Վերլուծություն

Խաղաղության պայմանագրի հարցում Թուրքիան և Ադրբեջանը տարբե՞ր դիրքորոշումներ ունեն

Ինչպես գիտենք, վերջին շրջանում ակտիվ ընթանում են բանակցություններ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիր կնքելու և երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու շուրջ։ Այս գործընթացի վերջին նշանավոր իրադարձությունը Տավուշի շրջանի 4 գյուղերի շուրջ սահմանագծման և սահմանազատման գործընթացն էր։

Գործընթացի մեկնարկից առաջ շատերը թերահավատորեն էին մոտենում դրան, քանի որ համարում էին, որ կողմերի միջև երկարատև հակամարտության արդյունքում ձևավորված առճակատումն ու թշնամանքը կխանգարեն կառուցողական գործընթաց իրականացնելուն։ Սակայն գործընթացը, որքան էլ անսպասելի էր, տեղի ունեցավ առանց լուրջ խոչընդոտների և հակասությունների։ Սա միջազգային հանրության աչքերում, կարծես, ընկալվեց առաջին մեծ փորձությունը, որ հայ-ադրբեջանական կողմերը ունակ են իրականացնել բովանդակային և կառուցողական գործընթաց։ Արևմտյան երկրները ողջունեցին այն՝ կոչ արեցին հնարավորինս շուտ գտնել հետագա լուծման հնարավորությունը և կնքել խաղաղության պայմանագիրը։

Այսքանով, կարծես, ակտիվ փուլը ավարտվեց, քանի որ Ադրբեջանում, նախ, նախագահը ցրեց խորհրդարանը և հերթական ընտրությունների օր նշանակեց սեպտեմբերին, իսկ բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերից սկսեցին հնչել հայտարարություններ, որ Հայաստանի պարագայում ևս մեկ խոչընդոտ կա, և դա Հայաստանի սահմանադրությունն է, որը տարածքային պահանջներ է նախատեսում Ադրբեջանի նկատմամբ։

Երբ Ադրբեջանը գործընթացի կարգավորումը կապում է սահմանադրական փոփոխությունների հետ, սա չի ենթադրում, որ այն ինչ-որ ժամանակով հետաձգվում է, սա նշանակում է, որ Ադրբեջանը այս պահին չունի լուծման և կարգավորման գնալու կամք: Բոլորը գիտեն, որ սահմանադրական փոփոխությունների գնալը, նախ, բարդ, երկրորդ՝ ժամանակատար պրոցես է և ցանկացած երկարաժամկետ կտրվածքում կարող են աշխարհաքաղաքական դասավորությունները այնպես փոխվել, որը չի նպաստի երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը: Այս ամենը հատկապես ուշադրության է արժանի, երբ տեսնում ենք թուրքական կողմի հայտարարություններն ու գործողությունները։

Այս շրջանում հատկանշական է Թուրքիայի որդեգրած դիրքորոշումը և կեցվածքը, նախ, նախագահ Էրդողանի, այնուհետև՝ ԱԳ նախարար Ֆիդանի հնչեցրած հայտարարությունները, որ հարաբերությունները պետք է կարգավորել արագ, և դրա հնարավորությունն առկա է. «Անկարան անկեղծորեն հույս ունի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև ներկայիս բանակցային գործընթացը կհանգեցնի խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրմանը»,- այս մասին Ալիևի հետ վերջին հանդիպմանը հայտարարել էր Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ «Մենք հույս ունենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի, և խաղաղություն կտիրի։ Մենք ցանկանում ենք այդ հաշտեցումը, որքան հնարավոր է, շուտ տեսնել»,- այս հայտարարությունն էլ արել էր նախագահ Էրդողանը՝ Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում։

Երկրորդ առարկայակա հանգամանք այն է, որ Թուրքիայի նախագահը Շուշիի գագաթաժողովին չմասնակցեց: Նրա փոխարեն մասնակցեց ԱԳՆ Հաքան Ֆիդանը։ Նկատենք, որ Շուշին ադրբեջանա-թուրքական հարաբերություններում ունի շատ սիմվոլիկ նշանակություն, քանի որ «44-օրյա» պատերազմից հետո այստեղ է ստորագրվել այն հռչակագիրը, որը ենթադրում է փոխադարձ ռազմական օգնություն «երրորդ երկրի ագրեսիայի դեպքում» և սերտ համագործակցություն ռազմարդյունաբերության ոլորտում: Սրանք նշանային ազդակներ են, որոնք թույլ են տալիս ենթադրել, որ թուրք-ադրբեջանական հարաբերություններում կան նաև նուրբ և առարկայական հակասություններ։ Թուրքերը շտապեցնում են, իսկ ադրբեջանցիները, անընդհատ հղում անելով ՀՀ սահմանադրական փոփոխություններին, ձգձգում հանգուցալուծումը:

Ուշադրության է արժանի նաև Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ ՆԱՏՕ-Ի գագաթաժողովում հնչեցրած ելույթը. «Իր որոշումը կայացնելու է պարոն Իլհամը, ոչ թե ես։ Մեր սիրտն ուզում է, որ այն ստորագրվի, և խաղաղություն տիրի Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Հայաստանի վարչապետի հետ մեր հանդիպումներում մենք տեսնում ենք, որ դրական քայլեր կան։ Իմ եղբայրն՝ Իլհամը, ինձ հետ հանդիպումներում ևս կողմ է արտահայտվել, որ դրական քայլեր կատարվեն»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Սրանից ենթադրում ենք, որ Էրդողանը իր առաջարկներն ու դիտարկումներն արել է հենց Ալիևի մոտ, և այժմ Ալիևի որոշում կայացնելու ժամանակն է: Թե ցանկացած որոշում ինչպես կազդի թուրք-ադրբեջանական հարաբերությունների վրա, ցույց կտա միայն ժամանակը, սակայն կարող ենք միանշանակ պնդել, որ գործընթացի ձգձգումը իր բացասական հետքը կթողնի այդ հարաբերությունների վրա, քանի որ Թուրքիայի արտաքին քաղաքական նոր կուրսը ենթադրում է հարևանների հետ հարաբերությունների կարգավորում և տնտեսական զարգացում: Սրա մասին են վկայում էրդողանի վերջին հայտարարությունները՝ Սիրիայի նախագահ Ասադի հետ հանդիպելու և հարաբերությունների մակարդակը նախկին աստիճանին բարձրացնելու մասին, և Իրաք կատարած պաշտոնական այցերը, որի ընթացքում կնքվել են մի շարք տնտեսական պայմանագրեր (նախատեսվում է, որ Միջին միջանցքի մի ճյուղն էլ անցնելու է Իրաքով, և կողմերը ակտիվ բանակցում են):

Նշենք, որ Թուրքիայի տրանսպորտի նախարարն էլ վերջերս ներկայացրել է Միջին միջանցքի վերաբերյալ իրենց տեսլականը, որից անմասն չէր նաև Հայաստանը։ Նախարարն ընդգծել էր, որ միջանցքի ձևավորման համար հիմնական և էական նախապայման պետք է հանդիսանա կայունությունը և տարածաշրջանի երկրների ցանկությունը։