Վերլուծություն

Պտտվիր, պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել

Տիտղոսային ընդդիմությունը գնալով ավելի հազվադեպ է հիշում, թե ինչ առաքելությամբ է հայտնվել խորհրդարանում, կամ, ընդհանրապես, որն է իրենց օրակարգը։ Եթե հիշում էլ է, ապա ԱԺ հայտարարությունների ժամին, ելույթներում ու հարցազրույցներում, այսինքն, խոսքի մակարդակով, բայց՝ ոչ գործի։

2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին, հիշում եք, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը խոստանում էր, որ «մաշեցնելու են մինչև քոքը»։

Մաշեցնել իշխանություններին, կարծես թե, չի հաջողվել, փոխարենը՝ իրենք մաշվեցին որպես դաշինք։ 

Այսօր «Հայաստան» խմբակցությունում ՀՅԴ-ն բացարձակ մեծամասնություն է, մյուս մասն էլ Քոչարյանի քվոտայով խորհրդարան եկածներն են՝ որդու՝ Լևոն Քոչարյանի գլխավորությամբ։ Դաշինքի մաս կազմած կուսակցությունը՝ «Վերածնվող Հայաստանը», վաղուց ապահարզան է ներկայացրել և քաղաքական դաշտում չկա։

Հետո եղան տիտղոսային ընդդիմության՝ ԱԺ նիստերը բոյկոտելու և փողոցային պայքարի գործողությունները։ Բայց կարճ ժամանակ անց դա էլ պատմության գիրկն անցավ։ Ու թեև ընդդիմադիրները հայտարարեցին, որ ԱԺ վերադարձել են իրենց «սեփական օրակարգով», այն է՝ վարչապետին անվստահություն հայտնել, իշխանափոխություն իրականացնել, բայց մինչև հիմա այդ ուղղությամբ անգամ նախնական քայլ չեն սկսել։ Ինչո՞ւ - հարցի պատասխանն էլ միշտ կա. իրենց թիվը չի բավականացնում։ Վերջերս էլ Իշխան Սաղաթելյանն ասել էր, թե «եթե ՔՊ-ից 18 հոգի չմիանան իրենց, բնական է, ցանկացած նախաձեռնություն տապալվելու է»։

Այդ դեպքում, ինչո՞ւ էին ժամանակին խոսում սեփական օրակարգով վերադարձի մասին: Մանավանդ, որ ոչ այն ժամանակ, ոչ՝ դրանից հետո, պատգամավորների թվի համամասնությունը չի փոխվել։ Եվ այն ժամանակ էլ պարզ էր, որ իրենց նախաձեռնությունը ոչ մի կերպ կյանքի կոչել չեն կարողանա։ Թե՞, այնուամենայնիվ, այն ժամանակ սա պատրվակ էր՝ խորհրդարան վերադառնալն արդարացնելու համար։ Թեև, կարելի էր մի փոքր ավելի կրեատիվ լինել ու այլ պատրվակ հորինել։

Հիմա Իշխան Սաղաթելյանը կրկին աում է, թե բարձրախոս վերցնողներ չկան, բարձրախոսն ազատ է, թող վերցնեն, հետո հավելում. «Բայց չեն վերցնելու, էլի մենք ենք վերցնելու, Նիկոլին էլ մենք ենք լարելու»: Եվ, բացի այդ, «պետք է նախապատրաստվել, օրակարգ մեջտեղ բերել ու գնալ դիմադրության ճանապարհով»։

Խոսում է, բայց «լարելու, դիմադրության ճանապարհով գնալու» քայլերի փոխարեն ճամփորդում է. այս անգամ՝ կուսակցական գործերով, արտերկիր։ Օրինակ, հիմա նա մեկնել է Լիբանան՝ Բեյրութում ներհայաստանյան իրադարձություններն է ներկայացնում։ Ավելի վաղ նա Իրանում էր։

Մինչդեռ, խորհրդարանական ընդդիմությունը շատ ավելի ճիշտ կվարվեր, եթե այս իրավիճակում ընդուներ խմբակցությունների համատեղ փակ նիստ անցկացնելու առաջարկը։ Եւ հետո, եթե վերադարձել են խորհրդարան, եթե օգտվում են պատգամավորական մանդատի հնարավորություններից՝ իրենց ողջ ծավալով, ապա տրամաբանական կլինի նաև խմբակցությունների համատեղ նիստի անցկացնելը։

Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը՝ իսկապես, կարևոր է, որ քաղաքական ուժերը համատեղ լուծումներ գտնեն։

Արման Գալոյան