Վերլուծություն

Հարրիսը փոխնախագահ է փնտրում. ովքե՞ր են հավանական թեկնածուները

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարրիսը, ստանալով նախագահ Բայդենի աջակցությունը, 1.5 օրվա ընթացքում արժանացավ դեմոկրատական կուսակցության գրեթե ողջ վերնախավի սատարմանը, ինչպես նաև հավաքեց ավելի քան 81 միլիոն ԱՄՆ դոլարի չափով նվիրատվություն իր նախընտրական արշավը կազմակերպելու համար։ Կարելի է ասել, որ նա առաջին իսկ փուլով կդառնա դեմոկրատների միասնական թեկնածուն և նոյեմբերի 5-ի քվեարկությանը կմրցի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այժմ արդեն հաջորդ հարցը, որի շուրջ պտտվում է ամերիկյան քաղաքական կյանքը, վերաբերում է Հարրիսի՝ փոխնախագահի թեկնածուի ընտրությանը։ Radar Armenia-ն ներկայացնում է այն անձանց, ովքեր մեծ շանսեր ունեն զբաղեցնելու դեմոկրատական ընտրաթերթիկի 2-րդ հորիզոնականը։ 

59-ամյա Քամալա Հարրիսը կարող է հակված լինել ընտրել մեկին, ով կլինի ակտիվ քաղաքականության մեջ, կլինի տղամարդ՝ ընտրաթերթիկում հավասարակշռությունը պահելու նպատակով։ Առավել քիչ հավանական թեկնածուներն են Տրանսպորտի քարտուղար 42-ամյա Փիթ Բուտեժիժը, Մերիլենդի նահանգապետ 45-ամյա Ուեսս Մուրը, Առևտրի քարտուղար 53-ամյա Ջիա Ռիամոնդոն, Մինեսոտայի նահանգապետ 60-ամյա Թիմ Ուոլթսը: 

Առավել հավանական թեկնածուներից է 46-ամյա Էնդի Բեշիրը։

Նա երկու ժամկետով եղել է Կենտուկիի դեմոկրատ նահանգապետ։ Այս նահանգը, սակայն, ամուր հանրապետական հիմք ու կողմնորոշում ունի։ 2019 թվականին նրա հաղթանակը պատահականություն էր թվում, քանի որ հանրապետական Դոնալդ Թրամփը դրանից երեք տարի առաջ այդ նույն նահանգում հաղթել էր մոտ 30 տոկոս առավելությամբ։ Սակայն նախորդ տարի նա կրկին հեշտությամբ վերընտրվեց: 

Մեկ այլ հավանական թեկնածու է 67-ամյա Ռոյ Կուպերը։

Հյուսիսային Կարոլինայի նահանագպետ Կուպերի ղեկավարած նահանգը ճոճվողներից է, ինչն ավելի գրավիչ է դարձնում Կուպերի թեկնածությունը՝ որպես Հարրիսի ապագա փոխնախագահ։ 2008թ. այստեղ հաղթել էր Բարաք Օբաման։ Այս նահանգում, ըստ գնահատականների, Թրամփը մեծ ներդրումներ անելու կարիք չունի, սակայն Կուպերի թեկնածության պարագայում հանրապետականները ստիպված կլինեն անհանգստանալ և ջանքեր թափել այստեղ։ 2020 թվականին Թրամփը նահանգում Բայդենի նկատմամբ հաղթանակ է տարել ընդամենը 1.3 տոկոս առավելությամբ, մինչդեռ նահանգապետ Կուպերը դեմոկրատ մրցակցի դեմ պայքարում ընտրվել էր 4 տոկոս առավելությամբ։ Սակայն կա վտանգ, որ Կուպերի թեկնածությունը չի բերի ցանկալի արդյունք դեմոկրատներին, որովհետև քարոզարշավի մեկնելու դեպքում նահանգի կառավարումն անցնելու է կրտսեր նահանգապետ Մարկ Ռոբինսոսնին, որը հանրապետական է ու ավանդական պահպանողականության ներկայացուցիչ։

Հաջորդ հնարավոր թեկնածուն Արիզոնայից սենատոր 60-ամյա Մարկ Քելլին է։

Արիզոնայի սենատորը համազգային հռչակ ձեռք բերեց 2011թ., երբ նրա կինը՝ Գաբբի Գիֆորդսը, փրկվեց մահափորձից: Քելլին՝ որպես ԱՄՆ ռազմածովային նավատորմի վետերան և նախկին տիեզերագնաց, հանդես է գալիս զենքի տարածման նկատմամբ վերահսկողությունը խստացնելու քարոզչության առաջամարտիկի դերում։ 

Հարրիսի հնարավոր թեկնածուներից է 59-ամյա Ջեյ Ռոբերտ Փրիթզքերը։

Նա Իլլինոյիսի նահանգապետն է 2019թ. ի վեր, միլիարդատեր։ Նրա նահանգը ավանդական դեմոկրատական է, ուստի այդ առումով Հարրիսի ընտրապայքարին մեծ աջակցություն չի լինի։ Սակայն Փրիթզքերը ահռելի ֆինանսական կարողության տեր է, և նրա՝ փոխնախագահի թեկնածու լինելը ֆինանսական խոշոր ներդրում կարող է լինել դեմոկրատների գանձարանին։ Նա հրեա է, իսկ վերջին շրջանում հայտնի է Թրամփի դեմ հայտարարություններով։

Փենսիլվանիայի 51-ամյա նահանգապետ Ջոշ Շապիրոն նույնպես հավանական թեկնածու է փոխնախագահի պաշտոնի համար։ 

Նա նահանգապետ է ընտրվել 2022 թվականին՝ նահանգի գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնելուց հետո։ Փենսիլվանիան դեմոկրատների համար կարևորագույն նահանգ է. Շապիրոյի շանսերը այս առումով բարձր են, հատկապես, որ նա 2022թ. հաղթանակ տարավ իր հանրապետական ​​մրցակից Դագ Մաստրիանոյի նկատմամբ՝ հավաքելով ձայների 56 տոկոսը: Նա ազգությամբ հրեա է, էական դեր կատարեց Համասի դեմ Իսրայելի գործողությունների արդյունքում Փենսիլվանիայում տարածված հակասեմիտականությունը դատապարտելու գործում։ Մեծ գովեստների արժանացավ նաև նահանգում կամուրջներից մեկի փլուզման հետևանքները հաղթահարելու համար։