարտադրել իշխանության ուզած որոշմանը կողմ քվեարկել։ Մի առիթով Ռոբերտ Քոչարյանն ինքն է ասել. «Чья бы корова мычала, а ваша бы молчала»։ Իսկապես, տեղին խոսք է։

Բայց այսօրվա ասուլիսի ամենաուշագրավ դրվագը «Մարտի 1»-ի դեպքերի մասին Քոչարյանի հայտարարություններն էին։ Երբ հարց հնչեց 2008թ․ մարտի 1-ին կիրառված փամփուշտները հետագայում քրեական գործում փոխելու մասին, նա տարակուսեց. «Ե՞րբ է դա կատարվել։ Ե՞րբ են այդ փամփուշտները փոխվել։ Դուք գիտե՞ք»։

Ասել է, թե Քոչարյանն ուղղակի հիշեցրեց, որ այդ գործը քննվել է ոչ թե իր, այլ՝ արդեն Սերժ Սարգսյանի նախագահության օրոք, և այդ ամենը կատարվել է նրա ժամանակ։ Հիշում եք՝ մինչև հիմա այդ գործով հետախուզման մեջ է քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը, նաև՝ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, որ այդ ժամանակ Սերժ Սարգսյանի խորհրդականն էր։ Այնպես որ, Քոչարյանը հարցնելով, թե երբ է դա կատարվել, ակնհայտորեն սլաքներն ուղղում էր իր իրավահաջորդին։ Եւ սա այլ կերպ, քան Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք՝ դժվար է անվանել։

Հ.Գ. Իհարկե, այսօր Հայաստանի առաջ ծառացած խնդիրների շարքում Քոչարյանի հայտարարություններն ամենաառանցքայինն ու էականը չեն, սակայն մոռացության մատնելն ու անպատասխան թողնելն էլ, կարծում ենք, ճիշտ չէ, որքան էլ «կլիենտը նյարդանա»։

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ