Radar Armenia-ն ամբողջությամբ ներկայացնում է Atlantic Council-ի փորձագետներ Մայա Նիկոլաձեի և Անա Լեյավայի համատեղ հոդվածը Վրաստանում «օտարերկրյա գործակալների օրենքի» ընդունման և իշխող կուսակցության ու նրա հիմնադրի հնարավոր շահախնդրությունների մասին։
Մայիսի 14-ին Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջին լսումների ժամանակ ընդունել է «օտարերկրյա գործակալների» վիճահարույց օրենքը: Օրենսդրությունը կպահանջի, որ այլ երկրներից իրենց ֆինանսավորման ավելի քան 20 տոկոսը ստացող կազմակերպությունները գրանցվեն որպես «օտարերկրյա տերության շահերը սպասարկող կազմակերպություններ»: Օրինագիծը բուռն արձագանք է առաջացրել քննադատների կողմից, ովքեր պնդում են, որ այն նպատակ ունի ճնշում գործադրելու ընդդիմության նկատմամբ, Վրաստանն ավելի մոտեցնել Ռուսաստանին՝ հեռացնելով Արևմուտքից: Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մտադիր է վետո դնել օրինագծի վրա, սակայն խորհրդարանը կարող է չեղարկել նրա վետոն (երկու իրադարձություններն էլ արդեն տեղի են ունեցել,- խմբ.)։ Թբիլիսիում շարունակվող բողոքի խոշոր ակցիաները ցույց տվեցին, թե որքան անընդունելի է այս օրենսդրությունը: Այսուհանդերձ, ինչո՞ւ է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը առաջ մղում այն։ Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի Արևմուտքի արձագանքը:
Ընտրական առավելություն
«Վրացական երազանքը» հիմնական շահողն է հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման արդյունքում: Պատմականորեն, Վրաստանում քաղաքացիական հասարակությունը զգալի ազդեցություն է ունեցել երկրի քաղաքական կյանքում։ Օրինակ, այն առանցքային դեր խաղաց 2012 թվականի ընտրություններում՝ նպաստելով ընտրողների գրագիտության բարձրացմանն ու ընտրական մշտադիտարկմանը:
Այնուամենայնիվ, հիմնական խնդիրը, որն ունեն վրացական ոչ կառավարական կազմակերպությունները (ՀԿ-ները) և քաղհասարակության կազմակերպությունները, ֆինանսական կախվածությունն է միջազգային դոնորներից: Վրաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ֆինանսավորման ավելի քան 90 տոկոսը ստանում են արտասահմանյան աղբյուրներից, ինչի մասին է վկայում 2020 թվականի զեկույցը: Հենց ընտրություններից առաջ նրանց ֆինանսավորման հոսքերը թիրախավորելը տրամաբանական քայլ է թվում իշխող կուսակցության համար։ Վերջինս ձգտում է ընտրություններից առաջ վերացնել ազդեցիկ և հնարավոր հակառակորդներին:
Սակայն շատերը պնդում են, որ «Վրացական երազանքը» կարող է հաղթել հոկտեմբերի խորհրդարանական ընտրություններում՝ առանց անգամ այս օրենսդրության: Ի վերջո, իշխող կուսակցությունն առաջատար է առկա հարցումներով, և տեղեկություններ կան, որ արդեն իսկ օգտագործում է վարչական ռեսուրսը: Վրացական ընդդիմադիր կուսակցությունների ծայրահեղ պառակտվածությունը գրեթե անհնարին է դարձրել նրանց կոալիցիայի հնարավորությունը, որը կարող է հակազդել «Վրացական երազանքին»: Վերջինս օտարերկրյա գործակալների օրինագծի ներմուծմամբ, սակայն, միավորել է ընդդիմությանը, ինչպես նաև ավելի լայն զանգվածներին՝ ի պաշտպանություն Վրաստանի եվրոպական ապագայի:
Ինչո՞ւ, ուրեմն, «Վրացական երազանքը» որոշեց առաջ ընթանալ ոչ ժողովրդական օրինագծի հարցում՝ քաջ իմանալով, որ ընտրություններից ընդամենը մի քանի ամիս առաջ այն հարուցելու է բողոքի ցույցեր և հակակառավարական տրամադրություններ:
Իվանիշվիլիի ազդեցությունը
Բիձինա Իվանիշվիլիի՝ Վրաստանի ամենահարուստ մարդու, «Վրացական երազանքի» հիմնադիրն ու պատվավոր նախագահի գործոնը կարող է առանցքային լինել՝ հասկանալու համար, թե ինչո՞ւ է կուսակցությունը դիմել այս ինքնաոչնչացնող քայլին։ Նա բացառիկ ազդեցություն ունի կառավարության որոշումների և գործողությունների վրա։
Իվանիշվիլին ապրիլի 29-ի ելույթում ՀԿ-ներին բնորոշել էր որպես գլոբալ ուժերի կողմից սնուցվող գործակալներ, որոնք, իր խոսքերով, պատասխանատու են Վրաստանին և Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմների մեջ ներքաշելու համար: Նա կարծում էր, որ ընտրություններին ընդառաջ օտարերկրյա գործակալների օրենքի ներդրումն անհրաժեշտ էր, քանի որ ՀԿ-ները փորձում էին փոխել ընտրական օրենքները՝ գործելով «պատերազմի գլոբալ կուսակցության» շահերից, որը, նրա պնդմամբ, մտադիր է հեղափոխություն իրականացնել Վրաստանում։
Իվանիշվիլիի մոտեցումներն ու իշխող կուսակցության քայլերը, որը առանց հարցադրումների դակում է Իվանիշվիլիի յուրաքանչյուր որոշում, վտանգի տակ են դնում վրաց ժողովրդի անվտանգությունն ու ապագան։ Արևմուտքից անհրաժեշտ է վրաց ժողովրդին աջակցող զգույշ և խելամիտ արձագանք։
Տարածաշրջանային միտում
Ռուսական ոճով օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումը կարծես թե ոչ միայն վրացական, այլև տարածաշրջանային միտում է: Հունգարիան, Ղրղզստանը և Վրաստանը սկսեցին ակտիվորեն առաջ մղել օտարերկրյա գործակալների մասին օրենքները 2023 թվականի ընթացքում: Հունգարիան կիրառեց օրենսդրությունը 2023 թվականի դեկտեմբերին, Ղրղզստանն ընդունեց այն 2024 թվականի ապրիլին:
Արևելյան Եվրոպայում և Եվրասիայում այս 3 պետությունների կողմից ռուսական ոճի օրենքների գրեթե միաժամանակյա ընդունումը կարող է պատահական չլինել: Հնարավոր է, որ Ռուսաստանը ոգեշնչում կամ նույնիսկ ճնշում է իշխող կուսակցություններին։ Ի վերջո, Մոսկվայի ազդեցությունն այս երկրներում, հավանաբար, կմեծանա, եթե այդ երկրների ՀԿ-ները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները կորցնեն միջազգային դոնորների ֆինանսավորումը:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պաշտպանել է «Վրացական երազանք»-ի կողմից օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումը և հայտարարել՝ Մոսկվայի շահերից է բխում, որ Վրաստանում իրավիճակը լինի «կայուն և կանխատեսելի»։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես վերահաստատել է դրական հարաբերությունները Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ, ինչպես նաև պնդել, որ ռուս-ղրղզական հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով։
Եվրամիությունը արդեն դատական գործողություններ է սկսել Հունգարիայի դեմ՝ ի պատասխան նշյալ օրենքի ներդրման։ Մինչդեռ Վրաստանը և Ղրղզստանը ԵՄ անդամ երկրներ չեն, և, հետևաբար, նույն իրավական ճանապարհն այս դեպքում հասանելի չէ:
Ինչ պետք է անի և ինչ չպետք է անի Արևմուտքը
Միջազգային հանրության համար, հատկապես ԵՄ-ի, ԱՄՆ-ի և ՄԹ-ի, կարևոր է աջակցել վրաց ժողովրդի կամքին: Սա նշանակում է օգնել Վրաստանի եվրոպամետ նախագահին իշխող կուսակցության գործողություններին դիմակայելու հարցում: Սա նաև նշանակում է պատասխանատվության կանչել իշխող էլիտային, որը դեմ է գնում իր ժողովրդի կամքին և խոչընդոտում Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրմանը, նպատակ, որը սահմանված է Վրաստանի սահմանադրությամբ:
ԵՄ-ն պետք է զգույշ լինի այն միջոցների կիրառման հարցում, որոնք կարող են վնասել Վրաստանի բնակչությանը, ինչպես օրինակ՝ ներկայիս առանց վիզայի ռեժիմի հնարավոր կասեցումը: Իրավիճակին չի կարող օգնել այն, որ իշխող կուսակցության գործողությունների համար պատժվի վրացական բնակչությունը։
Միջազգային հանրությունը և դոնորները պետք է շարունակեն իրենց աջակցությունը Վրաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, հատկապես հոկտեմբերին կայանալիք ընտրություններից առաջ: Չնայած նոր օրինագծի իրավական հետևանքներին և քաղաքացիական հասարակության հատվածի նկատմամբ ակնկալվող ճնշումներին, ֆինանսավորման հոսքերի պահպանումը կարևոր է քաղաքացիական հասարակության՝ մոնիտորինգի կարողությունների ուժեղացման համար: Սա կենսական նշանակություն ունի հոկտեմբերին թափանցիկ և արդար ընտրական գործընթացներ ապահովելու և Վրաստանին իշխանության հերթական խաղաղ անցման հնարավորություն տալու համար։
ԵՄ-ի և Վրաստանի բազմաթիվ դրոշները, որոնք վերջին շաբաթներին թևածել են Թբիլիսիի փողոցներում, ցույց են տալիս, թե վրացիների մեծամասնությունը որտեղ է պատկերացնում իր ապագան: Արևմուտքը պետք է անի ամեն հնարավորը, որպեսզի օգնի նրանց այս ճանապրհին: