Այսօր փետրվարի 3-ն է. 26 տարի առաջ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականով վերացավ ԼՂ հակամարտության կարգավորման ամենապատեհ պահը, երբ սեղանին դրված թերևս ամենաբալանսավորված փաստաթղթին, որ ներկայացրել էին միջնորդներն ու համաձայնություն տվել Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, դեմ դուրս եկան ՀՀ վարչապետ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը, ՀՀ Ազգային անվտանգության և ներքին գործերի նախարար Սերժ Սարգսյանը, ԼՂ կառավարող էլիտան և հայաստանյան ընդդիմությունը։ Radar Armenia-ն այս կապակցությամբ ներկայացնում է Նժդեհ Հովսեփյանի՝ «Ստատուս-քվոյի հայկական ճարտարապետությունը» աշխատությունից մի հատված (Երևան, «Անտարես», 2023)։
Ստատուս-քվոն՝ պատերազմի և խաղաղության կիսամիջոց
1998թ. հունվարի 7-8-ին տեղի ունեցած Հայաստանի Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստը հանգրվանային էր ոչ միայն պետական մի շարք այրերի, այլև Հայաստանի պետականաշինության զարգացման ընթացքի համար: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, քաղաքական տարակարծությունները հաճախ են հանգել առանձին պաշտոնյաների հրաժարականներին, ինչն ամենևին արտառոց երևույթ չէր: Անգամ ԼՂ հակամարտության պես լրջագույն և պետության համար ճակատագրական նշանակության խնդրի կապակցությամբ ծագած տարաձայնությունների արդյունքում տեղի ունեցած փաթեթային պաշտոնաթողությունը և գործընթացի կուլիսային բնույթը կարող էին տիպաբանվել արևելյան բնականությամբ, եթե իշխանական մի թևի կողմից ամբողջական իշխանության ստանձնումից հետո տեղի չունենար վարվող քաղաքականության արմատական, ուղենշային և թերևս անշրջելի վերանայում: Ի հեճուկս պաշտոնական հավաստիացումների, թե ԼՂ-ի հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի քաղաքականությունը շարունակվելու է, այն, ըստ էության, կրեց մեթոդաբանական խոշոր փոփոխություն. ստատուս-քվոյի պահպանումը ընդունելով որպես գերնպատակ՝ իշխանությունը փոխզիջումների միջոցով հակամարտության կարգավորման պատրաստակամություն էր հայտնում միջազգային ասպարեզում, մինչդեռ ներքին լսարանի առաջ փոխզիջումը մատուցվում էր իբրև «դավաճանական» ու «պարտվողական»:
Հունվարի 7-8-ի նիստում ոչ միայն բախվեցին ԼՂ հակամարտության երկու հակոտնյա ըմբռնումները, այլև Հայաստանի զարգացման 2 մտատիպարները։ Այդ բաժանումը ոչ միայն իշխանության ներսում գաղափարական մասնատվածության, այլև քաղաքական և հանրային շերտերի տրամադրությունների արտահայտությունն էր։ Առաջին ուղղության քաղաքական առաջնորդը նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն էր, որն իր նախագահության երկրորդ ժամկետում սկսեց հրապարակային ակտիվ քայլեր ձեռնարկել հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու ուղղությամբ, ինչի առարկայական դրսևորումը դարձան 1997թ. սեպտեմբերի 25-ի նրա մամուլի ասուլիսը և 1997թ. նոյեմբերի 1-ին հրապարակած «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածը։
Ներկայացնելով բանակցությունների ընթացիկ դրությունը՝ Տեր-Պետրոսյանը պնդում էր, որ սեղանին դրված փուլային լուծում ենթադրող փաստաթուղթն արտահայտում էր հայկական կողմի ստանալիքի հնարավոր առավելագույնը՝ հաշվի առնելով հարցի երկարաժամկետ բնույթը. «Ղարաբաղը շահել է ոչ թե պատերազմը, այլ ճակատամարտը… Փոխզիջման էությունից բացի, կարևոր է նաև փոխզիջման պահը։ Ակնհայտ է, որ փոխզիջման դեպքում հասանելի առավելագույնը ձեռքբերելու հնարավորություն ունի ուժեղ կողմը։ Հայաստանն ու Ղարաբաղն այսօր ուժեղ են, քան երբևէ, բայց հակամարտության չկարգավորման դեպքում մեկ-երկու տարի հետո անհամեմատ թուլանալու են»։
ԼՂ հակամարտությունը կարգավորելու Տեր-Պետրոսյանի հակվածությունը դժկամությամբ ընդունվեց ինչպես ընդդիմադիր քաղաքական ուժերի և հասարակական-մշակութային անհատների, այնպես էլ իշխանության մի թևի կողմից, ի մասնավորի՝ ՀՀ վարչապետ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի և ՀՀ ներքին գործերի ու ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանի: Թիմակիցների անհամաձայնությունը և կամավոր պաշտոնաթողությունից հրաժարավելը ոչ ստանդարտ վիճակ էր՝ նկատի ունենալով առնվազն այդ պաշտոնյաների՝ նախագահի կողմից նշանակված լինելու, պաշտոնեական ենթարկվածության և առաջնային մանդատ չունենալու հանգամանքները:
Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը, որը համարվում էր Տեր-Պետրոսյանի իշխանության հենասյուներից մեկը, համոզված էր, որ հակամարտության այդօրինակ կարգավորումն արժեզրկում էր պատերազմով ձեռք բերված հաղթանակները. «Այսօր Օմարի գագաթին կանգնած զինվորը, այո՛, Երևանն է պաշտպանում: Ձերբազատվե՞նք պատերազմից, ձերբազատվե՞նք Ղարաբաղից… Ինչպե՞ս, եթե դա արդեն մի ամբողջ սերնդի կյանք ու պատմություն է՝ պսակված տասնյակ հազարավոր զոհերի արյամբ ու հիշողությամբ, հարյուր հազարավոր մարդկանց՝ ճակատագիր ու կյանքի նպատակ: Հանուն ինչի՞, եթե մեր պատմության մեջ երբեք ավելի մոտ չենք եղել մեր վերջնական հաղթանակին, քան այսօր»։
Գաղափարական մակարդակում Վ.Սարգսյան-Ռ.Քոչարյան-Ս.Սարգսյան եռյակի՝ հակամարտության կարգավորումը հետաձգելու և ստատուս-քվոյի պահպանության դիրքորոշման հիմքում ընկած էր գոյացած ժամանակը պետության ուժեղացմանն ուղղելու թեզը: Զիջումները համարելով անտեղի՝ իշխանության այս թևը վստահ էր, որ առաջիկա մի քանի տարիների ընթացքում Ադրբեջանը չէր կարողանալու ռազմական գերակշռություն ստանալ հայկական կողմի նկատմամբ: Հետևաբար՝ քանի դեռ իրավիճակը չէր հասել կրիտիկական կետի, զիջումների կարիք չկար: Տարածքների հանձնումը Ռոբերտ Քոչարյանի համար անընդունելի էր, քանի որ դրանք ամրապնդում էին հայկական կողմի բանակցային դիրքերը. «Առանց ԼՂՀ-ի կարգավիճակի հստակությա՞ն: Մենք անմիջապես կզրկվեինք այն առավելություններից, որոնք հիմք էին ծառայում հրադադարի համաձայնագրի համար»: Մինչդեռ Տեր-Պետրոսյանը հակադարձում էր. «Մի՞թե հասկանալի չէ, թե ինչ է նշանակում հարկադրված զիջում. հարկադրված զիջումը նշանակում է կապիտուլյացիա։ Իսկ կապիտուլյացիայի ժամանակ դու ոչինչ չես զիջում, կամ եթե զիջում էլ ես՝ դրա դիմաց ոչինչ չես ստանում, այլ հլու հնազանդ ընդունում ես այն, ինչ փաթաթում են քո վզին»։
Եթե Տեր-Պետրոսյանը հակամարտության կարգավորման անհրաժեշտության հիմքում դնում էր տարածաշրջանային հաղորդակցությունների բացման արդյունքում տնտեսական հնարավորություններից օգտվելու անհրաժեշտությունը, ապա Ռոբերտ Քոչարյանը պետության տնտեսական դժվարությունների 90%-ը կապում էր կառավարման վարչարարության բարելավման և հարկային քաղաքականության հետ: Նա հավատացնում էր, որ նավթի գործոնը աշխարհաքաղաքական վտանգներ կարող էր առաջ բերել հենց Ադրբեջանի համար. վերջինիս կոռումպացված կառավարման համակարգի պարագայում այնքան էլ միանշանակ չէր, որ ժամանակն աշխատում էր Ադրբեջանի օգտին: ԼՂ ՊԲ հրամանատար, եռյակին սատարող Սամվել Բաբայանն էլ գտնում էր, որ առանց ԼՂ կարգավիճակի հարցի լուծման, օկուպացված տարածքների վերադարձի հարցը չէր էլ կարող քննարկվել։ Քելբաջարի և Լաչինի վերադարձը նա բացառում էր անգամ անկախության պարագայում. 1-2 շրջան կորցնելուց հետո Ադրբեջանը հակված էր լինելու զիջումների գնալ:
Ստատուս-քվոյի պահպանման կողմնակիցները պնդում էին, որ խաղաղ տարիները կարելի էր օգտագործել տնտեսությունն ուժեղացնելու համար: Տնտեսության, ներքին կարգ ու կանոնի վերականգնմանն ուղղված քայլերում ստատուս-քվոյի կողմնակիցները դրական տեղաշարժեր էին տեսնում՝ դրանք դիտելով իբրև Ադրբեջանի հետ ուժային հավասարակշռության խախտումը կանխող գործոն: Կարելի է ասել, որ բանավեճի հենց այս փաստարկից էլ մեկնարկեց Հայաստանում բացառապես ներքին օրակարգի վրա կենտրոնացման միտումը, երբ հանրային դիսկուրսում ներշնչվում էր, որ ներքին ռեսուրսների համախմբման և «ճիշտ լուծումներով» զարգացման պարագայում ԼՂ հակամարտության փաստական առկա վիճակը կպահպանվի, իսկ Ադրբեջանը չի կարողանա գնալ ռազմական ճանապարհով հակամարտության լուծմանը:
1998թ. փետրվարին Հայաստանում տեղի ունեցածը ոչ սովորական իշխանափոխություն էր, ոչ էլ պարզունակ պալատական հեղաշրջում։ Այն քաղաքականության վարման մեթոդաբանության ռադիկալ փոփոխություն էր, որի հիմքում դրվում էր փոքր պետության կողմից բազմաշերտ վարմունքի սկզբունքը: Այսինքն՝ հարևան երկրի հետ ունենալով արտաքին և ներքին բազմաթիվ շահառուներով հակամարտություն՝ Հայաստանը սկսեց յուրաքանչյուրի հետ խոսել նրանց հարմար լեզվով և ուղերձներով: Այդ վարքը, սակայն չափազանց վտանգավոր էր, քանի որ մի կողմից՝ հանրության մոտ միֆական ակնկալիքներ էր ձևավորում և կտրում իրականությունից, մյուս կողմից՝ միջազգային հանրության նախաձեռնություններին արտաքուստ համաձայնելով, բայց իրականության մեջ պայմանավորվածությունները կատարելու հարցում նախանձախնդիր չլինելով, Հայաստանը անլուրջ գործընկերոջ համբավ էր կերտում՝ նպաստելով անվստահության մթնոլորտի խորացմանը և թշնամության բորբոքման նոր առիթներ ստեղծելու ռիսկերին: Հայաստանը, փաստացի, ներքաշվում էր բազմաշերտ մի խաղի մեջ, որտեղ գործընթացների կառավարելիությունը տարի առ տարի դուրս էր գալու իր վերահսկողությունից՝ ստեղծելով խնդիրներ, որոնք ակներևաբար դուրս էին հայկական պետության սահմանափակ ռեսուրսների միջոցով լուծելու հնարավորությունից:
2021թ. Տեր-Պետրոսյանն ինքն էլ խոստովանեց, որ հակամարտության կարգավորման հրամայականը հատկապես զգացվեց 1996թ. նոյեմբերին Լիսաբոնում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովից հետո, երբ միջազգային հանրության կարծիքը սկսեց էականորեն շեղվել հօգուտ Ադրբեջանի։ Ըստ նրա՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմա-քաղաքական հավասարակշռության խախտումը սկսվեց նավթի միջազգային կոնսորցիումի ստեղծմամբ և դրանում Ադրբեջանի ստանձնած դերակատարությամբ: Տեր-Պետրոսյանը ԵԱՀԿ-ի «Լիսաբոնյան» գագաթնաժողովում ԱՄՆ-ի դիրքորոշման հանկարծակի փոփոխությունը հօգուտ Ադրբեջանի բացատրում էր ԱՄՆ Թեքսաս նահանգի նավթային լոբբիի ազդեցությամբ: Այլևս ակնհայտ էր դառնում, որ երկարաժամկետ խաղում Ադրբեջանը սկսում էր օգտվել ու շահել իրավիճակներից, իսկ հայկական կողմը լավագույն դեպքում հետապնդող ետնապահի կարգավիճակում էր հայտնվելու։ Թերևս սա էր նաև Տեր-Պետրոսյանի անվստահության պատճառը, որ Հայաստանի որևիցե տեսակի դիվանագիտությունը կարող էր փոխել մյուս երկրների դիրքորոշումը տարածքային ամբողջականության սկզբունքի և գրավված տարածքների վերադարձի հարցում: Նա չէր պատկերացնում անգամ Հայաստանի բարեկամ երկրների դիրքորոշման փոփոխությունը, որոնք հիմնված էին իրենց՝ այդ երկրների ազգային-պետական շահերի վրա: Իսկ ռեսուրսների ու աշխարհագրական դիրքի հանգամանքները նկատի ունենալով՝ աշխարհաքաղաքականության մեծ շախմատում Հայաստանը որևէ կերպ չէր կարող աշխարհի ուժային կենտրոնների համար հետաքրքրության առումով մրցել Ադրբեջանի հետ՝ չհաշված նույնիսկ Թուրքիայի գործոնը։ Հարցը ռազմավարական մտածողությունն էր՝ ընդդեմ սիտուատիվ կարճատեսության, կազինոյին բնորոշ բլեֆը՝ հաշվարկված քաղաքականության և, վերջապես, վաղվանից բացի, վաղը չէ մյուս օրվա մասին մտածելու կարողությունը՝ ընդդեմ պատեհության շահի։ 1998-2008թթ. ՀՀ ԱԳՆ, ստատուս-քվոյի քաղաքականության ճարտարապետ Վարդան Օսկանյանը նշում է, որ խնդրո առարկա նիստը ճակատագրական էր ոչ միայն իր համար, այլև երկրի: Ըստ նրա՝ այդ նիստի ժամանակ վճռվեց երկրի զարգացման ուղու ընտրության հարցը: 1998թ. փետրվարի 3-ին հրապարակած իր հրաժարականի հայտարարությունում՝ Տեր-Պետրոսյանը նույնպես իրավիճակը գնահատում էր երկրի զարգացման ուղեծրի փոփոխության համատեքստում. «Խնդիրը շատ ավելի խորն է և կապված պետականության հիմնադրույթների, խաղաղության ու պատերազմի այլընտրանքի հետ»:
1998թ. մեծ բանավեճը իշխանության երկու թևերի միջև հանգեց նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա թիմի հեռացմանը իշխանությունից, իսկ երկրորդ բևեռը՝ վարչապետ Ռոբերտ Քոչարյանի, Պնախարար Վազգեն Սարգսյանի և ԱԱ ու ՆԳ նախարար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, որը վայելում էր ԼՂ իշխանությունների լիակատար և հայաստանյան քաղաքական ընդդիմության՝ լուռ կամ սքողված աջակցությունը, ստանձնեց երկրի քաղաքական իշխանությունը: Այս բևեռը գլխավորեց Հայաստանի՝ որպես պետության (իշխանություն, ընդդիմություն և հանրություն՝ «կոնսենսուս–1») հավաքական ընտրանքը՝ խափանել հակամարտության կարգավորման առկա ծրագիրը և կառչել ստատուս-քվոյի պահպանման քաղաքականությունից: Գործընթացում հանրությունը պասիվ կամ օտարացած կարգավիճակում էր, ինչը կարելի է բացատրել տարբեր գործոններով, այդ թվում՝ հակամարտության լուծման մանրամասներին անտեղյակությամբ, Արցախյան առաջին պատերազմի թողած ծանր բեռով, սոցիալական արդարության դեֆիցիտով, հակաքարոզչությամբ և այլն։ Փաստ է, սակայն, որ հասարակությունը բացարձակ անտարբերությամբ ընդունեց նախագահի հրաժարականը՝ միաժամանակ նախագահական արտահերթ ընտրություններում ԼՂ հարցի վերաբերյալ քաղաքական բանավեճի ո՛չ պահանջարկ ձևավորելով, ո՛չ առաջարկ ստանալով։