Կիրակի, 3 Մարտի 2024

USD401.78

EUR430.69

RUB4.31

Рус Eng

Ասք փոխզիջումների կողմնակցի, պետական հեղաշրջման ու ոչմիթիզականության մասին

Վերլուծություն

5 Դեկտեմբերի 2023, 20:30

Նախկին նախագահ Սերժ Սարգսյանն օրերս հայտարարել էր, թե ինքը տասնյակ տարիներ եղել է փոխզիջումների, ըստ այդմ՝ Ադրբեջանի հետ խաղաղության կողմնակից․ «Սկսած 90-ականների կեսերից՝ խոսում էի փոխզիջումների, խնդիրը բանակցությունների միջոցով կարգավորելու մասին»,- ասել էր նա։ Սերժ Սարգսյանը նույնիսկ հիշատակել է 2001թ. ԱԺ ամբիոնից արած հայտարարությունը, թե Աղդամն իր հայրենիքը չէ. «Ոչ միայն հարցազրույցներում, այլև ԱԺ ամբիոնից եմ հայտարարել, որ Աղդամն իմ հայրենիքը չէ, իսկ որոշ ժամանակ առաջ մարդիկ, որոնք իրենց համարում են հայրենասեր, շատ բան իմացող, Հայաստանի ապագայի մասին մտածող, Աղդամում նկարվում էին և ասում, որ Աղդամն իրենց հայրենիքն է»։

Ի դեպ, Սերժ Սարգսյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե ինքը միշտ է եղել փոխզիջումների կողմնակից։ 2021թ. փետրվարին «Արմնյուզ» հ/ը տված հարցազրույցում էլ նա ասել էր. «Ես երբեք «ոչմիթիզական» չեմ եղել, երբեք․ և՛ 90-ականների սկզբի մեր հաջողությունների պահին, և՛ 2000-ականների ամբողջ ընթացքում, և՛ նախագահական նստավայր գալու առաջին իսկ օրվանից ես տարբեր ձևակերպումներով ասել եմ, որ այս խնդիրների լուծումը տեսնում եմ միայն փոխզիջումների միջոցով»։

Ավելի վաղ՝ 2001թ. ԱԺ ամբիոնից Աղդամի մասին իր հայտնի հայտարարությունն անելիս ևս նա ասել էր, թե միայն հիմա չի խոսում փոխզիջումների մասին, այլ, ընդհանրապես, 90-ական թվականներից։

Սերժ Սարգսյանը կարող է փոխզիջումների կողմնակից լինելու մասին իր՝ տարբեր տարիների ուրիշ հայտարարություններ ևս հիշեցնել, օրինակ, որ ԼՂ քաղաքական վերնախավի հետ հանդիպմանը կոչ էր արել համաձայնվել փոխզիջումների, այլապես ստիպված են լինելու երգել «Ստեփանակերտ-Ստեփանակերտ» երգը, ինչպես այսօր երգում են «Ղարս-Ղարս»-ը։  

Անգամ նա կարող է որպես փաստարկ բերել հանգամանքը, որ ՀՀ կառավարությունում 1993թ զբաղեցնելով տարբեր պաշտոններ՝ ինքն, ըստ էության, համամիտ է եղել ՀՀՇ իշխանության վարած քաղաքականությանը, որի առանցքային սկզբունքներից մեկն էլ ԼՂ խնդրում փոխզիջումների գնալն ու խնդիրը կարգավորելն է եղել, նաև՝ հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատումը։ Այլապես, նա չէր պաշտոնավարի Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին։

Բայց այդ հայտարարությունները մի տեսակ համոզիչ չեն հնչում, որովհետև իրականության մեջ նա մշտապես վարել է ոչմիթիզականության քաղաքականություն, ավելին, ամեն հնարավոր ձևով վարկաբեկել է փոխզիջումային տարբերակը՝ դրա կողմնակիցներին ներկայացնելով որպես դավաճան և այլն։

Այլապես, ինչպե՞ս մեկնաբանել հանգամանքը, որ 90-ականներից փոխզիջումների կողմնակից Սերժ Սարգսյանը 1998թ. ներպալատական հեղաշրջման օրերին հայտնվեց նախագահին հրաժարական պարտադրած «իշխանության հայտնի մարմինների» թվում։

Բացի այդ, մինչև նախագահի հրաժարականը՝ 1998թ. հունվարի 8-ին տեղի ունեցած ԱԽ նիստում Սերժ Սարգսյանը երկու պնդում էր արել. «Ղարաբաղյան կարգավորման պրոցեսում պետք է վարել ակտիվ սառեցման քաղաքականություն» (սա՝ Վազգեն Սարգսյանի հետ միասին) և «Փուլային տարբերակը կարող է մեծացնել պատերազմի վտանգը։ Նոր դիրքերը մեզ համար դժվար կլինի ամրացնել»։ 

Պատմությունը ցույց տվեց, որ ԼՂ խնդրում հայկական կողմի համար ամենաիդեալական տարբերակը հենց փուլայինն էր, որտեղ ոչ միայն որևէ խոսք չկար Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, այլև ԼՂ համար ապահովում էր փաստացի անկախություն, քանի որ միջազգային հանրությունը ճանաչում էր վերջինիս չճանաչված կարգավիճակը։ Բացի այդ՝ փուլային տարբերակին համաձայն էր նաև Ադրբեջանը։

Բայց վերադառնանք Սերժ Սարգսյանի հայտարարություններին. և ուրեմն, ինչպե՞ս պատահեց, որ նա 1998թ. դեմ դուրս եկավ փոխզիջումային ամենահավասարակշռված տարբերակին։ Ավելի՞ն էր ակնկալում, թե՞, այնուամենայնիվ, ինչպես վկայում են նրա հայտարարությունները, կողմնակից էր սառեցման, ըստ այդմ՝ խնդիրը չլուծելու քաղաքականությանը։

Կամ ինչպե՞ս կարող է փոխզիջումների կողմնակից լինել մարդ, որի նախագահության 10 տարիներին եղել է բացառապես «ոչմիթիզականության» պրոպագանդա, հետևաբար, հասարակության մեջ այդ գաղափարների արմատականացում, ԼՂ խնդրի մասին պատկերացումների խեղաթյուրում։ Այլապես ինչպե՞ս բացատրել այն հանգամանքը, որ արդեն Սերժ Սարգսյանի նախագահության օրոք Հայաստանում պաշտոնապես շրջանառության մեջ դրվեց «ազգ-բանակ» հայեցակարգը։ Սա դժվար կարելի է դիտարկել փոխզիջումների գնալու շրջանակներում։

Կամ ինչպե՞ս էր Սերժ Սարգսյանի ղեկավարած կուսակցությունը և՛ 2008թ. նախագահական ընտրությունների, և՛, արդեն, 2017թ. ԱԺ ընտրությունների նախընտրական ողջ քարոզարշավն ուղղել ՀԱԿ-ի ու առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ՝ ամեն կերպ մերժելով ու վարկաբեկելով ԼՂ խնդիրը փոխզիջումային ճանապարհով լուծելու առաջարկը։

Կամ ինչպե՞ս կարող էր փոխզիջումների կողմնակից նախագահը 2016թ., փոխզիջումների մասին խոսելիս, հայտարարել. «Մենք այս պայմաններում ապրում ենք արդեն 25 տարի: Այս պայմաններին մենք արդեն ընտելացել ենք և հարմարվել: Մեր առաջընթացի հնարավորությունները մենք այս խնդիրների լուծման հետ չենք կապում և չենք կապելու: Մենք պետք է համակերպվենք այն մտքին, որ Մարտակերտից և Մարտունուց դեպի արևելք և Գյումրուց ու Արմավիրից արևմուտք մենք որևէ իսկական գործընկեր չունենք: Մինչև հիմա ապրել ենք առանց նրանց՝ ապահովելով զարգացման ավելի կամ պակաս տեմպեր: Համարենք, որ այնտեղ անհատակ ու անանցանելի ճահիճ է»։

Նման օրինակներ կարելի է էլի բերել, և, ի վերջո, փաստն այն է, որ հենց այդ ոչմիթիզականության քաղաքականության շնորհիվ հնարավոր եղավ վիժեցնել ԼՂ խնդրի արժանապատիվ լուծումը։ Եվ ուրեմն, ինչպե՞ս կարելի է այդքանից հետո պնդել, թե Սերժ Սարգսյանը փոխզիջումների կողմնակից է եղել։ Միգուցե միջազգային խաղացողների հետ բանակցություններում համաձայնվել է, բայց փաստ է, որ հասարակության շրջանում նրա պաշտոնավարման 10 տարիներին ևս տարվեց ոչմիթիզականության քարոզ՝ աղճատելով ու վարկաբեկելով իրատեսական ցանկացած լուծում։

Այնպես որ, ամեն անգամ, երբ Սերժ Սարգսյանը խոսում է փոխզիջումների կողմնակից լինելու մասին, ոչինչ չի մնում, քան զարմանալ՝ ասելով. «Իյա, իրո՞ք»։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Պտտվիր, պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել

Radar Armenia

Տեղի ունեցածը ոչ սովորական իշխանափոխություն էր, ոչ էլ պարզունակ պալատական հեղաշրջում