Չորեքշաբթի, 21 Փետրվարի 2024

USD401.97

EUR430.47

RUB4.30

Երևան 8 ℃

Рус Eng

Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ

Վերլուծություն

11 Դեկտեմբերի 2023, 20:50

Քաշմիրի հակամարտությունը երկարաժամկետ քաղաքական կոնֆլիկտ է Հնդկաստանի և Պակիստանի միջև, որտեղ Չինաստանը նույնպես չնչին ներգրավում ունի: Այն տարածքային և քաղաքական խնդիր է Քաշմիրի շրջանի շուրջ, որը գտնվում է Հնդկական թերակղզու հյուսիսում՝ Հնդկաստան-Պակիստան սահմանին։ Հակամարտությունը սկիզբ է առել 1947թ․՝ բրիտանական Հնդկաստանի մասնատմամբ։ Քաշմիրի կոնֆլիկտը էթնո-քաղաքական, մշակութային և կրոնական չափումներ ունի՝ կապված Քաշմիրի և Ջամու շրջաններում հինդուիստ ու մահմեդական բնակչության ներկայության հետ․ այն Հնդկաստանի միակ տարածքն է, որտեղ մահմեդականները թվային գերակշռություն ունեն։

Radar Armenia-ն ներկայացնում է Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:

Բրիտանական Հնդկաստանի բաժանումը

Երբ 1947թ․ բրիտանական Հնդկաստանը անկախություն ձեռք բերեց Միացյալ Թագավորությունից, այն բաժանվեց երկու առանձին միավորների՝ Հնդկաստանի և Պակիստանի: Քաշմիրի իշխանապետությանը տրվել էր երկու երկրներից որևէ մեկին միանալու տարբերակը: Ջամուի և Քաշմիրի շրջանը բնակեցված էր հիմնականում մահմեդական քաշմիրցիներով, սակայն նրա կառավարիչը որոշեց միանալ Հնդկաստանին, ինչը հանգեցրեց լարվածության Հնդկաստանի և Պակիստանի միջև։ 

Առաջին հնդկա-պակիստանյան պատերազմը (1947-1948)

Հնդկաստանի և Պակիստանի միջև առաջին պատերազմը տեղի ունեցավ Քաշմիրի հակամարտության շուրջ: ՄԱԿ-ը 1948-ին միջնորդեց հրադադար կնքել՝ հաստատելով վերահսկման գիծ, որը բաժանեց տարածաշրջանը մասերի, որոնք կառավարվում էին Հնդկաստանի և Պակիստանի կողմից:

Շարունակվող հակամարտություն

Երկրորդ պատերազմը բռնկվեց 1965թ., երբ Պակիստանը հատուկ գործողությամբ ցանկանում էր ապստամբություն հրահրել Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Երրորդը՝ 1971թ., որն ավարտվեց Պակիստանի մի հատվածի մասնատմամբ և այդ տարածքի վրա Բանգլադեշ պետության ստեղծմամբ։  Քաշմիրի հակամարտությունը հանգեցրել է բազմաթիվ միկրոպատերազմների, բազմաթիվ բախումների և տարածաշրջանում շարունակվող բռնությունների: Ե՛վ Հնդկաստանը, և՛ Պակիստանը հավակնում են տիրել Քաշմիրին ամբողջությամբ, բայց վերահսկում են դրա՝ միայն մի մասը: Վերահսկողության գիծը առանձնացնում է յուրաքանչյուր երկրի կողմից կառավարվող տարածքները:

Ինքնավարություն և հատուկ կարգավիճակ

Հնդկաստանի կողմից կառավարվող Քաշմիրի մասը, որը հայտնի է որպես Ջամմու և Քաշմիր, ի սկզբանե, Հնդկաստանի սահմանադրության 370-րդ հոդվածի համաձայն, ուներ հատուկ ինքնավարություն: Սակայն, 2019 թվականի օգոստոսին Հնդկաստանի կառավարությունը չեղյալ հայտարարեց 370-րդ հոդվածը՝ չեղյալ համարելով Ջամմուի և Քաշմիրի հատուկ կարգավիճակը։ Այս քայլը մեծացրեց լարվածությունը տարածաշրջանում: Այսօր արդեն Հնդկաստանի գերագույն դատարանը օրինական ճանաչեց կառավարության՝ 2019թ. որոշումը, և այնտեղ, որպես միացյալ Հնդկաստանի լիիրավ մաս, եկող տարի ընտրություններ կանցկացվեն։ 

Պակիստանը խստորեն դատապարտել էր 2019թ․ օգոստոսին Հնդկաստանի սահմանադրության 370-րդ հոդվածի չեղարկումը, որը վերացրել էր Ջամմու և Քաշմիր նահանգին տրված հատուկ ինքնավարությունը: Նշենք, որ Պակիստանը կոնֆլիկտը համարում է միջազգային և պահանջում հանրաքվե անցկացնել, քանի որ Քաշմիրի հովտի բնակչության մեծամասնությունը մահմեդական է։ Ի հակառակ, Հնդկաստանն այն համարում է երկու երկրների ներքին գործ, չի ճանաչում հանրաքվեի իրավունքը և մերժում է այդ կոնֆլիկտը կապել այլ կոնֆլիկտների հետ։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Պտտվիր, պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել

Radar Armenia

Տեղի ունեցածը ոչ սովորական իշխանափոխություն էր, ոչ էլ պարզունակ պալատական հեղաշրջում