Վերլուծություն

Որո՞նք են իսրայելա-պաղեստինյան ներկայիս պատերազմի պատճառները

Երբ օրերս ծայրահեղական իսլամիստական «Համաս» պաղեստինյան խմբավորումը անսպասելի, ցնցող բայց և միաժամանակ տպավորիչ հարձակում սկսեց Իսրայելի դեմ, այն սառը ցնցուղ դարձավ թե՛ Իսրայելի, թե՛ տարածաշրջանի ու միջազգային խաղացողների համար։ Առաջին իսկ վայրկյաններից հասկանալի դարձավ, որ այս պատերազմը կարճատև չի լինի, նախկին ստատուս քվոն այլևս չկա, և սարերի հետևում չեն տարածաշրջանային նոր վերադասավորումները, որոնք իրերի ներկայիս ընթացքի պարագայում կարող են վերջ դնել պաղեստինցիների՝ ինքնավար պետություն ունենալու նկրտումներին, փլուզել Իրանի տարածաշրջանային հավակնություններն ու միաժամանակ շարժառիթ և քարտ–բլանշ տալ հրեական պետությանը՝ վերջնականապես լուծել «Պաղեստինի հարցը»։  

Շաբաթ օրվա իրադարձությունները միաժամանակ փլուզեցին անպարտելի ու գերպաշտպանված Իսրայելի ու նրա բանակի միֆը՝ անպատմելի վնաս հասցնելով Իսրայելի միջազգային վարկին ու բանակի հեղինակությանը։  

Այս ներխուժումը համընկավ Իսրայել-Սաուդյան Արաբիա բանակցությունների հետ, որին այնքան նախանձախնդրորեն և մանրակրկիտ միջնորդում էր ԱՄՆ-ն՝ փորձելով բալանսավորել Չինաստանի՝ Իրան-Սաուդյան Արաբիա հաշտեցման պակտը և դուրս բերել Իսրայելը Իրան-Սաուդյան Արաբիա վտանգավոր եռանկյունուց։ Պայմանն էլ պարզ էր՝ պաշտոնական Էր-Ռիադը բարելավում և բարիդրացիական հարաբերություններ է հաստատում Թել-Ավիվի հետ, դրա դիմաց ԱՄՆ–ն վերականգնում է ռազմական և պաշտպանական համագործակցության պայմանագրերը Սաուդյան Արաբիայի հետ, որը խաթարվել էր Ստամբուլում սաուդյան դեսպանատանը ընդդիմադիր սաուդցի լրագրող Խաշոգջիի սպանությունից հետո։ 

«Նորմալացման այն բոլոր համաձայնագրերը, որ դուք (արաբական երկրները) ստորագրել եք Իսրայելի հետ, չեն ավարտի այս հակամարտությունը» - հայտարարեց Գազայի հատվածը ղեկավարող «Համաս»-ի առաջնորդներից՝ Իսմայիլ Հանիեն, Al Jazeera հեռուստաալիքի եթերում: 

Սա, անկասկած, ուղերձ էր նախ և առաջ Սաուդյան Արաբիային, որը փոքր քայլերով գնում էր Իսրայելի հետ հարաբերությունների բարելավմանը, և նախազգուշացում ԱՄՆ-ին, որն աջակցում էր կարգավորմանը։ Սա նաև կոչ էր տարածաշրջանի խաղացողներին, որ ոչ մի անվտանգություն ու կայունություն տարածաշրջանում չի լինի, քանի դեռ Պաղեստինն ու «Համաս»-ը դուրս են այդ հավասարումներից։ 

Արձագանքը ԱՄՆ-ից չուշացավ․ ժամեր անց ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքերը հայտարարեց, որ «Համաս»-ի հարձակումը կապված չէ նրա հետ, որ Արևմուտքը կենտրոնացած է Ուկրաինայի վրա․ «Ոչ, ես դա չեմ տեսնում, բայց մի բան պարզ է. մենք ակտիվորեն օգնում ենք Իսրայելին և Սաուդյան Արաբիային՝ կարգավորել իրենց հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս ընդլայնել Իսրայելի հարաբերությունները շատ այլ երկրների հետ: Շատ ծանր աշխատանք է, և պարզ չէ՝ մենք կարո՞ղ ենք հասնել դրան: Բայց եթե կարողանայինք, դա իսկապես կփոխեր ողջ տարածաշրջանի հեռանկարներն ապագայում»,- հայտարարեց Բլինքենը: 

Լիբանանում գտնվող «Համաս»-ի առաջնորդներից՝ Ուսամա Համդան էլ, իր հերթին, Reuters-ին հայտարարեց, որ «Համաս»-ի գործողությունը պետք է արաբական երկրներին հասկացնեն, որ Իսրայելի անվտանգության պահանջների ընդունումը խաղաղություն չի բերի տարածաշրջանում։ 

Ակնարկն, իհարկե, աներկբայորեն ուղղված էր Սաուդյան Արաբիային և նրա՝ Իսրայելի հետ մերձեցման ջանքերին։ Շաբաթ օրը տեղի ունեցած հարձակումներին ի պատասխան՝ Սաուդյան Արաբիան կոչ էր արել «անհապաղ դադարեցնել բռնությունը» երկու կողմերի միջև:

Մինչդեռ Իրանը չի թաքցնում, որ աջակցում է «Համաս»-ին, ֆինանսավորում և զինում է խմբավորումը և պաղեստինյան մեկ այլ՝ «Իսլամական ջիհադ» կազմակերպությանը: 

Թեհրանը շաբաթ օրվա հարձակումն անվանել էր պաղեստինցիների ինքնապաշտպանության ակտ և արդարության վերականգնում։ 

Պաղեստինյան խմբավորումներին Իրանի աջակցությունը ավելի լայն՝ Մերձավոր Արևելքում Իրանի ներկայության մի մասն է, որտեղ պաշտոնական Թեհրանն ամրապնդում է իր ներկայությունը՝ ազդեցության ծիրում պահելով Լիբանանի, Սիրիայի, Իրաքի, Եմենի և Գազայի հատվածի տարատեսակ կիսառազմական խմբավորումների և անջատողականների։

Իրանն արդեն անցյալ շաբաթ ազդանշան էր ուղարկել, որ Սաուդյան Արաբիայի գործարքը Իսրայելի հետ կհարվածի Էր–Ռիադի հարաբերություններին Թեհրանի հետ, երբ Եմենի՝ Իրանի կողմից աջակցվող հութի խմբավորումը  Սաուդյան Արաբիայի և Եմենի սահմանային բախման ժամանակ սպանեց չորս բահրեյնցի զինվորի: 

Այդ հարձակումը վտանգի տակ դրեց Եմենի ութնամյա հակամարտությանը վերջ տալու խաղաղ բանակցությունները: Այս ամենն, իհարկե, Իրանի շահերի շրջանակներում արված քայլեր են, որոնք ուղղված են տորպեդահարելու ԱՄՆ-Սաուդյան Արաբիա-Իսրայել եռյակ բանակցությունները և ԱՄՆ-Իսրայել դաշինքի նոր հաղթանակը տարածաշրջանում։