Վերլուծություն

Թրամփ vs Հարրիս. New York Times-ը նոր հարցումներ է հրապարակել

ԱՄՆ-ում շարունակվում է նախագահակն ընտրությունների քարոզարշավը։ Դոնալդ Թրամփն ու Քամալա Հարրիսը շարունակում են քննադատել միմյանց մոտեցումներն ու քաղաքականությունը՝ փորձելով իրենց կողմը հակել ընտրողներին։ Ընտրապայքարին զուգահեռ՝ ամերիկյան հետազոտական կենտրոններն ու ԶԼՄ-ները ուսումնասիրում են հանրային տրամադրությունները՝ հարցումներ իրականացնելով մարդկանց շրջանում, թե ո՞ր թեկնածուին են ընտրելու։ Նկատի ունենալով ԱՄՆ ընտրությունների առանձնահատկությունը՝ բնակչության մեծամասնության քվեարկությունից ավելի կարևոր է կոնկրետ նահանգներում տեղի ունենալիք քվեարկությունը, քանի որ նախագահ ընտրվելու է այդ նահանգների ընտրիչների կողմից։ Radar Armenia-ն ներկայացնում է New York Times-ի անցկացրած վերջին հարցման տվյալները։ Պատմության մեջ այս ընտրապայքարը համարվում է ամենասուր մրցակցություններից մեկը, քանի որ գրեթե բոլոր փոփոխական նահանգներում նախկին նախագահն ու գործող փոխնախագահը շատ մոտ են միմյանց՝ 1-3 տոկոսի տարբերությամբ, սա էլ այն դեպքում, երբ հարցումները սովորաբար 1-5 տոկոս շեղում են ունենում։

Ըստ NYT-ի՝ Հարրիսն առաջատար է պարզ, համապետական քվեարկության արդյունքում։

Սակայն առավել ուշագրավ պատկեր է փոփոխական նահանգներում։ Ըստ էության, հենց այս նահանգների քվեարկության արդյունքում էլ կորոշվի, թե ո՞վ կընտրվի ԱՄՆ նախագահ։ 

New York Times-ի հարցմամբ՝ դեմոկրատական կուսակցության թեկնածու, փոխնախագահ Քամալա Հարրիսը առաջատար է Նևադա (48/48%), Փենսիլվանի (49/48%), Վիսքոնսին (50/48%), Միչիգան (49/47%) նահանգներում։

Իսկ ահա հանրապետականների թեկնածու, նախկին նախագահ Դոնալդ Թրամփն առաջատար է Արիզոնա (48/47%), Ջորջիա (49/47%), Հյուսիսային Կառոլինա (48/48%) նահանգներում։

Նախագահ ընտրվելու համար անհրաժեշտ է ունենալ 270 ընտրիչի ձայն։ Եթե քվեարկության պատկերը համապատասխանի այսօրվա հարցման տվյալներին, ապա նախագահ կընտրվի Հարրիսը։ Եթե նվազագույն իսկ շեղում տեղի ունենա, Սպիտակ տունը բաժին կհասնի Թրամփին։