ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավը շարունակվում է։ Ընտրապայքարից նախագահ Ջո Բայդենի հեռանալուց հետո թեպետ փոխնախագահ Հարրիսը արագորեն դարձավ դեմոկրատների միասնական թեկնածուն, սակայն աստիճանաբար սկսում են մակերեսին երևալ հարցեր, որոնց պատասխանները փորձում է գտնել հայտնի Politico-ի մեկնաբան Միահ Ուարդը իր՝ «5 խոշոր հարցադրում, որոնց այժմ բախվում է փոխնախագահ Հարրիսը» հոդվածում։ Radar Armenia-ն ներկայացնում է հոդվածի կարևոր շեշտադրումները։
Պատմության մեջ քիչ թեկնածուներ են ունեցել քարոզարշավի այնպիսի հաջող մեկնարկ, ինչպիսին ունեցավ փոխնախագահ Քամալա Հարրիսը՝ արագորեն հավաքելով հարյուրավոր միլիոններ, բարձրանալով հարցումներում և ակտիվացնելով դեմոկրատական բազան: Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլթսին որպես իր փոխնախագահի թեկնածու հայտարարելուց հետո Հարրիսի ընտրարշավը հավելյալ 36 միլիոն դոլար հավաքեց 24 ժամվա ընթացքում, իսկ հանրահավաքները դարձան բազմամարդ:
Երեք շաբաթ աննախադեպ թափից հետո, սակայն, Հարրիսն այժմ բախվում է 90-օրյա արագընթաց արշավի էներգիան նույն մակարդակի վրա պահելու հսկայական և պատմականորեն անսովոր մարտահրավերին: Նա աստիճանաբար հայտնվում է նոր դերում, որը պետք է պատասխանի տնտեսական անորոշության, Մերձավոր արևելքում քաղաքականապես անկայուն իրավիճակի և այնպիսի հարցերին , որոնք պիտի փաստեն՝ արդյո՞ք նա կարող է դիմակայել կոշտ քարոզարշավի մարտահրավերին: Այս համատեքստում, հետևյալ 5 հարցերին մշակած ու ներկայացրած պատասխաններից է կախված լինելու Հարրիսի հաջողությունը։
Հարրիսը պատրա՞ստ է գործել նախապես գրված սցենարների սահմաններից անդին
Այս շաբաթ ամերիկյան մամուլը դժգոհում էր, որ փոխնախագահը լրագրողների հարցերին չի արձագանքում, չի շփվում ԶԼՄ-ների հետ՝ ի հեճուկս Թրամփի և վերջինիս փոխնախագահի թեկնածուի։ Հարրիսի վերջին պաշտոնական հարցազրույցը եղել է հունիսի 24-ին, երբ պաշտպանում է նախագահ Բայդենի՝ բանավեճում ունեցած ելույթը։ Նրա գրաֆիկում առայժմ հարցազրույցներ կամ ասուլիսներ չկան, թիմը չի շտապում այս ուղղությամբ։ Թրամփի և Վանսի մամուլի ասուլիսներից հետո Հարրիսը հինգշաբթի օրը հակիրճ շփվեց լրագրողների հետ և ասաց, որ պատրաստվում է մեծ հարցազրույց ունենալ մինչև ամսվա վերջ: Նրա նախընտրական շտաբում քննարկում են օգոստոսի 19-ին Չիկագոյում կուսակցության մեծ համաժողովից առաջ Հարրիս-Ուոլթս միասնական հարցազրույց անցկացնելու գաղափարը։ Բայց Հարրիսի խորհրդականները թերհավատ են, որ խոշոր հեռուստատեսային ցանցերին ու պարբերականներին տրվելիք մեծ հարցազրույցները ռեալ օգուտ կտան փոփոխվող նահանգների բնակիչներին փոխնախագահի ուղերձները տեղ հասցնելու գործին։ Շատերը հիշում են 2021թ. հարցազրույցում հարավային սահմաններ չայցելելու հարցին Հարրիսի տված պատասխանը, որը վնասեց թե՛ իրեն, թե՛ վարչակազմին։ Հարց է նաև՝ արդյո՞ք Հարրիսը Թրամփի հետ մեկից ավելի բանավեճեր կանցկացնի։ Նախկին նախագահը պատրաստակամություն է հայտնել 3 բանավեճ ունենալ, սակայն Հարրիսն առայժմ համաձայնել է միայն մեկին։
Հարրիսը կարո՞ղ է համոզել ընտրողներին՝ վստահել իրեն երկրի տնտեսությունը
Ընտրողները խորապես անհանգստացած են տնտեսության և գնաճի հարցերով։ Հարրիսն իր ելույթներում ընդունել էր, որ գները դեռևս չափազանց բարձր են։ Ատլանտայում կայացած հանրահավաքում նա ազդարարեց տնտեսությունը առողջացնելու ծրագրերի մասին՝ խոստանալով անդրադառնալ գների բարձրացմանը, նվազեցնել ծախսերը, արգելել թաքնված վճարներն ու ֆինանսական հաստատություններից ուշ գանձումները, սահմանափակել վարձավճարների «անարդար» բարձրացումը և դեղատոմսով դեղերի ծախսերի սահմանաչափը: Ըստ նրա՝ այդ քաղաքականության արդյունքում «կնվազեն ծախսերը և միջին խավի բազում ընտանիքներ տարեկան հազարավոր դոլարներ կխնայեն»: Սակայն տնտեսության հարցը դեմոկրատների թույլ տեղն է, և Հարրիսը շատ ժամանակ չունի կորցրածը վերականգնելու համար: Վերջերս անցկացված հարցումը ցույց է տալիս, որ Թրամփը դեռևս կրկնակի առավելություն ունի Հարրիսի նկատմամբ տնտեսության հարցում, իսկ ամերիկացիները կարծում են, որ Թրամփի օրոք իրենք ֆինանսապես ավելի լավ վիճակում կլինեն: Այնուհանդերձ, նոր հարցումները կարծես որոշակի հույսեր են տալիս Հարրիսին։
Կարո՞ղ է Հարրիսը հետ մղել Թրամփի հարձակումները սահմանային անվտանգության հարցում
Սահմանների հարցը Բայդենի ամենամեծ խոցելիություններից էր. այժմ դա նաև Հարրիսն է: Հանրապետականները նրան և Բայդենին բազմաթիվ մեղադրանքներ են հասցրել սահմանի վիճակի կապակցությամբ՝ նշելով, որ նա անունակ է եղել լուծելու ապօրինի միգրացիայի խնդիրը։ Հարրիսը ծրագրում է Թրամփի դեմ այս հարցում հանդես գալ՝ վերջինիս սխալները մատնացույց անելով, ինչպես նաև Թրամփին մեղավոր հռչակել երկկուսակցական ջանքերով ընդունված օրենսդրական նախագիծը տապալելու համար։ Սակայն երբ սեպտեմբերին եղանակը սկսի զովանալ, իսկ անօրինական միգրացիան սահմաններին սկսի աճել, Հարրիսը հազիվ թե կարողանա հեշտորեն լուծել այս խնդիրը։
Ի վիճակի կլինի՞ Հարրիսը տարանջատվել Բայդենից Իսրայելի հարցում
Այն բանից հետո, երբ ցուցարարները խանգարեցին Միչիգանում Հարրիսի հանրահավաքը և առանձին հանդիպում պահանջեցին Գազայի հարցով, միանգամայն հստակ դարձավ, որ նա չի կարողանալու փախչել այս հարցից։ Հարց, որը, ըստ էության, բաժանել է Դեմոկրատական կուսակցությունը երկու մասի։ Հարրիսը բավականին բարդ դրության մեջ է այս հարցով, որովհետև մի կողմից՝ Բայդենի փոխնախագահն է, և, ըստ էության, պատասխանատու վարվող քաղաքականության համար ու նաև ձգտում է ստանալ իսրայելամետ ընտրողների ձայները, մյուս կողմից՝ ցանկանում է գրավել երիտասարդ, հատկապես արաբական ծագում ունեցող ընտրողներին, որոնք պահանջում են խիստ քաղաքականություն Իսրայելի նկատմամբ։ Այս հարցում Հարրիսի դիրքերը բավականին երերուն են։
Ինչպե՞ս է Հարրիսն արձագանքելու Թրամփի «խոհանոցային խորտակումներին»
Թրամփը շատ լավ գիտի, թե ինչպես քաշել հակառակորդների քաղաքական թթվածինը՝ վերադառնալով դաժան հայտարարությունների և ազատ ասուլիսների 2016թ. իր մարտավարությանը։ Նա նաև ակտիվորեն շրջանառում է տարբեր պիտակավորումներ ու խիստ արտահայտություններ անում Հարրիսի ու նրա փոխնախագահի հասցեին՝ այդ կերպ փորձելով մարդկանց ուղեղներում ստեղծել համապատասխան նվստածք։ Նա Հարրիսին որակել է «ցածր IQ» ունեցող, «ԱՄՆ պատմության մեջ ամենածայրահեղ ձախական» և այլն։ Գրեթե իր բոլոր ելույթներում հարվածում է նրա ռասսայական պատկանելության խնդրին, անվան արտասանությանը։ Նա խոսում է Հարրիսի սևամորթ լինելու մասին՝ պնդելով, որ վերջինս ժամանակին փոխնախագահ է դարձել բացառապես իր մաշկի գույնի շնորհիվ (2020թ. Բայդենը խոստում էր տվել, որ իր փոխնախագահի թեկնածուն լինելու է կին,- խմբ.): Հարրիսի շտաբը մի պահ փորձեց ներքաշվել ուղիղ բանավեճի մեջ, սակայն արագորեն հասկացավ, որ ավելի ճիշտ է սեփական ուղերձի վրա կենտրոնանալ, քան լեզվակռվի մեջ մտնել Թրամփի հետ։ Այդ մարտավարությունը, սակայն, դեռ պետք է աշխատի, իսկ Թրամփի դեմ դա բավականին բարդ է։