Վերլուծություն

Օսկանյանը մոռացե՞լ է Ռոբերտ Քոչարյանի իշխանավարման ոստիկանական ռեպրեսիաներն ու «Մարտի 1»-ի դերակատարությունը

ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը քննադատել է Տավուշում սահմանազատման գործընթացը՝ միաժամանակ նշելով, թե «նման համաձայնագրի ներքին հետևանքները սարսափելի կլինեն»։ Բացի այդ, Օսկանյանը հայտարարել է, թե Հայաստանը բախվում է ավտորիտար կառավարման շարունակական բարձրացմանը. «44-օրյա պատերազմի ավարտից ի վեր այս սողացող տեղաշարժը դեպի ավտորիտար ոստիկանապետություն արդեն քայքայել է քաղաքացիական ազատությունները, խեղդել է քաղաքական ընդդիմությունը և կենտրոնացրել իշխանությունը մի քանիսի ձեռքում՝ երկիրը խոցելի դարձնելով հետագա շահագործման և արտաքին ազդեցության համար», - գրել է նախկին նախարարը։

Ընդհանրապես, Վարդան Օսկանյանին չէր խանգարի «ավտորիտար ոստիկանապետության» մասին խոսելուց առաջ հիշել, թե իշխանությունը, որի օրոք ինքը ԱԳ նախարար էր, ինչպիսի համարում ուներ երկրի ներսում և երկրից դուրս։ 

«Ամենաավտորիտար ոստիկանապետությունը» Հայաստանում եղել է Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին։ Այդ տարիներին է ընդդիմության նկատմամբ ամենադաժան հալածանքներն իրականացվել, և, վերջապես, ամենաարյունալի իրադարձությունները Հայաստանում հենց Քոչարյանի նախագահության օրոք են եղել։ Այդ ողջ ընթացքում Վարդան Օսկանյանը եղել է արտգործնախարարը և ոչ մի անգամ հրապարակային չի ընդվզել այս ամենի դեմ։ Ընդհակառակն, հազիվ թե հասարակությունը մոռացած լինի Վարդան Օսկանյանի դերակատարումը «Մարտի 1-ի» իրադարձություններին։ Եթե մոռացել եք, հիշեցնենք՝ Օսկանյանին էր վերապահված «Մարտի 1-ն» արդարացնելու քարոզչական դերը, այդ իրադարձության շրջանակներում մանիպուլյացիայի ու կեղծիքի տարածման առաքելությունը։ Հենց նա էր Ռոբերտ Քոչարյանի հիմնական խոսափողը։

Այնպես որ, Վարդան Օսկանյանին չէր խանգարի հիշել այս ամենը։ Եթե որևէ մեկը մոռացել է Քոչարյանի իշխանության «ավտորիտար ոստիկանապետության» տարիները, կարող է այդ տարիների մամուլի հրապարակումները կարդալ (փառք Աստծո, ինտերնետի այս դարաշրջանում գրադարան հասնելու կարիք չկա, և մատի մեկ-երկու հպումով կարելի է ստանալ ուզածը), և կհիշեք ապրիլի 12-13-ի գիշերը Բաղրամյան պողոտայում, դրանից առաջ ու դրանից հետ ընդդիմադիրների նկատմամբ հալածանքները, որն իրենց գագաթնակետին հասան 2008-ի մարտի 1-ով։ 

Մի բան էլ. Վարդան Օսկանյանն իր հերթին եղել է Ղարաբաղի աղետի գլխավոր պատասխանատուներից մեկը։

Ամենախոսուն դրվագը, որի մասին պատմել է Օսկանյանն իր գրքում, 1998թ. հունվարի 8-ի ԱԽ նիստն է, երբ, ի պատասխան նախագահ Տեր-Պետրոսյանի հարցի, թե հնարավո՞ր է երբևէ ստանալ մի փաստաթուղթ, որում հղում կարվի Ղարաբաղի կարգավիճակին՝ առանց ամրագրելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Օսկանյանը կարծիք էր հայտնել, թե հնարավոր է, այնուհետև՝ ավելացրել. «Ասել, թե իմ պատասխանը հիմնված էր ինչ-որ վերլուծության վրա, ճիշտ չէր լինի...»։

Ժամանակն, իհարկե, ցույց տվեց, որ Վարդան Օսկանյանը չարաչար սխալվել էր որևէ վերլուծության վրա չհիմնված այդ կարծիքը հայտնելիս։ Բայց դժբախտությունը ոչ թե Օսկանյանի սխալմունքն էր, այլ այն հետևանքները, որ այդ սխալն ունեցավ Հայաստանի համար՝ անդառնալի ողբերգական հետևանքները։ Ինքը՝ Օսկանյանն է խոստովանել, որ այդ պատասխանով «որոշվեց» ԱԽ նիստի ելքը և հետագա իրադարձությունների ընթացքը, որը հանգեցրեց պետական հեղաշրջման։ 

Եվ մինչև հիմա Օսկանյանը ներողություն չի խնդրել կատարվածի համար, այդ ամենում իր դերակատարության համար, փոխարենը իրեն իրավունք է վերապահում հանդես գալ «բարձրից»։

Արման Գալոյան