Radar Armenia-ն ներկայացնում է ամերիկյան CNN-ի վերլուծաբաններ Սասկյա Վանդորնի և Կամիլա Նայթի հոդվածը Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների արձանագրած պատկերի և նախագահ Էմանուել Մակրոնի հետագա քաղաքականության մասին։
Մարդ, ով ժամանակին նկարագրում էր իր առաջնորդության ոճը որպես «յուպիտերական», այժմ հիշեցնում է «Իկարուսին» այն բանից հետո, երբ նա խաղաց քաղաքական կրակի հետ և այրվածք ստացավ:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կենտրոնամետ դաշինքը ջախջախվել է կիրակի օրը, մինչդեռ ծայրահեղ աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցությունը ընդլայնել է իր դիրքերը երկրի խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում: Այն ժամանակին դիտվում էր որպես լուսանցքային շարժում, իսկ այժմ կարող է հավականել ստանձնելու իշխանությունը՝ ստանալով ձայների 33%-ը: Այն կդառնա առաջին ծայրահեղ աջ կուսակցությունը, որը մաս կկազմի Ֆրանսիայի կառավարությանը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Այնուհանդերձ, կիրակի օրը կայանալիք երկրորդ փուլից առաջ դեռ ամեն ինչ միանշանակ չէ:
Ձախակողմյան դաշինքը՝ «Նոր ժողովրդական ճակատ»-ը նույնպես լավ դրսևորեց իրեն՝ 28 տոկոս ձայնով զբաղեցնելով երկրորդ տեղը: Միևնույն ժամանակ, Մակրոնի աջակիցների դաշինքը հայտնվեց երրորդ տեղում՝ ստանալով ձայների 21%-ը և շփոթմունքի մատնելով նրա ճամբարում շատերին, թե ինչու, ի վերջո, նախագահը նախապես արտահերթ ընտրություններ նշանակեց:
«Այս գիշերը առանձնանում է մյուս բոլոր գիշերներից», - հանդիսավոր կերպով ավետեց վարչապետ Գաբրիել Աթալը՝ ֆրանսիացիներին ուղղված ուղերձում և ըննդգծեց. «Ծայրահեղ աջերը իշխանության դարպասների մոտ են»։
Այնուամենայնիվ, այս ընտրություններում դեռ ոչինչ վճռված չէ, ուստի ի՞նչ սպասել առաջիկայում:
Հակամարտող ճամբարները
577-տեղանոց խորհրդարանում կիրակի օրը ընտրվել է ընդամենը 76 թեկնածու՝ 39-ը աջերից, 32-ը՝ «Նոր ժողովրդական ճակատից» և ընդամենը 2 պատգամավոր Մակրոնի դաշինքից: Մնացած տեղերը կորոշվեն հաջորդ շաբաթավերջին 2-րդ փուլում, իսկ մինչ այդ սպասվում են խոշոր քաղաքական սակարկություններ և տեղաշարժեր: Սա կարող է որոշել, թե արդյո՞ք ֆրանսիական քաղաքականությունն իսկապես երկրաշարժի է ենթարկվում: Այն ստեղծեց աննախադեպ իրավիճակ՝ կիրակի օրը 306 ընտրական քվոտայում մրցում էին 3-ական թեկնածուներ՝ ի հեճուկս 2022թ., երբ այդպիսի մրցապայքար արձանագրվել էր միայն 8 քվոտայում։ Երկրորդ փուլ են անցնում միայն այն թեկնածուները, ովքեր հաղթահարել են 12,5 տոկոսի շեմը։ Սովորաբար, ընտրատարածքների մեծ մասում միայն երկու թեկնածու է անցնում, բայց այս տարի ավելի քան 50 տոկոս դեպքերում հաջորդ փուլ է անցնում երեք թեկնածու՝ առաջինը Ֆրանսիայի ժամանակակից պատմության մեջ: Այդ եռակողմ մրցավազքերը շահավետ են այն թեկնածուների համար, ովքեր առաջին փուլում հայտնվել են առաջին տեղում։ Եվ նկատի ունենալով, որ աջերը առաջատար են երկրորդ փուլի կեսից ավելի դեպքերում, որոշ կուսակցություններ արդեն իսկ ռազմավարություն են մշակում՝ ինչպե՞ս կասեցնել վերջիններիս հաղթարշավը: Նրանք, սակայն, շատ ժամանակ չունեն, քանի որ վերջնաժամկետը երեքշաբթի երեկոյան է, երբ թեկնածուները պետք է որոշեն՝ առաջադրվելու են, թե դուրս են գալու պայքարից մեկ ուրիշի օգտին: Ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատը», օրինակ, հայտարարել է, որ մրցապայքարից դուրս կգան բոլոր այն թեկնածուները, ովքեր զբաղեցրել են երրորդ տեղը։ Մակրոնի դաշինքը այնքան էլ պարզ չի արտահայտվել իր գալիք ծրագրերի մասին բացի իր վարչապետի պնդումից՝ «ոչ մի ձայն չպետք է տրվի ծայրահեղ աջերին»: Այնուամենայնիվ, որոշումը անհատ թեկնածուներին է:
Ռումբ ընդդեմ աշխարհակարգի
Խորհրդարանական այս ընտրությունները աշխուժություն են առաջացրել ժողովրդի շրջանում. 67%-ի բացառիկ մասնակցությունը ինքնին խոսուն է։ Սակայն այս հարցը վերաբերում է նաև աշխարհին:
Ծայրահեղ աջ Մարին Լը Պենի կուսակցությունը տխրահռչակ եվրոսկեպտիկ է, և թեև դադարել է խոսել ամբողջական «Frexit»-ի կամ Ֆրանսիայի՝ ԵՄ-ից հեռանալու մասին, նրա մանիֆեստն ինքնին կասկածի տակ է դնում եվրոպական նախագծի հիմքերը: Աջերի հիմնական կուսակցությունը հստակ ցույց է տվել, որ ձգտելու է թուլացնել միությունը և հաստատել ավելի մեծ վերահսկողություն ֆրանսիական պետության սահմանների և ինքնիշխանության նկատմամբ: Իշխանության գալու դեպքում, դաշնակցելով Իտալիայի Ջորջիա Մելոնիի և Հունգարիայի Վիկտոր Օրբանի հետ, նրանց ծրագրերը Եվրոպայի համար կարող են շատ ավելի մեծ կշիռ ձեռք բերել և ռեալ հետևանքներ ունենալ:
Եթե աջերն իսկապես գերիշխող դառնան խորհրդարանում, դա լավ նորություն կլինի նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար: Լը Պենը շատ զուսպ է քննադատել Մոսկվայի ներխուժումն Ուկրաինա՝ նախկինում նաև փորձ ունենալով ռուսական բանկից խոշոր վարկառու լինելու հարցում և պարծենալով «Վլադիմիր Պուտինի հանդեպ իր հիացմունքով»:
Նախքան ընտրությունները, Լը Պենը կասկածի տակ էր դնում նախագահի դերն ու լիազորությունները երկրի ռազմական գործերում։ Մինչդեռ Մակրոնը խոստացել է ավարտին հասցնել իր նախագահական ժամկետը, որը տևում է մինչև 2027 թվականը: Ֆրանսիայում սահմանադրորեն նախագահն է գլխավորում բանակը, իսկ Մակրոնը քանիցս չի բացառել Ուկրաինա ֆրանսիական զորքեր ուղարկելու հնարավորությունը: Աջերի 28-ամյա առաջնորդ Ջորդան Բարդելլան կտրուկ կերպով հայտարարել է, որ վարչապետ դառնալու դեպքում թույլ չի տալու, որ որևէ ֆրանսիացի զինվոր ոտք դնի Ուկրաինա՝ կասկածի տակ դնելով Ֆրանսիայի սահմանադրական կարգը։
2022թ. Լը Պենը նաև հայտարարում էր, որ պետք է լքել ՆԱՏՕ-ի ռազմական թեւը, սակայն նրա կուսակցությունը նահանջել է այդ նշաձողից՝ պնդելով, որ դա տեղի չի ունենա, քանի դեռ Ուկրաինայում պատերազմը շարունակվում է:
Մակրոնի քաղաքականության վախճա՞նը
Մակրոնի կուսակցությունն արդեն իսկ կառավարում է երկիրը առանց մեծամասնության Ազգային ժողովում։ 2022 թվականի ընտրությունների ժամանակ արձանագրված սպասվածից ավելի վատ ցուցանիշը ստիպել էր նրան կա՛մ կոալիցիաներ փնտրել, կա՛մ օգտագործել սահմանադրական գործիքները նոր որոշումների միջոցով իր քաղաքականությունը պարտադրելու համար։
Սակայն թե՛ ձախերից, թե՛ աջերից ետ մնալը կարող է սկիզբ դնել նրա քաղաքական օրակարգի վախճանին: Ձախողումը կստիպի Մակրոնին՝ վարչապետ նշանակել հաղթող կուսակցություններից մեկի թեկնածուին, ինչի արդյունքում քաղաքական հակառակորդը կստանա կառավարությունը ղեկավարելու հնարավորություն: Աջերի թեկնածու Բարդելլան հայտնել է, որ ինքը կառավարության ղեկը կստանձնի միայն այն դեպքում, եթե իր կուսակցությունը բացարձակ մեծամասնություն ստանա։ Սակայն, քանի որ առաջին փուլը ցույց տվեց, որ կուսակցություններից ոչ մեկը չի ստանալու անհրաժեշտ 289 մանդատները, տեսադաշտում չի մնացել վարչապետի այլ ակնհայտ թեկնածու: Սա կարող է քաղաքական փակուղի լինել Ֆրանսիայի համար գալիք տարում, ինչպես նաև ճգնաժամ՝ նախագահ Մակրոնի համար, որը, ըստ էության, ինքն էլ հրահրեց: