Վերլուծություն

Սահմանադրություն, որին վիճակված էր հաղթահարել ամենածանր փորձությունները. այսօր մայր օրենքի ընդունման տարեդարձն է

29 տարի առաջ այս օրը համաժողովրդական հանրաքվեով ընդունվեց նորանկախ Հայաստանի մայր օրենքը՝ սահմանադրությունը։ Մասնակիցների 68%-ը՝  ընտրական իրավունք ունեցող 2 մլն 190 հզ․ քաղաքացուց 1 մլն 217 հզ-ը կողմ քվեարկեց սահմանադրությանը։ 

Սահմանադրություն ունենալը նորանկախ Հայաստանի առաջնահերթություններից էր։ Նախ, անկախության հռչակումից մի քանի օր անց՝ սեպտեմբերի 25-ին, ԳԽ-ն ընդունեց «Անկախ պետականության հիմնադրույթների մասին» սահմանադրական օրենքը, որում ամրագրվեց պետության կառավարման հիմնական դրույթները։ 

Ապա՝ 1992թ․-ից սկսեց գործել սահմանադրական հանձնաժողովը, որը հոկտեմբերին արդեն աշխատում էր նախագծի բուն տեքստի վրա։ 

Այդ ընթացքում ԳԽ-ում ներկայացված ընդդիմադիր ուժերն էլ իրենց սահմանադրության նախագիծը բերեցին, որ հայտնի դարձավ «վեցյակի սահմանադրություն» անվամբ։ Տևական աշխատանքից, բուռն քննարկումներից հետո  ԳԽ-ն 1995թ․ մայիսին հաստատեց և հուլիսի 5-ին հանրաքվեի դրեց սահմանադրության նախագիծը, որ մինչ այդ մանրամասն՝ հոդված առ հոդված, քննարկվել էր օրենսդիր մարմնում, նաև՝ մի քանի հարյուր հազար օրինակով տպագրվել ու բաժանվել քաղաքացիներին։ 

Սահմանադրության ընդունման վերաբերյալ 1994թ. ընթացքում ԳԽ նիստում երկու անգամ հանդես էր եկել հանձնաժողովի ղեկավար, Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Իսկ հիմնական քննարկումներն ու բանավեճերը պետության կառավարման համակարգի շուրջ էին, քանի որ ընդդիմադիրները՝ ի դեմս ՀՅԴ-ի, պնդում էին խորհրդարանական կառավարման օգտին։ 

Մինչդեռ, Տեր-Պետրոսյանն իր ելույթում հակադարձում էր. «Ես միանգամայն խոտելի եմ համարում այն էժանագին ամբոխավարական հնարքը, որով փորձ է արվում նախագահական համակարգը ներկայացնել որպես բռնապետական, իսկ խորհրդարանականը՝ որպես ժողովրդավարական վարչաձև։ Համենայն դեպս, պատմության փորձը ցույց է տվել, որ խորհրդարանական հանրապետություններից ավելի հաճախ են բռնապետություններ ու, նույնիսկ, ֆաշիստական վարչակարգեր ծնվել, քան նախագահական հանրապետություններից»։

Նա նաև հիմնավորում էր, թե ինչու է Հայաստանում անհրաժեշտ նախագահական կառավարում. «Ոչ ոք չի կարող ժխտել նաև, որ խորհրդարանական համակարգը կենսունակ է միայն այն պետություններում, որտեղ պատմականորեն ձևավորված են մեկ կամ, առավելագույնը, երկու-երեք լուրջ, զանգվածային կուսակցություն, որոնցից յուրաքանչյուրն ընդունակ է կազմել խորհրդարանական մեծամասնություն և դրա շնորհիվ ապահովել կառավարության արդյունավետ գործունեությունը։ Իսկ խայտաբղետ, բազմակուսակցական խորհրդարանների ընտրության դեպքերում խորհրդարանական համակարգը հանգեցնում է թույլ կոալիցիոն կառավարությունների ձևավորմանն ու հարատև ներքին ցնցումների, որոնք շատ հաճախ ավարտվում են պետական հեղաշրջումներով և բռնատիրությամբ, կամ, ոչ հազվադեպ, նաև՝ օտար միջամտությամբ։

Խորհրդարանական համակարգի հաստատման դեպքում, իմ խորին համոզմամբ, Հայաստանին սպասվում է, ահա, այս տխուր և ազգակործան ճակատագիրը…

Ըստ ամենայնի, առնվազն առաջիկա մի քանի տասնամյակի հեռանկարում Հայաստանի Հանրապետությունում կառավարման նախագահական համակարգն այլընտրանք չունի։ Եթե անգամ հանգամանքների բերումով Հայաստանում վերականգնվի խորհրդարանական կառավարումը, ապա միևնույն է, մի քանի տարի հետո մեր հանրապետությունը կրկին վերադառնալու է նախագահական համակարգին, բայց՝ անհուն զրկանքների ու անհամար վնասների գնով»։

Սահմանադրության նախագծի կազմման հարցում դրված էր երկու առանցքային սկզբունք, որոնք, ըստ էության, պահպանվել էին խստորեն. այնտեղ բացառվել էին իրավիճակային լուծումները, քաղաքական կոմպրոմիսները, նաև՝ պետության և հասարակության կյանքում բացառվել էր որևէ ճգնաժամային իրավիճակ, որը չունենար սահմանադրական լուծում։

Բավական է նշել, որ 1995թ. սահմանադրությանը «բախտ վիճակվեց» հաղթահարել երկրի համար երկու կարևորագույն մարտահրավեր՝ առանց ներքաղաքական ցնցումների ու ճգնաժամերի. խոսքը 1998թ. պալատական հեղաշրջման մասին է, երբ հրաժարական տվեց նախագահը, ապա նաև՝ ԱԺ նախագահը, և երկրորդ՝ 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, երբ գլխատվել էր խորհրդարանն ու կառավարությունը։ Ահա, շնորհիվ նաև սահմանադրության, երկրում հնարավոր եղավ խուսափել սահմանադրական ճգնաժամերից։

Երկրի մայր օրենքը, որ նախագահի պաշտոնում Ռոբերտ Քոչարյանի առաջադրմամբ կոպիտ ոտնահարվեց (հիշում եք՝ նա չէր բավարարում ՀՀ քաղաքացիության և ՀՀ-ում մշտապես բնակվելու սահմանադրական նորմին, բայց չնայած դրան, անձնագրայինից համապատասխան տեղեկանքը ստացավ), մի քանի անգամ փոփոխության ենթարկվեց։ Առաջին փորձն անհաջող էր.2003թ., Քոչարյանի իշխանության օրոք եղավ սահմանադրության փոփոխությունների հանրաքվե, որը սակայն, տապալվեց. բավարար թվով մարդ չէր մասնակցել հանրաքվեին։

2005թ., սակայն, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն համարվեց կայացած, թեև ընդդիմությունը բոյկոտել էր, և այդ օրը տեղամասերում ակնհայտ դատարկություն էր։ 

Հետագայում 2005թ. հանրաքվեն անվանեցին «ուրվականների հանրաքվե», քանի որ ակնհայտ էր՝ անհրաժեշտ թվով ձայներ չէին ստացվել։

2015թ. սահմանադրական փոփոխությունների արդյունքում, ըստ էության, նոր սահմանադրություն կազմվեց, քանի որ հիմնովին փոխվեց երկրի կառավարման համակարգը՝ անցում կատարելով կիսանախագահականից խորհրդարանականի։ Ու թեև 2015թ. սահմանադրության հեղինակները պնդում էին՝ իրենց նախագծով բացառվում են երկրում ներքաղաքական ցնցումները, հեղափոխությունները, բայց հենց առաջին փորձը բեկումնային էր։

2018թ․ հետո սահմանադրական փոփոխությունների մասին բազմիցս հայտարարվեց։ Սահմանադրության մեջ որոշ փոփոխություններ արվեցին, բայց արդեն՝ խորհրդարանի միջոցով, այն հոդվածներում, որոնք ԱԺ կողմից փոփոխելի են։

Հիմա Հայաստանում սահմանադրական փոփոխությունների նոր նախաձեռնություն կա, նաև հանձնաժողով է գործում։ Նախագիծը դեռ չի մշակվել։

Թե ինչ կլինի, ցույց կտա ժամանակը։ 

Արման Գալոյան