Եվ այսպես, խորհրդարանական ընդդիմությունը պահանջում է ԱԺ արտահերթ նիստ գումարել՝ օրակարգում ներառելով ԱԺ ուղերձը կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման մասին։ Նրանք նման նախաձեռնությամբ հանդես եկան այն բանից հետո, երբ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժումն իր կիրակնօրյա հանրահավաքն ավարտեց դեպի խորհրդարան երթով՝ նստացույց հայտարարելով Բաղրամյան պողոտայում։ Բագրատ արքեպիսկոպոսը պահանջ է դրել՝ «Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները նախաձեռնում են խորհրդարանի արտահերթ նիստ հունիսի 11-ին` ժամը 18։30-ին, կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու օրակարգով… խորհրդարանը իր արտահերթ նիստով հավանություն է տալիս գործող կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու որոշմանը»։
Եթե հաշվի առնենք փաստը, որ «սեփական օրակարգով» ԱԺ վերադառնալուց հետո մոտ երկու տարի անց վերջապես ընդդիմադիրները համարձակվեցին, այնուամենայնիվ, ինչ-որ քայլ անել, պատգամավորների այս նախաձեռնությունը կարելի է նույնիսկ մեծ առաջընթաց համարել։ Ի վերջո, այս օրվան նրանք շատ էին սպասել։
Հիշում եք՝ 2022թ․ ապրիլին խորհրդարանական ընդդիմությունը դուրս եկավ փողոց՝ մի քանի ամիս շարունակ բոյկոտելով ԱԺ նիստերի աշխատանքները, անգամ՝ կորցնելով խորհրդարանական պաշտոնները։ Ու այն բանից հետո, երբ ակնհայտ էր, որ չեն կարող հասնել հաջողության, սեպտեմբերին վերադարձան, ընդ որում, հայտարարելով, թե ԱԺ են վերադարձել սեփական օրակարգով, այն է՝ անվստահություն հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Միայն թե, այդ շռնդալից վերադարձից հետո շուրջ երկու տարի նրանք այդ ուղղությամբ որևէ քայլ չէին արել, անգամ՝ հեռավոր փորձի չէին դիմել։ Իշխանությունների դեմ նրանց պայքարը սկսվել ու ավարտվել էր լեզվակռիվներով, հատկապես, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մեղադրանքներ փոխանակելով (իհարկե, այդ ընթացքում չվարանելով օգտվել պատգամավորական մանդատի բարիքներից ու անարգել ճանապարհորդելով բյուջեի հաշվին)։
Իսկ, ահա, կառավարության ղեկավարին անվստահություն հայտնելու ուղղությամբ գործնական ոչ մի քայլ չէր արվել։ Արդարացումները տարբեր էին։ Բայց իրական պատճառը հասկանալի էր ամենքին. ընդդիմադիրները չունեին բավարար թվով պատգամավորներ՝ հարցն օրակարգ բերելու, էլ ուր մնաց՝ քննարկելու և քվեարկության դնելու համար։ Ի դեպ, նրանք վարչապետին անվստահություն հայտնելու համար բավարար թվով պատգամավորներ չունեն նաև այսօր։ Իսկ նախաձեռնությունը, որին այս անգամ դիմել է խորհրդարանական ընդդիմությունը, որևէ կապ չունի վարչապետին անվստահություն հայտնելու հետ։
ՀՀ սահմանադրության 115 հոդվածը հստակ սահմանում է ընթացակարգը, որով կարելի է անվստահություն հայտնել կառավարության ղեկավարին։
Իսկ հիմա խորհրդարանական ընդդիմությունը կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման մասին ԱԺ ուղերձի նախագիծ է ներկայացնում։ Իսկ ԱԺ ուղերձը քաղաքական փաստաթուղթ է, այլ ոչ թե պարտադիր կատարման ենթակա իրավական ակտ։ Հետևաբար, պետք է արձանագրենք, որ սա, մեղմ ասած, անպտուղ նախաձեռնություն է՝ սեփական դեմքը փրկելու միջոց։
Իհարկե, եթե ընդդիմությունն, այնուամենայնիվ, որոշի կտրուկ քայլեր անել և անհարմարություն պատճառել իշխանություններին (բնականաբար, նաև սեփական բարեկեցության ու հարմարավետության հաշվին), եթե ընդդիմությունը պատրաստ է խոստովանելու, որ անվստահություն հայտնելու համար չունի բավարար թվով պատգամավորներ, մնում է վայր դնի մանդատները՝ ստեղծելով քաղաքական ճգնաժամ։ Այս դեպքում արդեն կարելի է հավատալ ընդդիմության անկեղծությանը։ Իհարկե, առանց ընդդիմության էլ իշխանությունները կարող են ընդունել իրենց անհրաժեշտ օրենքները և շարունակել աշխատանքը, բայց մի բան է՝ երբ այս ամենն արվում է նրանց մասնակցությամբ, մի այլ բան՝ բոյկոտի և մանդատները վայր դնելու պարագայում։
Բայց այս ընդդիմությունը հազիվ թե գնա նման քայլի. չէ՞ որ պատգամավորական բաղձալի մանդատից հրաժարվելը հեշտ չէ, հեշտ չէ նաև սեփական հարմարավետությունը զոհելը։ Ի վերջո, իզուր չէին նույն «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լևոնին պատգամավոր դարձնելու ջանքերը, երբ ժամանակին թեկնածուներից մի քանիսը ստիպված եղան ինքնաբացարկի դիմում գրել, որպեսզի հերթը հասնի ընտրացուցակի 50-րդ հորիզոնականում հանգրվանած և այդ օրերին կալանքի տակ պահվով Քոչարյանին։
Այնպես որ, արձանագրենք՝ խորհրդարանական ընդդիմությունն առայժմ զբաղված է մի բանով՝ մանիպուլյացիա, և ուրիշ ոչինչ։ Այլապես, «Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական ներկայացուցիչներն ԱԺ ուղերձի նախագիծը չէին փորձի Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարներին ներկայացնել որպես վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնություն։
Արման Գալոյան