Վերլուծություն

Թրամփը գրավել է Հանրապետական կուսակցությունը. նոր իրողություններ ԱՄՆ-ում

ԱՄՆ Հանրապետականների ազգային համաժողովի գլխավոր հանձնաժողովը երկուշաբթի հրապարակել է կուսակցության նոր քաղաքական պլատֆորմը՝ ամրապնդելով կուսակցության գաղափարական ներդաշնակությունը Դոնալդ Թրամփի հետ՝ հաջորդ շաբաթ Միլուոկիում կայանալիք կուսակցական համագումարին ընդառաջ: Այստեղ էլ Դոնալդ Թրամփը կհռչակվի կուսակցության միասնական թեկնածու՝ ներկայացնելով հանրապետականներին նոյեմբերի 5-ի քվեարկության ժամանակ։ Պլատֆորմը քվեարկության կդրվի կուսակցության համագումարի ժամանակ։ Radar Armenia-ն ներկայացնում է Ֆեյֆ Փինյոյի՝ փաստաթղթի հիմնական էությունը նկարագրող հոդվածը։

Փաստաթուղթը վերաբերում է ԱՄՆ հասարական-քաղաքական կյանքի բազմաթիվ թեմաներին: Պլատֆորմը, ըստ էության, արտացոլում է Թրամփի լեզվամտածողությունն ու ոճը՝ արտացոլված սոցիալական մեդիայի նրա գրառումներում՝ բազմաթիվ մեծատառերով, կարգախոսներով, ինչպես օրինակ՝ «DRILL, BABY, DRILL» և այլն:

Հղիության արհեստական ​​ընդհատման ազգային արգելք չկա

Կուսակցությունը հղիության արհեստական ընդհատման հարցն առաջարկում է թողնել նահանգներին, այլ ոչ թե համապետական որոշմանը։ Պլատֆորմում հանրապետականները իրենց են վերագրում հաջողությունը, որ ԱՄՆ Գերագույն դատարանը «Roe vs Wade»-ի օրենքը չեղարկեց, որը օրինական էր ճանաչում հղիության արհեստական ընդհատումը ամբողջ երկրով մեկ. «Մենք վճռականորեն պաշտպանում ենք ընտանիքն ու կյանքը։ Հավատում ենք, որ Միացյալ Նահանգների Սահմանադրության 14-րդ փոփոխությունը երաշխավորում է, որ ոչ մի անձ չի կարող զրկվել կյանքից կամ ազատությունից առանց պատշաճ ընթացակարգի, և որ նահանգները, հետևաբար, ազատ են ընդունելու այդ իրավունքները պաշտպանող օրենքներ։ 51 տարի անց մեր շնորհիվ այդ իշխանությունը տրվել է նահանգներին և հանձնվել ժողովրդի քվեին»։

«Ամերիկան՝ ​​առաջին հերթին» արտաքին քաղաքականություն

Կուսակցության պլատֆորմը կրկնում է Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականության տրամաբանությունը ու բառամթերքը։ Համահունչ Թրամփի՝ «Ամերիկան ​​առաջին հրթին» մանթրային՝ Հանրապետական ​​կուսակցության պլատֆորմը շեշտում է, որ Թրամփի երկրորդ վարչակազմը մեծ ներդրումներ է կատարելու ԱՄՆ ԶՈւ պատրաստականության, վարձատրության և կենսապայմանների բարելավվման ուղղությամբ, ավելացնելու է ռազմական ու պաշտպանական բնույթի տեխնիկայի արտադրության ծավալները։ Պլատֆորմը, ինչպես Թրամփը, առաջանահերթություն է համարում «Երկաթե գմբեթի» պես օդային պաշտպանության ստեղծումը։ Հատկանշական է, որ տեքստում չի նշվում Ուկրաինայի մասին, փոխարենը շեշտվում է՝ նոր վարչակազմի արտաքին քաղաքականության նպատակներից մեկը կլինի Եվրոպայում խաղաղության վերականգնումը։

Ներգաղթի վերահսկողությունն ամենուր է

Ներգաղթի հարցը շարունակում է մնալ հանրապետականների գլխավոր առաջնահերթություններից մեկը 2024 թվականի ընտրություններում: Պլատֆորմ գրեթե յուրաքանչյուր բաժնում ներառված է անօրինական ներգաղթի դեմ պայքարի թեմատիկան: Կուսակցության ծրագրում խոստանում են վերականգնել Թրամփի ժամանակաշրջանի սահմանային քաղաքականությունը: Կուսակցությունը նշում է, որ Թրամփի վարչակազմը կավարտի ԱՄՆ-Մեքսիկա սահմանային պատի կառուցումը՝ չնայած այն հանգամանքին, որ Թրամփի նախագահության 4 տարիների ընթացքում 1954 մղոն երկարությամբ սահմանի երկայնքով կառուցվել է մոտ 500 մղոն պատ, որի մեծ մասն ուղղակի փոխարինել է հնացած ցանկապատերին: Հանրապետականները խոստանում են մեծացնել տույժերը նրանց համար, ովքեր խախտել են վիզաների ժամկետները. «Հանրապետականները կապահովեն սահմանը, կարտաքսեն անօրինական ներգաղթյալներին, կփոխեն դեմոկրատների բաց սահմանների քաղաքականությունը։

Հանրապետական ​​կուսակցությունը Թրամփի կուսակցությունն է

Նոր պլատֆորմը, որը նվիրված է «Ամերիկայի մոռացված տղամարդկանց և կանանց», ցույց է տալիս, թե կուսակցությունը որքան սերտորեն է հետևում Թրամփի նախընտրական գծին՝ շեշտադրումներ կատարելով նրա կողմից մատնացույց արվող խնդիրների վրա, մեկնաբանում այդ հարցերը նրա ոճով, բայց զլանում հստակորեն նշել, թե ինչպես պետք է մշակվեն կամ իրականացվեն ոլորտային քաղաքականությունները։ Հանրապետական ​​քաղաքական ռազմավար և Կալիֆորնիայի հանրապետական ​​կուսակցության նախկին գործադիր տնօրեն Ջոն Ֆլեյշմանը նշում է, որ առաջարկվող պլատֆորմը շարունակությունն է կուսակցության վերջին ութ տարիների ընթացքում ավանդական քաղաքականության՝ հանրապետականությունից դեպի Թրամփի նկատմամբ հավատարմություն:

Թրամփի քարոզչական թիմն իր մարդկանց է նշանակել կուսակցական նահանգային կազմակերպությունների ղեկավարների պաշտոններում, փոխել է շատ նահանգային կուսակցությունների կանոնները՝ երաշխավորելու, որ ընտրված պատվիրակները հավատարիմ լինեն անձամբ Թրամփին: Այդ պատվիրակներն են, ովքեր մասնակցելու են համագումարին և քվեարկելու կուսակցության պլատֆորմի օգտին. «Դա ցույց է տալիս, որ Ամերիկան ​​ապրում է թույլ կուսակցական համակարգում, ղեկավարում են ոչ թե կուսակցությունները, այլ թեկնածուները։ Մեկ սերունդ առաջ հերետիկոսություն կլիներ ասելը, որ ուզում ենք փոխարինել կուսակցության հիմնարար փաստաթուղթը, իսկ այժմ դա այլևս դարձել է քարոզչական գրականություն», ասում է Ֆլեյշմանը։

Հ.Գ. Թրամփի օրոք ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը քննադատել է իր կուսակցության այս ուղեգիծը՝ հասարակական-քաղաքական նոր պլատֆորմը որակելով որպես խորագույն հիասթափություն և կոչ անելով, որ համագումարի մասնակիցները փոփոխություններ մտցնեն փաստաթղթում։