Շաբաթ օրը «Թարգի լաո» հաղորդման ընթացքում ձևակերպածս որոշ մտքեր մտահոգ ընկերների մոտ թյուրըմբռնման տեղիք են տվել, որոնցից 3 խոշորները հակիրճորեն հասցեագրելու անհրաժեշտություն կա։
Եզրաբանության թյուրըմբռնում
Երբ քննարկում ենք հակամարտության կարգավորման տրամաբանությունը և խոսում «փուլային-փաթեթային» լուծումներից, թյուրընկալում է առաջանում, թե իբր իրավիճակը որևէ կերպ նմանեցվում է անցյալի ինչ-որ շրջափուլի, առավել ևս՝ կոնկրետ փաստաթղթի։ Իմ վարած խոսակցությունը ոչ թե փաստաթղթերի մասին էր, այլ հակամարտության կարգավորման մեթոդաբանության։ Սրանք լիովին տարբեր երևույթներ են։ «Փուլային» և «Փաթեթային» տարբերակները, որպես բանակցությունների արդյունքում ձևավորված փաստաթղթային նախագծեր, անհրաժեշտաբար նույն հասկացությունը և երևույթը չեն, ինչ «փուլային» և «փաթեթային» մեթոդաբանությունները։ Իսկ հակամարտության կարգավորման որևէ մեթոդաբանություն, ըստ էության, ինքնանպատակ չէ, այլ ընտրվում է՝ կոնկրետ պատճառով։ Այսօր, երբ Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարողանում գալ համալիր համաձայնության, որը պարզ ու մատչելի ձևակերպած՝ «փաթեթային» լուծում է, մնում է կա՛մ «փուլային» մեթոդաբանությամբ համաձայնության հասնելը, կա՛մ ներկայիս «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» ստատուս-քվոն պահպանելը, կա՛մ պատերազմը։
Հարկ եմ համարում կրկին ընդգծել՝ խոսակցությունը 1997թ. «Փուլային» տարբերակի՝ որպես փաստաթղթային նախագծի և 2024թ. սեղանին առկա բանակցային փաստաթղթի մասին չէր, նույնիսկ դրանց համեմատության մասին չէր և, բնականորեն, չէր էլ կարող լինել։ «Փուլային» ու «փաթեթային» տերմինները կիրառվել են՝ բնութագրելու համար գործընթացը, ոչ թե փաստաթղթերը՝ առավել ևս դրանց նույնականացմամբ։ Եթե ցանկանում ենք, ապա կարող ենք օգտագործել ոչ թե «փուլային» կամ «փաթեթային» կարգավորում տերմինները, որպեսզի շփոթ չառաջանա անտեղյակ մարդկանց մոտ, ինչպես նաև փաստաթղթերի միջև, այլ կիրառել «քայլ առ քայլ» կամ «համալիր» կարգավորում եզրերը։ Սրանով, սակայն, հարցի էությունը չի փոխվում։ Այս իսկ պատճառով էր, որ խոսակցության մեջ հստակ նշել եմ պարամետրերի ու պայմանների հիմնարար տարբերության մասին։ Հարցը հակամարտության կարգավորման մեթոդաբանության մասին էր, այլ ոչ թե ինչ-որ փաստաթուղթ ինչ-որ փաստաթղթին նմանեցնելը, նույնացնելը կամ հակադրելը։ Որքան էլ ցավալի է, անկախ որևէ մեկիս ցանկությունից, այսօրվա ցանկացած փաստաթուղթ այլևս որևիցե կերպ չի կարող նման լինել նախկինում քննարկված որևէ փաստաթղթի։ Ի դեպ, շեշտեմ նաև, որ ներկայումս Հայաստանի պետական-քաղաքական էլիտան կարծես տրամադրված էլ չէ «փուլային» մեթոդաբանությամբ լուծմանը, ուստի համալիր լուծում ակնկալողների անհանգստությունն այստեղ, մեծ հաշվով, իզուր է։
Բանակցողի թյուրըմբռնում
Խոսակցության ընթացքում ես պնդում եմ, որ բանակցողի փոփոխությունը խոշոր տեղաշարժեր չի բերելու հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում, եթե չի փոխվելու մեթոդաբանությունը։ Մեթոդաբանության մասին խոսեցի վերևում՝ քայլ առ քայլ կարգավորում («փուլային» տրամաբանություն), համալիր կարգավորում («փաթեթային» տրամաբանություն), ստատուս-քվոյի պահպանում («ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակ» ու լավ օրերի սպասում) և պատերազմ։ Ով էլ լինի Հայաստանում իշխանության ղեկին՝ ընտրելու է այս 4 մեթոդաբանությունից որևէ մեկը՝ անկարող լինելով որևէ նոր հեծանիվ հորինել։ Այս ընտրության հիմքում լինելու է 4 գործոն՝
- ա) ուժային հավասարակշռություն,
- բ) տարածաշրջանի պետությունների դիրքորոշում,
- գ) մեծ պետությունների շահեր,
- դ) Ադրբեջանի հակվածություն։
Եվ որոշում կայացնողը չի կարողանալու խուսափել այս 4 գործոնի հետ հաշվի նստելուց՝ անկախ նրանից, թե ջոկատային պայքարի կողմնակի՞ց է, Իրանին չի՞ սիրում, ՌԴ-ի քաղաքականության հետ հա՞շտ չէ, Ալիևին ատո՞ւմ է և այլն։ Ցանկացած մեկը գործ է ունենալու այն հնարավորությունների և ռեսուրսների հետ, որոնք կան և գործ է ունենալու կոնկրետ Ադրբեջանի հետ, որը ներկայումս իրեն կարո՛ղ է շքեղություն թույլ տալ՝ տապալելու բանակցությունները կամ հրաժարվելու խաղաղության պայմանագրից։ Հասկանալի է, որ Ադրբեջանի դիրքորոշումը ներհայկական խոսույթում մշտապես արհամարվել է և միայն օգտագործվել՝ բացատրելու համար հակամարտության կարգավորման որևէ ծրագրի տապալումը, բայց դրանք առարկայապես ոչինչ չեն տալիս, ոչինչ չեն փոխում հողի վրա առկա իրողությունների համատեքստում։ Այլ կերպ ասած՝ ով էլ լինի իշխանության, պիտի որոշի՝ գնո՞ւմ է կարգավորման, թե՞ ոչ, եթե գնում է, ապա՝ նշվածներից ո՞ր ճանապարհով։ Ստեղծված իրավիճակում բանակցողի անձնական հատկանիշները կարող են ազդել մանր դետալների վրա, բայց փոխել ընդհանուր գործընթացը, այդ թվում՝ ինքնուրույնաբար ստիպել Ադրբեջանին համաձայնելու հայկական պայմաններին կամ ներգրավել որևէ պետության, որը դեյտոնյան տրամաբանությամբ լուծում կպարտադրի Ալիևին, պնդում եմ, որ անհնար է։ Հարկ է ընդգծել՝ խոսակցության բուն էությունը կոնկրետ անհատի պաշտոն ունենալ կամ չունենալը չէր, այլ հակամարտության կարգավորումը, սահմանից այս կողմ ունեցած հնարավորությունները և սահմաններից անդին գոյություն ունեցող դիրքորոշումները։
Միջնորդների թյուրըմբռնում
Մեր խոսակցության մեջ ես պնդում էի, որ այսօր միջնորդների խնդրի վրա կենտրոնանալ չարժե, որովհետև դա ակտուալ հարց չէ։ Դիրքորոշումս պայմանավորված էր հետևյալ 3 հանգամանքով. 1) այսօր աշխարհում չկա որևէ պետություն, որը պատրաստ է, միջնորդ լինելով, զսպել Ադրբեջանի ախորժակը, 2) կան հարթակներ, որոնք հայկական կողմի համար են անընդունելի, կան հարթակներ, որ մերժելի են ադրբեջանական կողմի համար, 3) Ադրբեջանը իր համար սկզբունքային հարց է դարձրել երկկողմ բանակցությունները։ Այս 3 գործոնով պայմանավորված՝ «միջնորդների հարց» հետապնդելը նախ դառնում է ինքնանպատակ, որովհետև, հաստատապես, ոչ Ռուսաստանը, ոչ ԱՄՆ-ն, ոչ Ֆրանսիան կամ Չինաստանը, Հայաստանի ցանկությամբ չէ, որ լինելու են միջնորդ կամ ետ են քաշվելու գործընթացից։ Այս երկրները գլոբալ խաղացողներ են, որոնք իրենց շահերո՛վ պայմանավորված են լինում միջնորդ կամ դուրս (ինքնա)մղվում գործընթացներից։ Հայաստանը 2020-2022թթ. միամտություն ունեցավ ընկնելու այդ ծուղակի մեջ և մինչև վերջ տարավ «Մինսկի խմբի» գործընթացի վերակենդանացման փորձը։ Սա տակտիկական սխալ էր, որից արագորեն օգտվեց Ադրբեջանը, որովհետև «Մինսկի խմբի» համանախագահները Հայաստանի կամ Ադրբեջանի ցանկությամբ չէ, որ միջնորդություն էին անում կամ կարող են անել, ինչպես որ 2023թ. սեպտեմբերի 17-ին Հայաստանի ուզել-չուզելով չէր, որ «տարօրինակ» խորհրդակցություն էին անցկացնում Ստամբուլում։ Այլ կերպ ասած՝ այսօր ոչ մի միջնորդ իր ներկայությունը չի ցանկանում ունենալ այս հակամարտության մեջ՝ ինչ-ինչ պատճառներով, և սա Ադրբեջանը շատ լավ տեսել ու հասկացել է՝ գործընթացը տանելով դեպի երկկողմ ձևաչափ։ Սա փաստ է, որի հետ հաշվի չնստել չի կարող որևէ բանակցող։ Այսօր ստացվել է այնպես, որ երկկողմ ձևաչափի այլընտրանքը ոչ թե եռակողմ կամ բազմակողմ այլ ձևաչափերն են, այլ բանակցությունների բացակայությունը։ Բանակցությունների բացակայությունը, որպես նվազագույն նպատակ, ձեռնտու է Ադրբեջանին։ Ըստ այդմ՝ այսօր Հայաստանը ոչ թե ընտրել է երկկողմ-բազմակողմ ձևաչափերի միջև, այլ բազմակողմ ձևաչափերի բացակայության պայմաններում հայտնվել է երկկողմ ձևաչափում։ Երկար դիմադրությունից հետո՝ ի դեպ։ Սա էլ կրկին արտաքին քաղաքական վրիպում էր։ Եվ այստեղ իմ մեկնաբանությունը հետևյալն է. եթե Հայաստանը ցանկանում է պահպանել ներկայիս ստատուս-քվոն, ապա պիտի արհեստական օրակարգ դարձնի բազմակողմ ֆորմատը և անընդհատ խոսի դրանից ու գործի դրա շուրջ, որը, իմ համոզմամբ, ճանապարհ է դեպի ոչ մի տեղ։ Եթե Հայաստանը ցանկանում է հակամարտության կարգավորում, ապա պետք է լինի երկկողմ ձևաչափում և փորձի այդտեղ լուծումներ գտնել։ Որքան էլ, կրկին հաճելի չէ լսելն ու ընդունելը, մեծ պետությունների տարածաշրջանային ու գլոբալ քաղաքականությունը փոխելու կարողություն Հայաստանը չունի՛։
Պարզ է ու հասկանալի, անշուշտ, որ այս տեսակի խոսակցությունները հակառակ ռեակցիա են առաջացնում՝ առավել ևս, որ այսպիսի դժվարին իրավիճակում մարդիկ հույսի կարիք ու լավ հեռանկարի ակնկալիք ունեն ու ցանկանում են հենց այդ մասին լսել։ Սակայն խոսակցությունը նրա մասին է, թե ինչ կա այսօր և ինչն է հնարավոր այսօր։ Վաղը՝ չգիտեմ, գուցե ավելի կամ գուցե պակաս հնարավորություններ լինեն, հաշվարկի հարց է ու ընտրություն կատարելու կամքի/կարողության։ Ինքս, սակայն, այսօր այս հարցերում որևէ որոշման կայացման չեմ մասնակցում, ուստի իմ «վատատեսությամբ» չէ, որ գործընթացները պայմանավորվելու են։ Միաժամանակ, սակայն, տեսնում եմ՝ այն հնարավորությունը, որն ունեցել ենք երեկ, այսօր չունենք, ու, դժբախտաբար, չեմ կարողանում բացառել՝ այն հնարավորությունը, որն ունենք այսօր, կարող ենք վաղը չունենալ։ Իսկ քաղաքական ընտրությունը՝ պաթոսից ու ցանկալիից անդին է, որտեղ արդարությունն ու խաղաղությունը երբեք միմյանց ձեռք ձեռի տված չեն լինում։
Հ.Գ. Առաջարկում եմ ծանոթանալ Ադրբեջանի քաղաքականության վերաբերյալ մի հակիրճ հոդվածի (էջ 27-33), որը կարող է հավելյալ բացատրություն տալ վերոնշյալ և հաղորդման ժամանակ հնչեցրած դիրքորոշումներիս։
Նժդեհ Հովսեփյան