Վերլուծություն

Ընդդիմությունը ջանքերը կենտրոնացրել է... պատգամավորական մանդատի ամրագրման վրա

Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը դարձավ ՀՀ ԱԺ պատգամավոր՝ միաժամանակ օրենքի ուժով ազատ արձակվելով կալանքից։ 

Հիշեցնենք՝ նախկին նախագահի որդին մեղադրվում է ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, թեև պաշտպանական կողմը պնդում է, որ ոստիկաններն են բերման ենթարկելիս մեքենայի մեջ ծեծի ենթարկել Քոչարյանին։

Լևոն Քոչարյանին պատգամավորական մանդատը բաժին հասավ այն բանից հետո, երբ մանդատից հրաժարվեց Արմեն Չարչյանը՝ վերադառնալով «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրենի աշխատանքին, իսկ այնուհետև «Հայաստան» դաշինքի երեք թեկնածու ինքնաբացարկի դիմում ներկայացրեց ԿԸՀ (թեև, նրանցից ոմանք ավելի վաղ հայտարարել էին մանդատը վերցնելու մասին)։ 

Բայց հասկանալի է, որ այդ «օպերացիան» կազմակերպվեց հենց կրտսեր Քոչարյանին ազատ արձակելու համար։ Սա՝ չնայած այն բանին, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն ու իրենք՝ թեկնածուները, հակառակն են պնդում, անգամ կալանավայրից դուրս գալուց հետո Քոչարյանն ինքն է ասում, թե այս ամենն անակնկալ է եղել։ Այլ բան, իհարկե, նրանք դժվար հայտարարեին։ Հազիվ թե տիտղոսային ընդդիմադիրներն իրենց մեջ քաջություն ունենան՝ իրերն իրենց անուններով կոչելու և խոստովանելու, որ այս օպերացիան կազմակերպվել է Լևոն Քոչարյանի ազատ արձակման համար։

Բայց այս ողջ պատմության մեջ հետաքրքիր է մեկ այլ հանգամանք. եթե հիշում եք, կրտսեր Քոչարյանը ձերբակալվեց սեպտեմբերին՝ ԼՂ լուծարմանը հաջորդած բողոքի ցույցերի ժամանակ։ Ընդդիմադիրները՝ «Ազգային կոմիտեի» գլխավորությամբ, «Արցախի փրկության» հերթական կարգախոսի ներքո մի քանի օր փողոց դուրս եկան, բայց շատ արագ հայտարարվեց հանրահավաքները դադարեցնելու մասին։ Իսկ որոշ ժամանակ անց նույն «Ազգային կոմիտեն» հայտարարեց վերակազմակերպման մասին։ Էլ չենք ասում, որ սեպտեմբերի 25-ից հետո ընդդիմադիրները քաղաքական գործընթացներ այդպես էլ չեն գեներացրել։ Ընդհակառակը, «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանգիստ շարունակում են աշխատանքը խորհրդարանում՝ օգտվելով պատգամավորական մանդատի ծանր բեռից և, դրա տակ թաքնված բարիքներից՝ աշխատավարձ, պարգևավճար, գործուղման անվան տակ ճամփորդություններ և այսպես շարունակ։ 

Մի քանի օրով «Ազգային կոմիտեի» ղեկավարի հայտ ներկայացրած Վազգեն Մանուկյանն էլ օրերս հայտարարեց այդ կառույցի լուծարման մասին՝ խոստովանելով, որ չկարողացան ներգրավել տարբեր հոսանքների ներկայացուցիչների, և կոմիտեն չներկայացրեց ողջ ընդդիմադիր դաշտը, ուստի ինքն առաջարկում է, որ գործող կոմիտեն լիազորությունները վայր դնի, և խորհուրդը քվեարկության միջոցով ձևավորի նոր գործադիր մարմին։

Այս իրավիճակում, երբ տիտղոսակիր ընդդիմությունը քայլերի չի դիմում ու փոխարենը վայելում է իր կարգավիճակը, ինչո՞ւ պետք է Քոչարյանը մնա անազատության մեջ ու չօգտվի պատգամավոր դառնալու ու դրա շնորհիվ կալանավայրից դուրս գալու հնարավորությունից, առավել ևս, երբ քաղաքական ուժը, որի շարքերում նա դարձել է պատգամավոր, հայրն է ստեղծել։ 

Լևոն Քոչարյանի՝ ԼՂ համար պայքարն էլ, ստացվում է, ավարտվեց պատգամավորական մանդատ վաստակելով ու կրկին ազատության մեջ հայտնվելով, և նախկին նախագահի որդին ևս համալրեց, Ռոբերտ Քոչարյանի «չսիրած»՝ «շարքային ընդդիմադիրների» շարքերը։ Իհարկե, այլևս անձեռնմխելի Քոչարյանը հիմա ԱԺ ամբիոնից ելույթներ կունենա, անգամ՝ կհոխորտա, և ամեն ինչ այսքանով կավարտվի։ Ճիշտ այնպես, ինչպես վաղուց ավարտվել է ընդդիմադիրների պայքարը։ 

Քաղաքական դաշտում այսօր շատ մեծ վակուում է առաջացել, որը նաև արտախորհրդարանական ուժերը չեն շտապում լցնել։