Վերլուծություն

Ինչո՞ւ է Իրանը դեմ «Զանգեզուրի միջանցքին». Mehr

««Զանգեզուրի միջանցքը» երթուղի է, որը Հայաստանի տարածքով Ադրբեջանը կմիացնի Նախիջևանին։ Նախագծին աջակցում են Ադրբեջանն ու Թուրքիան, իսկ Հայաստանը մտահոգություն ունի, որ այն կհանգեցնի սահմանների փոփոխությանը։ Այդ մտահոգությունները կիսում է Իրանը՝ «Զանգեզուրի միջանցքը» դիտարկելով որպես իր ազգային անվտանգության ու տարածաշրջանային ազդեցության պոտենցիալ սպառնալիք». գրում է Mehr-ը։

««Զանգեզուրի միջանցքի» շուրջ խոսակցությունները թեժացել են Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների վերջին հանդիպումից հետո։ Ռուսաստանի նախագահն ուղղակիորեն չի անդրադարձել այդ հարցին, սակայն նրա այցից հետո զլմ-ներում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ Պուտինն ու Ալիևն առանցքային պայմանավորվածություններ են ձեռք բերել տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։ Բացի այդ, ռուս պաշտոնյաները՝ ի դեմս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի, հայտարարում են, որ Մոսկվան աջակցում է Նախիջևան անարգել մուտք գործելու՝ Ադրբեջանի ծրագրին։ 

Ինչո՞ւ է Իրանը դեմ «Զանգեզուրի միջանցքին»։ Այն «կարմիր գիծ» է ԻԻՀ համար։ Միջանցքի ստեղծման վերաբերյալ Իրանի դիրքորոշումը մի քանի պատճառ ունի, որոնցից են՝

  • «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմամբ Իրանը կկորցնի Հայաստանի հետ ընդհանուր սահմանը;
  • Իրանը կկորցնի նաև դեպի Եվրոպա իր այլընտրանքային երթուղին, ինչպես նաև իր տարանցիկ նշանակությունը;
  • Երթուղին Չինաստանը կկապի Եվրոպայի հետ, ինչը մարտահրավեր է Իրանի աշխարհառազմավարական առավելություններին։

Mehr-ին տված հարցազրույցում իրանցի քաղաքագետ և նախկին դիվանագետ Մոհսեն Փաքաինը հայտարարել է, որ Պուտինի՝ Ադրբեջան այցից հետո Ռուսաստանի դիրքորոշումը պետք է հստակեցվի. «Տպավորություն է, որ Պուտինի մեկնաբանություններից հետո «Զանգեզուրի միջանցքը» կբացվի, Իրանի հետ սահմանն անմիջապես կփոխվի, և երկիրը խնդիրներ կունենա Ռուսաստանի և Ադրբեջանի հետ: Քանի դեռ Ադրբեջանն ու Ռուսաստանը մեր բարեկամներն են, մենք, առաջին հերթին, պետք է ուշադիր ուսումնասիրենք իրավիճակը և բանակցենք Մոսկվայի և Բաքվի հետ։ Արևմտյան լրատվամիջոցները շահարկում են այդ թեման և փորձում սեպ խրել Ռուսաստանի և Ադրբեջանի հետ մեր հարաբերություններում»։

Քաղաքագետի խոսքով՝ Ռուսաստանը ձգտում է միջանցքն այնպես բացել, որ այն գտնվի ռուսական ուժերի վերահսկողության ներքո՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020թ. հրադադարի համաձայնագրի դրույթներին համապատասխան։ Այդ հարցը Պուտինը բարձրացրել է Բաքվում։

Մեկնաբանելով այցը՝ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին ասել է. «Իրանը վճռականապես դեմ է միջանցքին։ Ըստ էության, «Զանգեզուրի» միջանցքը կեղծ է, և, ամենայն հավանականությամբ, այդ միջանցքի անվան տակ առկա են տարածաշրջանում Իրանի ռազմական և քաղաքական հզորության նվազեցմանն ուղղված ինչ-որ նախագծեր»։

ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին ևս վերահաստատել Է Թեհրանի դիրքորոշումը՝ ասելով, որ Իրանը դեմ չէ ապաշրջափակմանը, սակայն այդ գործընթացը պետք է տեղի ունենա ներգրավված երկրների ազգային իրավասության ներքո. «Մենք վստահ ենք, որ ամբողջ վերահսկողությունը պետք է իրականացնի Հայաստանը կառավարությունը՝ իր ինքնիշխանության շրջանակներում»,-գրում է Mehr-ը։