Չորեքշաբթի, 21 Փետրվարի 2024

USD401.89

EUR429.64

RUB4.28

Երևան 4 ℃

Рус Eng

Իվանիշվիլիի երկրորդ գալուստը. ի՞նչ է կատարվում Վրաստանում

Վերլուծություն

9 Հունվարի, 20:35

Ամանորի նախօրեին Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և առաջնորդ, Վրաստանի «ստվերային» կառավարիչ և «տիրակալ» հորջորջվող Բիձինա Իվանիշվիլին որոշել էր իր համախոհներին, ընդդիմախոսներին, հակառակորդներին և ընտրողներին յուրօրինակ «նվեր» մատուցել։ Իշխող «Վրացական երազանքի» համագումարում նա հայտարարեց իր իսկ ստեղծած կուսակցությունը կրկին գլխավորելու և պատվավոր նախագահի պաշտոնը զբաղեցնելու պատրաստակամության մասին։ Իվանիշվիլիի խոսքերով՝ նման որոշման իրեն դրդել են մի քանի պատճառով, որոնց թվում նա առավել կարևոր է համարել «աշխարհաքաղաքական իրադրությունը», ինչպես նաև իշխող կուսակցության համախոհների շրջանում «կոռուպցիայի և ներքին դիմակայության ռիսկերը»:

Ասել, որ Իվանիշվիլիի «հարությունը» անակնկալ էր, տեղին չի լինի։ Դեռևս երեք տարի առաջ, երբ Իվանիշվիլին հայտարարել էր, որ հեռանում է մեծ քաղաքականությունից և դաշտը թողնում երիտասարդներին, շատերն էին կասկածով մոտենում «Վրաստանի տիրոջ» այդ հայտարարությանը։ Այլ հարց էր, թե ինչու Բիձինայի վերադարձը տեղի ունեցավ 2024թ. նախօրեին, և որոնք են այդպիսի որոշման պատճառները։

Հարկ է, երևի, մի փոքրիկ հետահայաց ամփոփում անել Վրաստանի վերջին տարիների քաղաքական իրադարձություններին: 

Այն բանից հետո, երբ Իվանիշվիլիի՝ տարաբնույթ ընդդիմադիր ուժերից ստեղծած կոալիցիան 2012թ. հաղթեց խորհրդարանական ընտրություններում՝ ետևում թողնելով «Միացյալ ազգային շարժումը»՝ այն ժամանակ նախագահի պաշտոնը զբաղեցնող Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորությամբ, Իվանիշվիլին ոչ միայն խաղից հանեց Վրաստանի էքսցենտրիկ ղեկավարին, կազմաքանդեց նրա իշխանական համակարգը, այլև ստեղծեց իր սեփականը։ Նրա ստեղծած քաղաքական ուժերի կոալիցիան հետագայում վերածվեց կուսակցության, որը 2016-ին և 2020-ին հաղթեց խորհրդարանական ընտրություններում։ Հատկանշական է, որ անկախությունից ի վեր Վրաստանում ոչ մի կուսակցություն անընդմեջ չի հաղթել երեք ընտրություններում։ Դրան գումարենք տեղական ընտրությունների ընթացքում արձանագրված հաջողությունները։ 2013-ին և 2018-ին իշխող կուսակցության կողմից առաջադրված կամ աջակցված քաղաքական գործիչները հիմնականում ու գլխավորապես հաղթել են իրենց բնակավայրերում: Չնայած այն հանգամանքին, որ տեղական ղեկավարների նշանակությունը թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում առանձնապես մեծ չէ, բայց դրանք, փաստորեն, դարձել են Իվանիշվիլիի ստեղծած քաղաքական համակարգի թեստեր, որոնք նա հաջողությամբ է անցել, թեև՝ ոչ առանց որոշ խնդիրների (հատկապես 2018 թ.)։ Ի դեպ, Վրաստանի նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի և հատկապես գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պարագայում պետության ընտրված ղեկավարի և երկրի փաստացի «տիրոջ» քաղաքական ուղիները տարբեր էին։ Փոխարենը, Վրաստանն իրավամբ կարող է հպարտանալ այնպիսի քաղաքական նոու-հաուով, ինչպիսին ֆորմալ ընդդիմադիր նախագահն է։

Նկատենք, որ Իվանիշվիլին ձգտում էր ֆորմալ դիրքեր չզբաղեցնել իշխանության մեջ։ Երբ 2013թ. բոլոր առանցքային պետական ինստիտուտները հայտնվեցին նրա վերահսկողության տակ, նա լքեց վարչապետի պաշտոնը, և մինչև 2018թ. մայիսը, երբ նրան ընտրեցին «Վրացական երազանքի» նախագահ, պաշտոնապես որևէ պաշտոն չէր զբաղեցնում՝ պահպանելով ոչ պաշտոնական ազդեցությունը առանցքային որոշումների կայացման վրա։ Երկրի կառավարման նման ձև ետխորհրդային Վրաստանը դեռ չգիտեր։ 2021թ. հունվարի 11-ին Իվանիշվիլին հայտարարեց, որ իր առաքելությունն ավարտված է, և նա ընդմիշտ հեռանում է քաղաքականությունից։ Միևնույն ժամանակ, նա վստահություն էր հայտնել, որ իր հեռանալը ոչ թե կթուլացնի, այլ, ընդհակառակն, կուժեղացնի կուսակցությունը:

2024թ. հունվարին Իվանիշվիլին, ընդհակառակն, պատրաստվում է իր ներկայությամբ ամրապնդել «Վրացական երազանքը»։ Ընդ որում, նա հատուկ ընդգծում է, որ մտադիր չէ զբաղեցնել կառավարության ղեկավարի պաշտոնը։ Դրան զուգահեռ ակնհայտ է դառնում, որ Վրաստանը քայլ առ քայլ մտնում է խորհրդարանական ընտրությունների նախընտրական արշավի մեջ։ Ըստ հաշվարկի՝ նրա ճանաչելիությունը, ժողովրդականության որոշակի ռեսուրսը պետք է անեն իրենց գործը։ Ըստ ամենայնի՝ կրկին մոբիլիզացվելու է հին ու փորձված էլեկտորալ հնարքը. քվեարկեք իշխող կուսակցության օգտին ոչ այնքան հանուն իշխանության, որքան՝ ընդդեմ ընդդիմության։ 

Իվանիշվիլու կերպարը, այդ առումով, վաղուց խորհրդանշվում է «կայունությամբ» և «կոլեկտիվ Սահակաշվիլիին» չվերադարձնելու երաշխիքներ տալիս։ Ընդ որում, «Վրացական երազանքի» գլխավոր երազողը, հավանաբար, իր անձնական ներկայությամբ ցանկանում է զսպել կամ կանխել կուսակցության ներսում տարբեր խմբերի ներքին կոնֆլիկտները։ Ըստ Իվանիշվիլու տրամաբանության՝ ԵՄ ճանապարհին, ռուս-ուկրաինական կոնֆլիկտի ֆոնին ու արտահերթ ընտրություններից առաջ իշխող կուսակցության համար քննարկումների ժամանակը չէ, անհրաժեշտ է նոր քաղաքական մոբիլիզացիա, որից հետո Իվանիշվիլին կրկին կարող է «ընդմիշտ հեռանալ», որպեսզի անհրաժեշտության դեպքում կրկին վերադառնա փրկության ու կայունության ծրագրով։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Պտտվիր, պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել

Radar Armenia

Տեղի ունեցածը ոչ սովորական իշխանափոխություն էր, ոչ էլ պարզունակ պալատական հեղաշրջում