Հասարակական-քաղաքական շրջանակներում նոր խոսույթ է ձևավորվում, այս անգամ՝ Հայաստանի՝ ԵՄ անդամության թեկնածու դառնալու մասին։ Հիմա այս թեման ակտիվորեն քննարկվում է հայաստանյան փորձագիտական ու քաղաքական շրջանակներում:
Փորձագետների կողմից քարոզչություն ծավալելու առումով հարմար թեմա է։ Նախ՝ նոր է ու մոտ մարդկանց սրտին։ Մանավանդ ռուսական կողմի ու ՀԱՊԿ-ի՝ Հայաստանի հանդեպ ստանձնած պարտավորությունները չկատարելու համատեքստում դեպի ԵՄ ձգտումների մասին խոսակցությունները կարող են «գրավել» մարդկանց սրտերը։
Սակայն որքան այս թեման գրավիչ է թվում խոսքով, նույնքան էլ անիրատեսական՝ պրակտիկ առումով։ Իսկ անիրատեսական է թեկուզ և այն պատճառով, որ ԵՄ-ն ոչ միայն քաղաքական ընտրության հարց է, այլև՝ առաջին հերթին տնտեսական միավոր։ Ըստ այդմ, քանի դեռ Հայաստանը շարունակում է անդամակցել ԵԱՏՄ-ին, ԵՄ թեկնածության կարգավիճակի մասին խոսելն անիմաստ է։
Իսկ ԵԱՏՄ-ից դուրս գալ Հայաստանը չի պատրաստվում, համենայն դեպս՝ խոսակցություններ չկան։ Ընդհակառակը, պաշտոնապես Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ շարունակում է խորացնել հարաբերությունները ԵԱՏՄ-ի հետ՝ իր հերթին սատարելով ընդհանուր էներգետիկ շուկայի ձևավորման գաղափարը, և պարբերաբար պնդելով դրա իրականացման անհրաժեշտությունը։ Հայաստանը շարունակում է հետամուտ լինել ԵԱՏՄ միասնական թվային տարածքի զարգացման ինստիտուցիոնալ միջավայրի հարցում, ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգից թվային հարթակի փոխգործակցության հարցում և այսպես շարունակ։ Ու միաժամանակ պարեբարաբար հայաստանյան ամենաբարձրաստիճան պաշտոնյաների կողմից հնչում են հայտարարություններ, թե ՀՀ-ն չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից։ Ու ընդհանրապես, Հայաստանը պետության առաջին դեմքի մակարդակով հայտարարել է, թե արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն չի պատրաստվում իրականացնել։
Էլ չենք խոսում այն մասին, որ առանց այն էլ այսօրվա լարված աշխարհաքաղաքական իրողությունների պարագայում ԵՄ անդամության թեկնածու դառնալու՝ Հայաստանի հնարավոր հայտն ինչ հետևանքներ կարող է ունենալ։ Բավական է մի պահ արձանագրել ՌԴ-ից Հայաստանի տնտեսության կախվածության մակարդակը, և պատկերացնել, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ կտրուկ շարժերը։
Մի բան էլ. ԵՄ անդամության թեկնածու դառնալը դեռ չի նշանակում լինել ԵՄ անդամ. թեկնածության հայտ ներկայացնելուն հաջորդում է մի տևական պրոցես, բանակցությունների ու պարտավորությունների կատարման մի լուրջ շղթա, որը երաշխավորված չէ, որ կավարտվի հաջողությամբ։ Եվ հետո, եթե հիշում եք՝ Հայաստանը եվրոասոցացման փորձ արեց մինչև 2013թ. սեպտեմբերը, բայց հետո մեկ գիշերում դարձավ Մաքսային միության անդամ։ Ավելի ուշ ստորագրվեց ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA), առանց տնտեսական մասի, տնտեսական բաղադրիչի։ Այնժամ քննարկվում էր «Խորը և համապարփակ ազատ առևտրային տարածքի»՝ ասոցացաման համաձայնագիրը, որը վերջին պահին Սերժ Սարգսյանի իշխանությունը հրաժարվեց ստորագրել։ Հետաքրքիր է՝ առանց DCFTA ստորագրելու, ԵՄ ստանդարտներին մոտենալու, ԵԱՏՄ անդամի կարգավիճակով արդյո՞ք հնարավոր է ԵՄ անդամության թեկնածու լինել, ինչպես օրինակ Վրաստանն է 2023 թվականից, մի քանի տասնամյակ էլ՝ Թուրքիան։
Այս ամենին չէինք անդրադառնա, եթե վտանգ չտեսնեինք, որ հասարակական-քաղաքական ու փորձագիտական շրջանակները նոր լիցք են ստացել՝ ձևավորելու հանրային անիրական լայն տրամադրություններ։ Այնպես, ինչպես ժամանակին պնդում էին, որ Ռուսաստանն է Հայաստանի երաշխավորը, իսկ հետո արագորեն փոխեցին դիսկուրսը և Ֆրանսիային էին վերագրում ԼՂ անկախության ճանաչման քաղաքականությունը, այնուհետ Հայաստանն էլ հռչակում ՆԱՏՕ-ի նոր կենտրոնակայան։ Իսկ ամենից վտանգավորն այստեղ այն կարող է լինել, որ մարդկանց մոտ կեղծ սպասելիքներ կձևավորվեն, որին կհաջորդի հիասթափության և ապատիայի ալիքը։
Արման Գալոյան