Նախորդ շաբաթ ԱՄՆ-ՌԴ հարաբերություններում լուրջ տեղաշարժեր եղան, երբ կողմերը փոխանակվեցին բանտարկյալներով։ Նկատի ունենալով լարված հարաբերությունները՝ տեղի ունեցածը լայն արձագանք գտավ միջազգային մամուլում՝ նոր ենթադրությունների ու վերլուծությունների լայն առիթ տալով։ Այդ կապակցությամբ, Radar Armenia-ն ներկայացնում է New York Times-ի «Բանտարկյալների փոխանակումը՝ Պուտինի ԿԳԲ-ական անցյալի արձագանք» հոդվածի ուշագրավ հատվածները։
Բացի ռուս գործակալների հայրենասիրության ու անձնազոհության մասին տոնական ուղերձներից, Կրեմլի հաղորդագրություններում մեկ այլ հետաքրքիր տարր կար. «լավ հետախուզությունը նշանակում է նաև հաջող գործարքներ հակառակորդի հետ»: Իհարկե, պրն. Պուտինի Ռուսաստանում նման «արդյունավետ» գործարքները նրանք են, որոնք արևմուտքում համարվում են կարևոր մարդկանց սովորական պատանդառություն, ինչպես տեղի ունեցավ Wall Street Journal-ի թղթակից Էվան Գերշկովիչի դեպքում։ «Սա շատ բարդ շախմատային խաղ էր՝ բնույթով դասագրքային, և որը բավականին մեծ ժամանակ պահանջեց»,- գրել է ՌԴ նախկին նախագահ, այժմ Պուտինի անվտանգության խորհրդի փոխնախագահ, Պուտինի շքախմբի ռազմատենչ անդամ Դմիտրի Մեդվեդևը։
Բանակցություններում ներգրավված արևմտյան պաշտոնյաներն անկեղծանում են՝ Կրեմլը պնդում էր, որ բանակցությունները վարվեն ոչ թե դիվանագիտական խողովակներով, այլ հետախուզական գործակալությունների միջև: ԱՄՆ կողմից բանակցությունները ղեկավարել է ԿՀՎ-ն (CIA), իսկ ՌԴ կողմից դրանք իրականացրել է ԱԴԾ-ն (ФСБ), որը Պուտինի հիմնական անվտանգային ապավենն է, և որին ամենաշատն է վստահում ՌԴ նախագահը, թեպետ ՌԴ ԱԴԾ-ն առավելապես ներքին հարցերի պատասխանատու կառույց է, որի ներքին հետախուզության պատասխանատուի դերը այս կառույցին ավելի շատ դարձնում է ամերիկյան ՀԴԲ-ի (FBI)-ի գործընկեր, այլ ոչ թե ԿՀՎ-ի։
Եվ եթե մինչ վերջին տարիներս արևմտյան պաշտոնյաները ռուս դիվանագետների հետ հանդիպումները որակում էին որպես «անարդյունավետ խարդախություններ», ԱԴԾ-ի հետ գաղտնի բանակցություններին ներգրավված մարդիկ փաստում են, որ ռուսական կողմից գործընկերները լրջորեն կենտրոնացած էին և գործել են պրոֆեսիոնալ: Նմանատիպ մի ուղերձ հրապարակայնացվել էր Կրեմլից՝ կրկին Դմիտրի Մեդվեդևի շուրթերով. «Արդարության համար նշեմ, որ մի որոշակի պահի մեր «արևմտյան ընկերները» նույնպես դրսևորեցին անհրաժեշտ պրագմատիզմ և խելամիտ փոխզիջումների հակվածություն»:
Համաձայնություն կնքելու երկու կողմերի ձգտումն արտացոլվեց նաև դրա ժամկետում՝ ամերիկյան ընտրություններից ամիսներ առաջ և նախագահ Բայդենի՝ ընտրապայքարը դադարեցնելուց անմիջապես հետո։ Կրեմլին մոտ կանգնած անձը, ով ներգրավված էր որոշ քննարկումներում, նշում է, որ Մոսկվայում առաջանորդվել են «երկաթը տաք-տաք ծեծելու» նշանաբանով և գործարքի գնալ, քանի դեռ դրա հնարավորությունը կա:
Պուտինը նախկին նախագահ Դոնալդ Թրամփին դիտարկում է որպես անկայուն գործիչ, որի հետ դժվար է բանակցել - պնդում են Կրեմլի քաղաքականության վերլուծաբանները: Ինչպես պնդում է Ալեքսանդր Բաունովը, նկատի ունենալով Գերմանիայի հետ Թրամփի լարված հարաբերությունները, Կրեմլում վստահ չէին նաև, որ վերջինիս կհաջողվեր համոզել Բեռլինին՝ հանձնելու Կրասիկովին, որը կենտրոնական ֆիգուր էր այս փոխանակման գործարքում։
Գործարքի նկատմամբ Պուտինի այս հետաքրքրությունը թույլ է տալիս որոշ վերլուծաբանների ենթադրել, որ հետախուզական մարմինների միջև գաղտնի բանակցությունների նմանատիպ մոտեցմամբ գուցե հնարավոր կլինի հրադադարի հասնել նաև Ուկրաինայում։ Եվ, իսկապես, անգամ պատերազմի մոլեգնումի այս փուլում Ռուսաստանն ու Ուկրաինան բազմիցս բանակցել են ռազմագերիների փոխանակման շուրջ, ինչը մայիս-հուլիս ժամանակահատվածում հանգեցրեց 520 գերիների ազատ արձակմանը: Սակայն բանակցություններում ներգրավված արևմտյան պաշտոնյաները անհավանական են համարում նման հնարավորությունը: Գերիների փոխանակումը, նրանց խոսքով, Վաշինգտոնի, Բեռլինի և Մոսկվայի շահերի հազվադեպ համընկնման արդյունք էր: Մինչդեռ, երբ խոսքը վերաբերում է Ուկրաինային, ըստ նրանց, կողմերը շատ հեռու են միմյանցից: Սակայն բանակցություններում ներգրավված մարդիկ չեն բացառել ապագայում այսպիսի գործարքները՝ գոնե բանտարկյալների փոխանակման մասով:
Իլյա Յաշինը, հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչ, որին Պուտինն ազատ է արձակել, կիրակի YouTube-ի եթերում հայտարարել է, որ բանտարկյալների փոխանակման բանակցությունները Պուտինին կարող են դրդել ապագայում նոր թշնամական միջոցներ ձեռնարկելու: Ըստ նրա՝ արևմուտքը պատրանքներ չպետք է ունենա. անկախ վերջինիս պահվածքից՝ Պուտինը նրանց կանոններով չի խաղալու. «Բոլոր բռնապետերը պատանդներ են վերցնում և հրապարակայնորեն խոշտանգում նրանց՝ իրենց համար հընթացս օգուտներ պոկելով։ Բռնապետերի հակառակորդները ոչինչ չեն կարող անել սա բացառելու ուղղությամբ»: