ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որոշումը՝ թողնել նախագահական մրցավազքը, համաշխարհային մամուլում խոշոր արձագանք է ստացել։ Radar Armenia-ն ներկայացնում է CNN-ի վերլուծաբան Ստեֆան Քոլլինսոնի «Բայդենը կայացրեց ամենադժվարին որոշումը, որ որևէ քաղաքական գործիչ կարող էր կայացնել» հոդվածի ուշագրավ հատվածը՝ Բայդենի նախագահության ու առաջիկայում սպասվող իրադարձությունների մասին։
Տևական ժամանակ պայքարի շարունակման ոգի փնտրող Բայդենը հանգեց որոշման, որն ինչ-որ առումով նվաստացուցիչ վերջաբան է ենթադրում մի քաղաքական գործչի համար, որը տարիներ շարունակ ձգտել է ամենաբարձր պաշտոնին և հաճախակի է ստիպված եղել անցելու իշխանության աստիճանի կողքով:
Աշխարհի ամենահզոր մարդու՝ ԱՄՆ նախագահի համար, հեշտ չէ իր անձնական նկրտումները տարանջատել ազգի ճակատագրից: Եվ վերջին շաբաթներին դեմոկրատների ու Բայդենի միջև խորացող ճեղքը քաղաքականության դաժանության ծանր դաս էր՝ հաշվի առնելով, որ նախագահը Թրամփին իշխանությունից հեռացրել էր՝ վերջինիս՝ ներագույն ժամանակների թերևս ամենափոթորկուն նախագահությունից հետո: Բայդենի համար հատկապես դառը հաբ պետք է լինի, որ նա չի այլևս կարողանա գլխավորել Թրամփի դեմ պայքարը, որը վերջին երեք տարվա ընթացքում շարունակաբար պնդում էր, որ Բայդենը չափազանց տկար է և մտավոր առումով թուլացած՝ նախագահի պաշտոնում արդյունավետորեն ծառայելու համար:
Վերընտրընտրության գործընթացի կեսից թեկնածությունը հանելու հարկադրանքը նույնպես ցավալի կլինի նախագահի համար, քանի որ նա նախկինում կրկին 2 անգամ ստիպված է եղել հրաժարվել Սպիտակ տան համար պայքարից. 1987 թվականին այն բանից հետո, երբ բացահայտվեց, որ Բայդենը բրիտանացի քաղաքական գործչից գրագողություն էր կատարել, և 2008-ին, երբ անկարող եղավ հավասար մրցակցություն ապահովել Բարաք Օբամայի ու Հիլարի Քլինթոնի հետ: Կիրակի օրվա որոշումը վերջին սարսափելի շրջադարձն էր Բայդենի կյանքի ողբերգությունների շղթայում, երբ նա Դելավերից սենատոր ընտրվելու ժամանակ կորցրեց իր առաջին կնոջն ու մանկահասակ դստերը ավտովթարի հետևանքով, 2015թ. ստիպված եղավ հուղարկավորել մեկ այլ երեխայի՝ սիրելի որդի Բոյին, իսկ վերջին տարիներին անձամբ էր ներգրավված մյուս որդուն՝ Հանթերին օգնելուգործում՝ ազատվելու թմրանյութերից կախվածության սարսափից և անձնական ճգնաժամից, որն ուղեկցվել էր քրեաիրավական գործընթացող ու դատարանի կողմից կայացված դատավճռով:
Սակայն աճում է հավանականությունը, որ Բայդենի ժառանգությունը կբնորոշվի ոչ թե ժամանակակից ամերիկյան պատմության մեջ ամենաանպատրաստ նախագահին պաշտոնանկ անելու միջոցով, այլ Թրամփի՝ ավելի ծայրահեղական բնույթի երկրորդ ժամկետի համար ճանապարհ հարթելու միջոցով: Եթե Բայդենի այս մի խաղը արդյունավետ լինի, և դեմոկրատներից մեկ այլ թեկնածու կարողանա հաղթել Թրամփին, նա կարող է պատմության մեջ մնալ որպես ամենահաջողակ մեկ ժամկետով նախագահներից մեկը: Կստացվի, որ նա հնարավորություն է ստեղծել հաղթանակի համար` զոհելով իրեն, երբ մի կողմ է դնում սեփական հավակնությունները` ի բարօրություն կուսակցության ու երկրի: Սակայն ընտրապայքարից այսքան ուշ դուրս գալը հարցեր կառաջացնի այն մասին, թե արդյո՞ք Բայդենն իր կուսակցությանը և դեմոկրատական ժառանգորդին չի դրել մի անհնարին առաջադրանքի առաջ՝ մի քանի օրվա ընթացքում պայքար կազմակերպելու նախորդ շաբաթ Միլուոկիում միասնականության հաղթանակ տարած Հանրապետական կուսակցության դեմ։
81 տարեկանում նախագահական երկրորդ ժամկետի հավակնությունը, պարզվեց, անհնարին առաքելություն էր, և, ի հեճուկս իր ջանքերի, Բայդենը գուցե մեծ գլխացավանքից է փրկել իր կուսակցությանը, եթե նույն եզրակացությանը գար մինչև ներկուսակցական ընտրությունները:
Եթե պատմությունը ուղեցույց է, ապա Բայդենի վարկանիշը մոտ օրերս կսկսի աճել: Երբ 1968 թվականին Լինդոն Ջոնսոնը հայտարարեց, որ չի առաջադրվելու երկրորդ ժամկետի համար, արժանացավ լայն զանգվածների ողջույնին ու սիրուն, որն արտահայտվում էր հանրային միջոցառումների ժամանակ ամբողջ երկրում: Ջոնսոնն իր քայլն արեց մարտին՝ ներկուսակցական քարոզարշավի ժամանակ։ Նրա հեռանալը, սակայն, սկիզբ դրեց իրադարձությունների մի քաոսային շղթայի, որը վատթարացավ դեմոկրատների նախնական թեկնածու Ռոբերտ Քենեդու սպանությամբ, ապա ամբողջացավ Չիկագոյում բռնությամբ ուղեկցված համագումարով։ Ի դեպ, Չիկագոն է հյուրընկալելու այս տարվա համագումարը։ Ինչևէ, այնժամ դեմոկրատների միասնական թեկնածուն՝ փոխնախագահ Հյուբերտ Համֆրին, պարտվեց հանրապետական Ռիչարդ Նիքսոնին: Տարիներ առաջ՝ 1952 թվականի մարտին, Հարի Թրումենը՝ մեկ այլ դեմոկրատ նախագահ, որոշել էր չհավակնել երկրորդ ժամկետին, և դեմոկրատ թեկնածու Սթիվենսոնը պարտվեց հանրապետական Դուայթ Էյզենհաուերին։ Բայց եթե Բայդենը իր անձնուրացության համար ստանա ամերիկացիների աջակցության պոռթկումը, և նույնիսկ առաջանա կարոտախտ նրա նախագահության նկատմամբ, դա ամենևին պարտադիր չէ, որ փոխանցվի նրա իրավահաջորդին:
Ոչ մի ժամանակակից նախագահ երբեք այսքան ուշ դուրս չի եկել նախագահական մրցավազքից: Եվ Հարրիսը, կամ մեկ այլ թեկնածու, ով կվերցնի էստաֆետը, այժմ բախվում է ԱՄՆ ընտրական պատմության ամենասարսափելի առաքելություններից մեկին՝ ընդդեմ Թրամփի պես մի հակառակորդի, որն արդեն ապացուցել է, որ ոչինչ չի խնայելու հաղթանակի համար: