Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրերս հայտարարել է իր հարցազրույցում, որ Ուկրաինայի հակահարձակումը ձախողվել է։ Ի վերջո, ամիսներ ու շաբաթներ տևած հակադարձումներից, հակադրություններից ու հերքումներից հետո Ուկրաինայի նախագահը ստիպված եղավ ընդունել կատարված փաստը՝ Ուկրաինայի այնքան բաղձալի հակահարձակումը փակուղում է։
Զելենսկին խոստովանել է, որ հրամանատարությունն ավելին էր սպասում ամռանը սկսված հակահարձակումից, սակայն արդյունքներն անբավարար են․ «Մենք ցանկանում էինք ավելի արագ արդյունքներ ունենալ: Այս տեսանկյունից, ցավոք սրտի, մենք ցանկալի արդյունքների չենք հասել, և սա փաստ է»,- ասել է Վլադիմիր Զելենսկին։ Նա հավելել է, որ ուրախ է, որ Ուկրաինայի զինված ուժերը չեն նահանջել «աշխարհի երկրորդ բանակի» դեմ կռվելիս։ Ուշադրություն դարձնենք ձևակերպման վրա․ ռուսական բանակը անվանվում է «աշխարհի երկրորդ բանակ»։ Եվ դա այն պարագայում, երբ նույն Զելենսկին դեռևս մեկ տարի առաջ՝ հոկտեմբերին, հպարտորեն հայտարարում էր․ «Ուկրաինայի ԶՈւ–ն ոչնչացնում է, այսպես կոչված, «աշխարհի երկրորդ բանակը»։
Ձևակերպումները, տվյալ պարագայում, առավել քան կարևոր են։ Բայց սրանք միայն այսբերգի երեսն են։ Նախահարձակը, եթե կարելի է այդպես լինել, Ուկրաինայի ԶՈւ հրամանատար Վալերի Զալուժնին էր՝ The Economist պարբերականի իր հոդվածում ընդունելով, որ Ուկրաինայի հակահարձակումը ձախողվել է, որ իրենք դիրքային պատերազմի մեջ են, և առանց դաշնակիցների՝ Ուկրաինան շոշափելի հաջողության չի կարողանա հաջողության հասնել։
Դրան էլ զուգահեռվեց Ուկրաինայի գերագույն ռադայի (խորհրդարան) պաշտպանության հանձնաժողովի նախագահ Մարյանա Բեզլուգայի «գրոհը» բանակի ռազմական ղեկավարության և անձնապես Զալուժնու դեմ։ Բեզլուգան նույնիսկ պետական գաղտնիք պարունակող հրապարակում արեց՝ նշելով, որ Ուկրաինայի ԶՈւ-ն պլանավորել է 2024թ.-ին ամեն ամիս զորակոչել 20.000 մարդ և մեղադրեց բանակին, որ նրանք ծրագիր չունեն․ «Ոչ մեծ, ոչ փոքր, ոչ ասիմետրիկ, ոչ սիմետրիկ»։
Նրա այդ գրոհը Զալուժնիի վրա քաղաքական «ռումբի պայթյունի» հետևանք ունեցավ։ Միևնույն ժամանակ, վերջին շաբաթներին Բեզուգլայան արդեն մի քանի գրառում էր արել՝ մեղադրելով Ուկրաինայի ԶՈւ ղեկավարությանը անարդյունավետության մեջ։ Եվ այդ ամենը՝ նախագահ Զելենսկու գրասենյակի և բարձրագույն ռազմական հրամանատարության միջև կոնֆլիկտի ահագնացող լուրերի, արևմտյան օգնության դանդաղման, ռուսական պաշտպանության կայունացման ու աշխարհի ուշադրության շեղման ֆոնին։ Ուկրաինայի բարձրագույն ղեկավարությունը դեռ չի դատապարտել Բեզուգայի հայտարարությունները, թեև իշխող «Ժողովրդի ծառա» իշխող կուսակցության բազմաթիվ պատգամավորներ դա արել են։
Համենայն դեպս, նախագահականի արձագանքը, ավելի ճիշտ՝ դրա բացակայությունը, հուշում են, որ Զելենսկու գրասենյակը առնվազն դեմ չէ կամ խնդիր չի տեսնում Բեզլուգայի հայտարարություններում։ Իհարկե, հարց է, թե որքանով է Զալուժնու հոդվածը տեղին եղել նախ քաղաքականապես․ ի վերջո, ԶՈւ հրամանատարը նախևառաջ ռազմական պաշտոն է և պետք է հեռու լինի քաղաքականությունից, որքան էլ խոսի ռազմական բառապաշարով։
Հաղթանակները հազար տեր ունեն, պարտությունները որբ են․ խոսքեր, որոնք միշտ հիշվում են այս իրավիճակում, իսկ իրավիճակը իսկապես ողբերգական է։ Պատերազմը փակուղային է, դիրքային մարտեր են գնում, սպառվել են թե՛ Ռուսաստանը՝ որպես հարձակվող, թե՛ Ուկրաինան՝ որպես պաշտպանվող։ Դիրքային պատերազմ է՝ անհասկանալի ելքով, խաղաղության բանակցությունների փոխադարձ մերժմամբ ու փոխադարձ մաքսիմալիզմով։
Զալուժնի-Զելենսկի դիմակայությունը սիմվոլիկ դիմակայություն է, պատերազմից հոգնած քաղաքացիական ու ռազմական իշխանությունների փոխհրաձգություն, փոխհրաձգություն՝ հակահարձակման ձախողման հույսերի փլուզման ֆոնին։
Պատերազմի երկրորդ տարվա ավարտին ուկրաինական վերնախավում նախկին միասնությունից նույնիսկ հետք չի մնացել։ Որքան շատ են ձգձգվում մարտերը, այնքան էլիտաները Կիևում մեղավորներ են փնտրում։ Սահմանաբաժանի ամենավտանգավոր գիծը քաղաքացիական և ռազմական իշխանությունների հակասություններն են, որոնք անձնավորված են նախագահ Վլադիմիր Զելենսկու և Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի կերպարներով։ Հակադրությունը ոչ թե այն էր, թե ով է ավելի շատ բան արել հաղթանակի համար, այլ այն, թե ով է ավելի մեծ պատասխանատվություն կրում նրա համար, որ Ուկրաինայի հակահարձակումը բեկումնային չեղավ։
Որքան էլ Զելենսկու գրասենյակն ու տարատեսակ պաշտոնյաներ փորձեն այդ ամենը ռուսական «դավադրություններին» վերագրել, փաստ է, որ խնդիրներ կան, և դրանք ոչ միայն չեն մարում, այլև ճյուղավորվում են։