Վերլուծություն

Մակրոնի նոր զորակոչն ու Եվրոպայի անվճռականությունը

ԵՄ երկրների ու հավաքական «Արևմուտքի» վերաբերմունքը ռուս-ուկրաինական պատերազմի ներկայիս ընթացքին, Ուկրաինայի հակահարձակման ձախողմանն ու Պուտինի դիրքերի ամրապնդմանը կարելի է բնութագրել որպես շփոթմունք, անվճռականություն և վեճ՝ ապագայի ու քայլերի վերաբերյալ: Փարիզում հապճեպ գումարված գագաթնաժողովը նպատակ ուներ նոր ուղղություն և թափ հաղորդել Ուկրաինայի օգնության հարցով դաշնակիցների ջանքերին, այնինչ ցույց տվեց անորոշությունն ու փոխադարձ անվստահությունը: Զուգահեռ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ապշեցրեց բոլորին՝ բարձրացնելով ՆԱՏՕ-ի զորքեր Ուկրաինա ուղարկելու սադրիչ առաջարկը, որն ինքնին կնշանակեր ՆԱՏՕ-Ռուսաստան ուղղակի բախում՝ դրանից բխող աշխարհաքաղաքական հետևանքներով։ 

Հավանական է, որ Մակրոնը միտումնավոր է հրահրում թեմայի քննարկումն ու բանավեճը` փորձելով պատերազմի նախորդ փուլի խաղաղարարի ու Պուտինի հետ բանակցողի ամպլուան փոխարինել պատերազմի հրձիգի և միացյալ Եվրոպայի պաշտպանի կերպարով։ 2019թ., օրինակ, Մակրոնը, հետևելով Թրամփին, հայտարարում էր, որ ՆԱՏՕ-ն ուղեղի կաթված է ստացել և վերափոխման կարիք ունի։ Կամ, երբ պատերազմից 3 ամիս անց խոսում էր, որ «պետք չէ նվաստացնել Ռուսաստանին»։ Հիմա, նրա մոտեցումն այն է, որ հավաքական Եվրոպան պետք է իր ձեռքը վերցնի սեփական անվտանգության ու պաշտպանության խնդիրները, քանի որ ամերիկացիների վրա այլևս չի կարելի հույս դնել։ Այդ դիտանկյունից Ուկրաինա զորք ուղարկելու Մակրոնի կոչերը ոչ այնքան կամ ոչ միայն Ուկրաինայի, այլ ԵՄ անվտանգության ու պաշտպանության քաղաքականության մասին են։ Մակրոնն ամեն գնով ցանկանում է «վերառազմականացնել» Եվրոպան՝ հընթացս մեղադրելով Գերմանիային դանդաղկոտության ու «զսպվածության» մեջ։ Եվ դա այն պարագայում, երբ Գերմանիայի օգնությունը Ուկրաինային 11 մլրդ-ից ավելի է, իսկ Ֆրանսիայինը՝ 700 մլն եվրո։

Մակրոնի այս պատերազմատենչ հայտարարությունները պաշտոնական Կրեմլը անարձագանք չթողեց։ Պեսկովն անմիջապես հայտարարեց, որ դա անխուսափելի կդարձնի Ռուսաստան-ՆԱՏՕ պատերազմը: Իսկ Պուտինն իր ուղերձում անուղղակի սպառնաց միջուկային զենքի կիրառմամբ։ Մակրոնի դաշնակիցների արձագանքը գրեթե նույնական էր ու բացասական։ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Լեհաստանը և մյուսները հերթ էին կանգնել՝ հայտարարելու, որ զորքերի տեղակայումը կլինի անհիմն էսկալացիա: Տեսակետ կա, որ Մակրոնն այս հայտարարությամբ ձգտում է ԵՄ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ բարձրացնել իր կուսակցության վարկանիշը՝ փորձելով փոխել ներքին թեմաները արտաքին ուղղությամբ և ընդհանուր թշնամու շուրջ միավորելով ձախերին ու աջերին։ 

Սադրելով բանավեճ՝ Մակրոնը փորձում է նոր իմպուլս տալ ԵՄ առաջնորդության իր ծրագրերին՝ ակնարկելով Եվրոպայի ապագա անվտանգության խնդիրներում իր պատրաստակամությունը և հակառուսական ճամբարի նոր Դը Գոլ լինելու հայտը։ Ավելի շատ գործել, քան խոսել՝ սա է Մակրոնի ռազմատենչության բանաձևը, բայց գործել այլոց հաշվին ու այլոց ձեռքերով։ Թրամփի հավանական հաղթանակը, ԱՄՆ հնարավոր «ելքը» տարածաշրջանից և այդ ամենում ԵՄ անվտանգության ու պաշտպանության նոր բանաձևի ու առաջնորդի կարիքը հատկապես վառ է Գերմանիայի «պասիվ» ու «զուսպ» քաղաքականության հետևանքով։