ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանն իր վերջին հարցազրույցում հայտարարել է, թե իր պաշտոնավարման ժամանակ իշխանությունը պատրաստ էր զիջումներով գնալ ԼՂ հարցի կարգավորմանը․ «Ես համոզված եմ, որ մեզ հաջորդող Սերժ Սարգսյանի իշխանությունը ևս պատրաստ էր դրան: Բնականաբար, այդտեղ համարձակ քայլերի կարիք կար, և դրա համար որոշակի երաշխիքների անհրաժեշտություն, որը մենք չէինք կարողանում ձեռք բերել: Հաշվի առնելով լայն ու մեծ լեգիտիմությունը՝ Փաշինյանը նախկին բոլոր նախագահներից ամենալայն հնարավորություններն ուներ հարցի խաղաղ կարգավորման համար այդ զիջումներն անելու՝ հօգուտ Հայաստանի ու Արցախի: Խոսքը Արցախի վերջնական կամ անցումային ժամանակավոր կարգավիճակի դիմաց տարածքներ վերադարձնելու մասին է»․ ասել է նախկին նախարարը:
2020թ. 44-օրյա պատերազմից, 2023-ի՝ ԼՂ հայաթափումից հետո Հայաստանի քաղաքական դաշտում հանկարծ մի շատ հետաքրքիր բան բացահայտվեց. պարզվեց՝ նախկին իշխանությունները հետին թվով ԼՂ խնդրի փոխզիջումային տարբերակի լուծման կողմնակից են. գոնե իրենք են այդպես ներկայանում։
Հիշում եք Սերժ Սարգսյանի՝ 2020-ից հետո արած հայտարարությունները, թե ինքը երբեք ոչմիթիզական չի եղել, այլ միշտ կողմ է եղել փոխզիջումների, անգամ՝ պատրաստ է եղել Կազանում փաստաթուղթ ստորագրել։
Նույնը՝ նաև Ռոբերտ Քոչարյանը, որն էլ իր գրքում էր փորձել փոխզիջումների կողմնակից ներկայանալ։
Հիմա էլ Քոչարյանի օրոք ԱԳ նախարար աշխատած Վարդան Օսկանյանն է ասում, թե իր պաշտոնավարման ժամանակ իշխանությունը պատրաստ էր զիջումներով գնալ ԼՂ հարցի կարգավորման։
Բնականաբար, այդքանից հետո մի հարց է առաջանում. եթե պատրաստ էիք փոխզիջումներով գնալ ԼՂ հարցի կարգավորման, ինչո՞ւ չլուծեցիք խնդիրը։ Պատասխանն, իհարկե, դժվար չէ կռահել. այս դեպքում մեղավոր կարող են կարգել Ադրբեջանին՝ ասելով, թե վերջինս էր մերժում բանակցային բոլոր տարբերակները։ Անշուշտ, լավ արդարացում է, մանավանդ, որ ասվածի մեջ ճշմարտության որոշակի տարրեր կան։
Բայց այդ դեպքում հետաքրքիր է՝ ինչո՞ւ իրենց պաշտոնավարման ընթացքում ԼՂ հարցի փոխզիջումային կարգավորման կողմնակից այսօր ներկայացողները 1998թ. մերժեցին փուլային տարբերակը՝ մերժելով հարցի կարգավորման միակ պատեհ պահը, երբ Ադրբեջանն իրոք պատրաստ էր գնալ փոխզիջումների։ Ինչո՞ւ այն ժամանակ ոչ միայն մերժեցին, այլև Տեր-Պետրոսյանի բանակցած տարբերակը հայտարարեցին պարտվողական (ի դեպ, միակ տարբերակը, որում որևէ խոսք չկար Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին), և վերջում այդ պատրվակով երկրում պալատական հեղաշրջում իրականացրին։
Դա էլ բավարար չէ, 1998թ. սկսած՝ ավելի քան 20 տարի վարել են խնդրի ակտիվ սառեցման քաղաքականություն, երկրի ներսում ակտիվորեն քարոզել ոչմիթիզականություն, հայդատականությունը վերածել պետական քաղաքականության, իսկ Հայաստանի համար իսկապես շահեկան լուծումը՝ փուլային տարբերակը, որակել որպես պարտվողական, իսկ պատերազմ հաղթած նախագահին՝ հող հանձնող։
Իսկ արժի՞ Օսկանյանին հիշեցնել 1998թ. հունվարի 8-ի ԱԽ նիստի հայտնի դրվագը, որի մասին գրել է ինքը՝ գրքում, երբ, ի պատասխան նախագահ Տեր-Պետրոսյանի հարցի, թե հնարավո՞ր է երբևէ ստանալ մի փաստաթուղթ, որում հղում կարվի Ղարաբաղի կարգավիճակին՝ առանց ամրագրելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Օսկանյանը կարծիք էր հայտնել, թե հնարավոր է, այնուհետև՝ ավելացրել. «Ասել, թե իմ պատասխանը հիմնված էր ինչ-որ վերլուծության վրա, ճիշտ չէր լինի...»։
Օսկանյանն է խոստովանել, որ այդ պատասխանով «որոշվեց» ԱԽ նիստի ելքը և հետագա իրադարձությունների ընթացքը, որը հանգեցրեց պետական հեղաշրջման։
Հայաստանը, 1997թ. փուլային տարբերակից հետո, այդպես էլ չկարողացավ հասնել մի փաստաթղթի, որում հղում կարվի Ղարաբաղի կարգավիճակին՝ առանց ամրագրելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ընդհակառակն, բոլոր փաստաթղթերը, որոնցում ամրագրված է եղել ազգերի ինքնորոշման իրավունքը՝ ԼՂ կարգավիճակը որոշելու համատեքստում, միաժամանակ նշված է եղել նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին։
Այդքանից հետո Օսկանյանը դեռ խոսում է ԼՂ խնդրում փոխզիջումներով լուծման գնալու պատրաստակամության մասին։
Այստեղ են ասել՝ եթե բոլորդ անմեղ եք, եկեղեցու զանգն ո՞վ գողացավ։
Արման Գալոյան