Վերլուծություն

Ի՞նչ է ուզում ԼՂ Ազգային ժողովը. Ստեփանակերտի արդյունքը տեղափոխել Հայաստա՞ն

ԼՂ խորհրդարանն օրերս հայտարարություն է տարածել՝ ըստ էության փաստելով Հայաստանի տարածքում իր գործունեության շարունակության մասին․ «Ազգային ժողովը վերահաստատում է իր հանձնառությունը՝ տեր կանգնելու Արցախի ժողովրդի իրավունքներին և հայտնում իր պատրաստակամությունը՝ շահագրգիռ կողմերի հետ քննարկելու բոլոր խնդրահարույց հարցերը»,- նշված է հայտարարության մեջ:

ԼՂ ԱԺ-ն նաև պատրաստակամություն է հայտնել պաշտպանել «հայ ժողովրդի հազարավոր հայորդիների արյունով ու քրտինքով իրացված իրավունքներն ու ազատությունը»։

Դրանից հետո ԼՂ ԱԺ «Արդարություն» խմբակցությունից Դավիթ Գալստյանը հարցազրույց է տվել՝ ասելով. «Բոլոր նրանք, որոնք չեն ուզում, որ Արցախի պետական ինստիտուտները գործեն, հանդիսանում են Արցախի պետականությունը ոչնչացնելու կողմնակիցներ»։

Վերջերս հասարակական-քաղաքական շրջանակներում հաճախ է քննարկվում Հայաստանում ԼՂ պետական ինստիտուտների գործունեության շարունակականության հարցը և, կարծես, այն սպառնում է վերածվել հայաստանցի ու ղարաբաղցի իշխանավորների բացահայտ առճակատման։ Մի հանգամանք, որ հղի է լրջագույն վտանգներով։ Առավել ևս, երբ այս կրակին յուղ են լցնում ԼՂ պատգամավորները՝ իրենց «հաթաթաներով» ու նախազգուշացումներով։ Դավիթ Գալստյանի հայտարարություններն այլ կերպ, քան շանտաժ, դժվար է որակել։ Եվ ուրեմն, ի՞նչ նպատակ են հետապնդում շանտաժի լեզվով խոսողները։

Ի վերջո, այս աղետների շարանից հետո չէր խանգարի մի քիչ լրջանալ ու մի կողմ թողնել արկածախնդրությունը։ Առավել ևս, երբ գործ ունենք ոչ թե քեֆի սեղանի շուրջ կենացի, այլ քաղաքականության հետ։

Ըստ այդմ, եթե իրողությունները դիտում ենք ռեալ-պոլիտիկի տեսանկյունից, ապա Հայաստանում ԼՂ պետական կառույցների հետագա գործունեությունը, մեղմ ասած, անիրատեսական է։

Ո՞ւմ են ղեկավարելու այդ պետական ինստիտուտները և ինչպե՞ս։ Այս հարցի պատասխանը, թերևս, դժվար թե տան այդ ինստիտուտների գործունեության շարունակականությամբ շահագրգիռ ուժերը։

Էլ չենք ասում, որ պետությունն առաջին հերթին ենթադրում է կոնկրետ տարածք և բնակչություն։ Ու այս երկու բաղադրիչներից ցանկացածի բացակայության դեպքում խոսել պետության, պետականության մասին, վատագույն դեպքում ցնդաբանություն է, լավագույն դեպքում՝ անգիտություն։ Հետևաբար, ԼՂ պետական ինստիտուտների՝ Հայաստանում շարունակականության հարցն առաջ տանելն ուղղակի անիմաստ է, անգամ՝ լրջագույն սխալ։

Այլ հարց, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող էին ինքնակազմակերպվել որպես հայրենակցական միություն և այդպես առաջ տանել, օրինակ, իրենց իրավունքների պաշտպանության հարցը, կամ զբաղվեին իրենց ազգագրական, կենցաղային, մշակութային առանձնահատկությունների պահպանմամբ։ Միաժամանակ նաև այդ միոությունը կամ հասարակական կազմակերպությունը կկարողանար զբաղվել տեղահանվածների խնդիրներով, ապահովելով ՀՀ իշխանությունների հետ կապը։

Իսկ եթե նրանց ուզածն ընդամենը ինչ-որ սիմվոլների պահպանությունն է՝ որպես մխիթարանք, այդ դեպքում էլ կարելի է «ԼՂ ԱԺ» անունով հ/կ ստեղծել ու դրա շուրջ համախմբել տեղահանվածներին։ Սա՝ լավագույն դեպքում։