Վերլուծություն

Շվեյցարիայի խաղաղության համաժողովն ու Զելենսկու ձախողումը

Անցնող օրերին Շվեյցարիայում տեղի ունեցավ Ուկրաինայի հարցով խաղաղության համաժողովը։ Կիևի նպատակն էր գագաթնաժողովի մասնակիցների մեծամասնությանը ներգրավել իր 10 կետից բաղկացած խաղաղության բանաձևին, որոնք պետք է հետագա բանակցությունների հիմնական շրջանակ դառնան: Այնուհանդերձ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաժողովը հայտարարեց հաջողված՝ ասելով, որ գագաթնաժողովում «Ուկրաինայի անկախությունը, տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը ճանաչվել են աշխարհի մեծամասնության կողմից»։ 

Կարելի է ասել, որ Ուկրաինային հաջողվեց իր տարածքային ամբողջականության հարցում աջակցություն ստանալ միջոցառման մասնակիցների մեծ մասից։ Այնուամենայնիվ, Հնդկաստանը, Բրազիլիան, Հարավային Աֆրիկան ​​և որոշ այլ երկրներ հրաժարվեցին միանալ համատեղ կոմյունիկեի ստորագրմանը, որտեղ ասվում էր, որ «բոլոր պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքը հիմք կծառայի» Ուկրաինայում պատերազմի ավարտի համար։

Թեև գագաթնաժողովին մասնակցությունը տպավորիչ էր Ուկրաինայի համար, առանցքային երկրների, որոնց թվում են նաև Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները, փաստաթղթին չաջակցելու որոշումը ցույց է տալիս, որ Ռուսաստանը պահպանում է իր միջազգային տնտեսական հզորությունն ու ազդեցությունը, և դա այն պարագայում նույնիսկ, որ Ռուսաստանը հրավիրված չէր: Իսկ Ռուսաստանի տնտեսության ռազմականացման ու պատժամիջոցներին դիմագրավելու գլխավոր հովանավոր Չինաստանը հրաժարվել է մասնակցել՝ պատճառաբանելով Մոսկվայի բացակայությունը։

Գագաթնաժողովում ներկայացվել են նախագահ Վլադիմիր Զելենսկու խաղաղության ծրագրի տասը կետերից միայն երեքը։ Վերջնական կոմյունիկեում կոչ է արվում Ռուսաստանի կողմից օկուպացված Զապորոժիեի ատոմակայանի անվտանգ շահագործումը «Ուկրաինայի լիակատար ինքնիշխան վերահսկողությանը» հանձնել: Նշվում է նաև ռազմագերիների ամբողջական փոխանակման ու Ռուսաստան արտաքսված ուկրաինացիների վերադարձի մասին։ Տեղ է գտել նաև պարենային անվտանգության հարցը, որը «չի կարող օգտագործվել որպես զենք», այն համատեքստում, որ ուկրաինական պարենի արտահանումը պետք է «ապահովվի անվտանգ և ազատ»։

Այնուամենայնիվ, անհասկանալի ու անորոշ է, թե ինչպես է Ուկրաինան պլանավորում աջակցություն ստանալ իր խաղաղության ծրագրի մնացած յոթ կետի համար, որոնք վերաբերում են այնպիսի հարցերին, ինչպիսիք են ռուսական զորքերի դուրսբերումն իր տարածքից, փոխհատուցումները և ռազմական հանցագործներին պատասխանատվության կանչելը:

Խաղաղության գլոբալ գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագիրը ստորագրել են 80 երկիր և 4 կազմակերպություն։ Փաստաթուղթը ստորագրել են ոչ միայն այն երկրները, որոնք ակտիվորեն աջակցում են Ուկրաինային զենքով և ֆինանսներով, այլ նաև չեզոք կամ հակասական դիրք գրաված երկրները։ Դրանց թվում են, մասնավորապես, Վրաստանը, Հունգարիան, Սերբիան, Սլովակիան և Թուրքիան։ Ստորագրողների թվում չեն եղել գագաթնաժողովին մասնակցած Սաուդյան Արաբիան, Թաիլանդը, Հնդկաստանը, Մեքսիկան, Հարավային Աֆրիկան, Բրազիլիան և Արաբական Միացյալ Էմիրությունները և Հայաստանը։ 

Ի վերջո, այս համաժողովը սիմվոլիկ կարևորությունից այն կողմ չանցավ, որն ավելի շատ ցույց տվեց Ուկրաինայի դաշնակիցների ու չեզոք երկրների տարաձայնությունը, Ռուսաստանի դիրքերի ամրությունն ու խաղաղության հնարավորության փակուղայնությունը կոնֆլիկտի այս փուլում։