Ուկրաինան այլևս առաջինը չէ համաշխարհային կոնֆլիկտների և համաշխարհային չարիքի դեմ պայքարի թատերաբեմում։ Զելենսկին և իր համերկրացիները ոչ միայն պետք է պայքարեն ռուսական ներխուժման և հրթիռակոծության դեմ, այլև ամեն ինչ անեն՝ մրցակցելու Իսրայելի և Պաղեստինի ժողովուրդների հետ՝ համաշխարհային հանրության գթությունը, օգնությունն ու ուշադրությունը կենտրոնացնելով իրենց վրա։
Օրերս Ուկրաինայի նախագահ Զելենսկին ուղղակիորեն խոսեց այդ թեմայով։ Զելենսկին Կիևում կայացած համատեղ մամուլի ասուլիսում իր մտահոգությունը հայտնեց Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին․ «Սա, իհարկե, հասկանալի է։ Պատերազմը Մերձավոր Արևելքում խլում է ուշադրությունը Ուկրաինայից: Կարծում եմ, որ դա Ռուսաստանի նպատակներից մեկն է՝ նվազեցնել Ուկրաինայի հանդեպ ուշադրությունը։ Դա փաստ է։ Սա տեսնում ենք՝ որպես հետևանք»,- ասաց Զելենսկին։
Իրանի կողմից հովանավորվող «Համաս» ահաբեկչական խմբավորման հարձակումը Իսրայելի վրա Ուկրաինային հասցված ամենաուժեղ հարվածն էր, և այն էլ՝ ոչ թե Ռուսաստանի, այլ նրա դաշնակից Իրանի կողմից՝ ամենաանսպասելի ու առանցքային պահին։ Իսկ պահը, ի դժբախտություն Ուկրաինայի, պարզապես ոսկերչական ճշգրտության համընկնումն է։
Եվրոպական որոշ երկրներ խուլ դիմադրություն ունեն ԵՄ կողմից Ուկրաինային տրվող միլիարդավոր եվրոյի ռազմական ու տնտեսական օգնության ծավալի նկատմամբ։ Դրան զուգահեռ, Ուկրաինայի զինված ուժերի հրամանատար Զալուժնին հոդված է հրապարակում The Economist թերթում, որտեղ խոսում է պատերազմական գործողությունների դիրքային իրավիճակի (իմա՝ փակուղի) մասին, անմիջապես չի ուշանում Զելենսկու արձագանքը, որ պատերազմում փակուղի չկա, և Ուկրաինայի բանակը շարունակում է առաջխաղացումը։
Բոլոր վերլուծական կենտրոնները (թե՛ արևմտյան, թե՛ արևելյան) ընդունել են, որ Ուկրաինայի՝ այս տարվա հակահարձակումը ձախողվել է, և պատկերը Ուկրաինայի համար ավելի անմխիթար է դառնում։ Դրան էլ ավելանում է ԱՄՆ Պենտագոնի հայտարարությունը որ Ուկրաինային հատկացված 95% օգնությունը սպառվել է, և եթե ԱՄՆ Կոնգրեսը նոր օգնության ֆինանսական փաթեթ չտրամադրի, օգնությունը կկրճատվի։
Ահա, այս ամենի ֆոնին, «Համաս»-ի հարձակումը Իսրայելի վրա երկրորդ ճակատ է՝ ընդդեմ Ուկրաինայի, կարելի է ասել՝ Իրանի նվերը Ռուսաստանին։ Մյուս կողմից, գրավիչ է կարծել, որ Ռուսաստան-Իրան դաշինքը որոշել է «մաշել» հավաքական Արևմուտքի ռեսուրսները՝ դրա մի մասը ուղղելով պաղեստինյան ճակատ և թուլացնելով Ուկրաինայի՝ «չարի առանցքի» դեմ պայքարողի դերը։
Հարկավ, ուկրաինական կողմն իր փաստարկներն ունի։ Նախ, Ուկրաինայի դեմ կռվող Ռուսաստանը նույնիսկ համադրելի չէ Իսրայելի դեմ կռվող «Համաս»-ի և նրա դաշնակից Իրանի հետ։ Երկրորդ, Իսրայելը, ընդհակառակն, կռվում է կիսառազմական, ահաբեկչական կազմակերպության դեմ, որը երբեք չի կարող կործանել Իսրայելի պետականությունը, ինչպիսի վտանգ առկա է Ուկրաինայի պարագայում։
Բայց դրանք, թերևս, Ուկրաինական դիտանկյան տրամաբանությունն են։ Վստահաբար, Իսրայելում այդպես չեն կարծում և պատրաստ չեն ԱՄՆ պոտենցիալ օգնությունից մասնաբաժին տրամադրել Ուկրաինային՝ աչքաթող անելով սեփական կարիքները։ Այս մտայնությունն են կիսում նաև ԱՄՆ Կոնգրեսի հանրապետականները։
Որոշ փորձագետներ մատնանշում են ամերիկյան հասարակության շրջանում պատերազմից հոգնածության սինդրոմը: Եթե Ուկրաինայում պատերազմը ձգվում է արդեն 2 տարի և հայտնվել է թվացյալ փակուղում, ապա Իսրայել-«Համաս» պատերազմը նորություն է և գրավիչ՝ իր յուրատեսակ «թարմությամբ»։ Ավելին, ԱՄՆ համար Իսրայելը տարածաշրջանի թիվ 1 դաշնակիցն է, և շատ ավելի վտանգավոր է դանդաղեցնել կամ ուշացնել նրա օգնությունը, քան մտածել Ուկրաինա-Իսրայել համաժամանակյա օգնության մասին։ Իզուր չէ, որ ԱՄՆ ռազմանավերը, կործանիչներն ու, նույնիսկ, ատոմային սուզանավը կայծակնային արագությամբ հայտնվեցին Միջերկրական ծովի իսրայելական ափին և Պարսից ծոցում՝ հասկացնելով Իրանին, որ ԱՄՆ–ն միայնակ չի թողնի իր դաշնակցին և, ավելին, չի վախենում կոնֆլիկտի խորացումից։ Ուժային զսպման այս մեթոդն, անկասկած, իր արդյունքները տվեց՝ անմիջապես սառեցնելով պատերազմական հռետորաբանությունը թե՛ «Համաս»-ի, թե՛ լիբանանյան «Հեզբոլլահ»–ի շրջանում։
Ամփոփելով․ 2024թ․ նախագահական մրցավազքը թեժանում է ու սարերի ետևում չէ, և հարցումները ցույց են տալիս, որ Բայդենն ու Թրամփն ուս–ուսի տված են ընթանում: Այս համատեքստում, օտարերկրյա օգնության թեման կլինի էլեկտորատի հետ աշխատանքի առանցքային կետերից մեկը, իսկ էլեկտորատի համար նախ պատերազմից հոգնածություն է առանցքային, ապա նաև՝ Իսրայելն ու Ուկրաինան նույն կարգավիճակը չունեն թե՛ ԱՄՆ իշխանության, թե՛ ընտրողների համար, իսկ դա Զելենսկու և Ուկրաինայի մղձավանջային փակուղին է։