Radar Armenia-ն ներկայացնում է Politico-ի հեղինակներ Ալեքսանդր Ուորդի և Մեթ Բերգի հոդվածը Վաշինգտոնում այս շաբաթ կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի վերաբերյալ։
Վաշինգտոնում անցկացված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական խոշոր հաղթողը, ըստ էության, Ուկրաինան էր։
ՆԱՏՕ-ի ստեղծման 75-ամյակի խնջույքն էր, և, ի հեճուկս նրա, որ Կիևը դաշինքի անդամ չէր, գողացավ գագաթնաժողովի ամբողջ ուշադրությունը: Երեք օրվա ընթացքում 32 անդամներից բաղկացած ռազմական դաշինքը միավորվեց՝ Ուկրաինային ռազմական աջակցություն ցուցաբերելու հարցի շուրջ՝ ռուսական ներխուժման դեմ պայքարելու նպատակով:
Վաշինգտոնի բնորոշ դաժան ամառային եղանակի ֆոնին դաշինքի անդամ պետությունների առաջնորդները հավաքվել էին ԱՄՆ մայրաքաղաքում՝ մասնակցելով պանելային քննարկումների և հանդես գալով առատ ելույթներով։ Միայն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրական առնվազն մեկ ելույթ էր ունենում իր փաստացի VIP դերում, մինչդեռ նախագահ Ջո Բայդենը հանդես էր գալիս հյուրընկալի կարգավիճակով՝ վերընտրվելու իր կարողությունների հետ կապված ամերիկյան ներքաղաքական իրարանցման համատեքստում:
Ուկրաինան վերցնում է ոսկին
Դաշինքը կարծես այլևս առնվազն լեզվական առումով ընդունել է, որ Ուկրաինիայի ապագա անդամակցությունն անշրջելի է, և արդեն իսկ նախատեսում է հաջորդ տարի տրամադրել 43 միլիարդ դոլարի ռազմական օգնություն։ Այժմ արդեն իսկ մեկնարկել է F-16 կործանիչների տեղափոխումը Ուկրաինա, Կիև են ուղարկվում տասնյակ հակաօդային պաշտպանության համակարգեր, այդ թվում՝ չորս Patriot հրթիռային համակարգեր։ Գագաթնաժողովի արդյունքներով ընդունված համատեղ կոմյունիկեիում ՆԱՏՕ-ի անդամները դատապարտել են Մոսկվայի միջուկային փորձարկումները, իսկ Չինաստանին անվանել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմում «վճռական թույլատրող», ինչն արդեն անհանգստացնում է Պեկինին:
Թեև Ուկրաինան չստացավ այն ամենը, ինչ ցանկանում էր, Կիևն ակնհայտորեն ուրախ էր արդյունքից. «Մենք գոհ ենք Վաշինգտոնի գագաթնաժողովի արդյունքներից։ Փաստաթղթի լեզուն իսկապես ուժեղ է։ Դաշինքը իրական քայլեր արեց առաջ ընթանալու ուղղությամբ։ Հաջորդ կանգառը պիտի լինի դաշինքին միանալու հրավերը՝ ուղղված Ուկրաինային»,- հրապարակային հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկիի խորհրդական Անդրեյ Երմակը։
Բայդենն առայժմ դիմադրում է
Սպիտակ տանը նույնպես կարելի է դասել «հաղթողների» շարքին, քանի որ Բայդենը միջոցառումներում որևէ լուրջ հանրային ձախողում թույլ չտվեց: Սակայն նրա առողջության վերաբերյալ ներքաղաքական քննադատությունները կարող են ի հայտ գալ գագաթնաժողովից հետո՝ շնորհիվ Նենսի Փելոսիի։ Իրենց հերթին անհանգստացած են նաև եվրոպացի գործընկերները. «Անհանգստացուցիչ է՝ արդյո՞ք նա գիտի, թե որ ուղղությամբ է գնում, կամ ընկնելո՞ւ է, ի՞նչն է մոռանալու», - POLITICO-ին փոխանցեց եվրոպացի բարձրաստիճան մի դիվանագետ: Բայդենի համար ռիսկեր պարունակող վերջին արարը հինգշաբթի երեկոյի մամուլի ասուլիսն է, որը, հնարավոր է, վերջին հնարավորությունն է Բայդենի համար՝ ապացուցելու, որ ևս 4 տարի հենց նա պետք է ղեկավարի ամենամեծ ռազմական դաշինքը: Լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը նշել էր, որ ՆԱՏՕ-ի ստացված գագաթնաժողովը ապացույցն է նրա, որ Բայդենն ի վիճակի է կատարել այդ աշխատանքը:
ՆԱՏՕ-ի կիսաֆունկցիոնալ ընտանիքը
ՆԱՏՕ-ի ընդհանուր հզորության հարցը դեռ քննարկման ենթակա է, իսկ հիմնական խոսակցությունները ծավալվում են ԱՄՆ-ի ընտրության շուրջ։ ՆԱՏՕ-ի առաջնորդները կենտրոնացել են դաշինքը Թրամփից պաշտպանելու հարցի վրա՝ մտահոգվելով, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարող է կրկին հայտնվել Սպիտակ տանը և ճաքեր առաջացնել դաշինքում։ Ավելին՝ դեռ պարզ էլ չէ, թե արդյո՞ք նրանք կարող են կանգնեցնել նրան: ՆԱՏՕ-ի որոշ առաջնորդներ պատրաստ են պաշտպանական ծախսերի պահանջը հասցնել երկրի ՀՆԱ-ի 3 տոկոսին, մինչդեռ մյուս անդամները նույնիսկ մոտ չեն 2 տոկոսի թիրախին: Թվում է, թե դեռևս չկա համընդհանուր պատկերացում, թե ինչպես ստիպել բոլոր անդամներին հասնելու ծախսային նվազագույն թիրախներին, թեև ետնապահները խոստանում են հասնել նշաձողին տասնամյակի ընթացքում:
Իսկ այդ ընթացքում դաշինքի մի քանի անդամներ շարունակում են թիրախային քննադատությունն ԱՄՆ-ի ու հավաքական Արևմուտքի նկատմամբ։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որի երկիրը վերջերս ստանձնել է Եվրամիությունում նախագահությունը, գագաթնաժողովին ընդառաջ ջերմորեն շփվում էր Չինաստանի և Ռուսաստանի հետ՝ արժանանալով ողջ Եվրոպայի քննադատությանը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն իր հերթին մեղադրում է ԱՄՆ-ին և արևմտյան երկրներին Ռուսաստան-Ուկրաինա և Իսրայել-Գազա հակամարտությունները ավելի սրելու համար:
Մեղքը բարդեք խոնավության վրա
Գագաթնաժողովի բոլոր մասնակիցները կարող էին միասնաբար համաձայնել մեկ բանում՝ Վաշինգտոնում եղանակը բարենպաստ չէր:
ՆԱՏՕ-ի երկրներից քչերն ունեն այնպիսի տաք և խոնավ ամառներ, ինչպիսին Կոլումբիայի շրջանում է։ Այս առումով եվրոպացի պաշտոնյաներն այնքան էլ ոգևորված չէին, քանի որ ստիպված էին պաշտոնական հագուկապով շրջելու քաղաքում: Միջին ջերմաստիճանը երեք օրվա ընթացքում տատանվել է 32 աստիճան ցելսիուսի շրջանում: «Դրսում կարծես սաունա լինի», - ասում է Ֆինլանդիայի պաշտպանական քաղաքականության վարչության գլխավոր տնօրեն Յաննե Կուսելան՝ օդափոխվող միջանցքում:
Չենք կարող պնդել, որ շոգը նպաստել է թեժ խոսակցություններին, բայց չենք էլ պնդում, որ այդպես չի եղել։…