Ընդդիմադիր դաշտն առաջնորդելու հայտ ներկայացրած «Ազգային կոմիտեն», դեռ չստեղծված, արագ անհետացավ ասպարեզից։
Նրանք հասցրին ԼՂ-ին պատուհասած իրադարձություններից հետո մի քանի հանրահավաք անել, անգամ փողոցներ փակել ու քաղաքացիական անհնազանդության դրսևորումներ բեմադրել․ և այդքանով ամեն ինչ ավարտվեց։
Բեմից չհնչեց ոչ մի քաղաքական խոսք, հետագայի հետ կապված ոչ մի գործողության հստակ պլան։ Տպավորություն էր, որ մի քանի օր անցկացրած հանրահավաքները Ղարաբաղի շուրջ կատարված իրադարձությունների շոկից հետո գոլորշի բաց թողնելու համար էին, ուրիշ ոչինչ։
Հետո «Ազգային կոմիտեի» անդամները՝ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, հանդիպում էին կազմակերպել, հետագա քայլերը քննարկել, անգամ խոսել կոմիտեի վերակազմակերպման ու ընդդիմադիր շարժման նոր ձևաչափի սահմանման մասին։ Դատելով հասարակական-քաղաքական շրջանակների արձագանքներից, ավելի ճիշտ՝ դրանց բացակայությունից, նրանց քայլերն այլևս հետաքրքրություն չեն առաջացնում։ Պատճառների մասին քաղաքագետներն ու հասարակագետները կխոսեն։
Բայց մինչ այդ, թերևս, հետաքրքիր էին «Ազգային կոմիտեն» ղեկավարելու հայտ ներկայացրած Վազգեն Մանուկյանի հայտարարությունները։ Որքան էլ դրանք լայն հանրային տարածում չստացան, բայց և ուշադրության արժանի են իրենց վտանգավորությամբ, հետևաբար, պետք է խորապես մերժել նման առաջարկներն ու դրանց հեղինակներին։
«Խնդիր 1՝ վերադարձնել արցախահայությանը Արցախ, որտեղ բնակչությունը պետք է գտնվի ՄԱԿ-ի մանդատով միջազգային ուժի պաշտպանության տակ: Վերականգնել Մինսկի խմբի աշխատանքները՝ որոշելու Արցախի կարգավիճակը: Մինչ այդ Արցախը չի ենթարկվելու Ադրբեջանի օրենքներին, այլ ապրելու է ինքնուրույն կյանքով: Մենք ամեն ինչ անելու ենք, որ հասնենք դրան»,- ասել է Վազգեն Մանուկյանը։
«Համաշխարհային ազգի» գաղափարախոսության ռահվիրայի կողմից նման մտքեր հնչեցնելը, թերևս, սպասելի է։ Բայց, հաշվի առնելով ռեալ իրողությունները, ինչպե՞ս է Մանուկյանը պատկերացնում բնակիչների վերադարձը ԼՂ, ավելին՝ չենթարկելով Ադրբեջանի օրենքներին։ Համաձայնվեք՝ նման հեռանկարն առավել քան անիրականանալի է, իսկ եթե ինչ-որ հրաշքով արցախահայերի վերադարձի հնարավորություն ստեղծվի, այնուամենայնիվ, ադրբեջանական օրենքներին չենթարկվելը հղի է նրանց ֆիզիկական ոչնչացմամբ կամ, առնվազն, բռնաճնշումների ենթարկելու վտանգավոր հեռանկարով։ Այս խոսքերը հիշեցնում է 1997թ․ աշնանը Երևանի Կինոյի տանը տեղի ունեցած հայտնի հավաքը, որի մասնակիցները դեմ դուրս եկան ԼՂ խնդրի կարգավորման փոխզիջումային տարբերակին, և 2020-23թթ․ տեղի ունեցած աղետի նախահիմքերը հենց այնտեղ են։
Բայց Վազգեն Մանուկյանի առաջադրած հաջորդ խնդիրն իր էությամբ ոչ միայն տասնապատիկ վտանգավոր է, այլև՝ հրեշավոր․
«Պետք է ստեղծել համահայկական ճակատ… Դրանով պետք է զբաղվել անհապաղ։
Եթե պատերազմ սկսվի, մենք ունե՞նք դաշնակիցներ։ Ոչ, չունենք, մենք ունենք պոտենցիալ դաշնակիցներ…
Ճակատ ստեղծելու հետ մեկտեղ հայ ժողովուրդը պետք է հայտարարի, որ պատրաստ է մինչև վերջ պայքարել իր հայրենիքի համար։ Պատերազմել, պայքարել մինչև վերջ, ոչ թե անընդհատ խուսափել պատերազմի մասին խոսելուց... Հենց մենք ցույց տանք մեր կամքը, մեր վճռականությունը, մենք կունենանք բազմաթիվ դաշնակիցներ»։
Ուշադրություն դարձրեք նրա հայտարարությանը. մի կողմից Մանուկյանն ընդունում է, որ Ադրբեջանի հետ պատերազմ սկսվելու դեպքում Հայաստանը չունի դաշնակիցներ, բայց, չնայած այդ հանգամանքին, պետք է պատերազմի, «պայքարի մինչև վերջ»։
Պոտենցիալ դաշնակիցների մասին նրա պնդումներին չենք անդրադառնում թեկուզ այն պատճառով, որ նաև 44-օրյա պատերազմը եկավ ապացուցելու․ չնայած բանակի ու կամավորականների պայքարին, «պոտենցիալ դաշնակիցներն» այդպես էլ չհայտնվեցին, որևէ երկրից կոնկրետ առարկայական լուրջ աջակցություն չեղավ, ու միջազգային հանրությունը բավարարվեց միայն դատարկ կոչերով, մտահոգություններով ու դատապարտումներով։ Եվ ուրեմն, ինչպիսի հոգեկերտվածքի տեր պետք է լինի մարդ, որ նման պայմաններում, այս բոլոր իրողությունները գիտակցելով, հանրությանը կոչ անի պարզապես գնալ «մահվան բերան»։ Համաձայնվեք՝ անմարդկային է։ Այլոց կյանքի հաշվին հերոս ձևանալը որքան էլ տարածված է եղել հայերի շրջանում, բայց վայել չէ քաղաքական գործչին, առավել ևս, երբ վերջինս զբաղեցրել է վարչապետի (ավելի ճիշտ՝ մինիստրների խորհրդի նախագահի) պաշտոնը։
Կյանքը ցույց տվեց, որ Վազգեն Մանուկյանի համար մարդիկ ընդամենը «թնդանոթի միս են», որոնց կարելի է զոհաբերել հանուն սեփական նեղ շահերի։ Չե՞ք հավատում․ հիշեք 1996թ. սեպտեմբերյան դեպքերը, ինչպես սադրեց, տարավ բախման, այսպիսով երկրին հասցնելով այնպիսի ցավոտ հարված, որից մինչև հիմա պետությունն ուշքի չի եկել։
Իսկ իմաստ ունի՞ անդրադառնալ նրա մտքի մյուս փայլատակումներին՝ «Հայաստանում և Սփյուռքում պետք է լինի ազգային, ռազմահայրենասիրական հոսանք», որ որպես կենաց լավ է հնչում, բայց միայն այդքանը։
Բայց Վազգեն Մանուկյանն այս ամենը չի ասում որպես կենաց. նա փորձում է կրկին ժողովրդին տանել արկածախնդրության։
Հ.Գ. Այս ողջ պատմության մեջ միակ մխիթարանքն այն է, որ Վազգեն Մանուկյանին այդպես էլ չհաջողվեց հայտնվել իշխանության ղեկին։ Թեև՝ ընդդիմության առաջնորդի դերում 1996թ. նրա տված վնասների հետևանքներն էլ պակաս ցավոտ չէին, ու առ այսօր զգում ենք այն։